Աննա Հակոբյանը 11.000 դասալիքի մասին էր մեծ-մեծ խոսում, քո տղեն որերո՞րդ դասալիքն է, նա թիվ մեկ դասալիքն է. Վահիդ Սահակյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Դրանից հետո զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ սկսեցին Երևանի փողոցներում, որը շարունակվում է:

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, շեշտել է՝ Աշոտ Փաշինյանը Գայանե Հակոբյանի մեքենան նստել է ինքնակամ:

«Մեքենան վարելով՝ Գայանեն ի՞նչ պիտի ասեր 25 տարեկան վախկոտ երիտասարդին, որին հայրը որպես ռեմբո էր ներկայացնում ամբողջ հայությանը, թե գնացել է Ջաբրայիլն ազատագրելու, թե իբր գնացել է փախչող տղաներին վերադարձնելու: Եվ հիմա այդ վախկոտ տղան, այդ Աշոտիկը միանգամից իրեն մեքենայից նետում է ցած: Ահա այս դրվագի համար այսօր կալանավորել են Գայանեին»,- նշել է զոհված զինծառայողի հայրը և հիշեցրել Աննա Հակոբյանի՝ 11.000 դասալիքի մասին պնդումը:

«Մերը 11.000 դասալիքի մասին էր մեծ-մեծ խոսում: Քո տղեն որերո՞րդ դասալիքն է: Ես կասեի՝ թիվ մեկ դասալիքն Աշոտիկն է եղել, և հենց Աշոտիկի և նրա նման մի քանիսի պատճառով մենք ունեցել ենք հազարավոր զոհեր ու հայրենիք ենք կորցրել: Սա է Փաշինյանների ամբողջ կենսագրությունը: Կրկնում եմ՝ թիվ մեկ դասալիքն Աշոտիկն է: Ամոթ քեզ, Աշոտիկ»,- հայտարարել է Վահիդ Սահակյանը՝ հավելելով, որ մի օր Աշոտ Փաշինյանն իր արարքի համար պատասխան է տալու և հայտնվելու է այնտեղ, որտեղ հերոսածին մայրերին շատ են հարգում, բայց իրեն օր և արև չեն տալու:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ընթացքում Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կամավոր, զինվորական և այլն:

168.am-ն այս համատեքստում բաց փաստերի հիման վրա ներկայացրել էր, թե երբ և որտեղ է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանը, ինչ զարգացումներ են եղել իշխանական շրջանակներից նրա շուրջ:

Իսկ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն 168.amի հարցումներին ի պատասխան, ըստ էության, չէին հաստատել Աննա Հակոբյանի ադրբեջանական թեզը:

«Միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս), զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մաս) և դասալքության (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մաս), դրանց հետ համակցությամբ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ, որոնք առնչվում են շուրջ 10690 անձի։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի վերոնշյալ երեք հոդվածներով և դրանց հետ համակցությամբ այլ հոդվածներով քննված քրեական վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 756 անձի նկատմամբ։

Նշված հոդվածներով հարուցված 225 վարույթի նախաքննությունը շարունակվում է280 քրեական վարույթ կարճելու մասին որոշումներ են կայացվել։

Նշված երեք հոդվածներով հարուցված 118 վարույթ՝ 143 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ»,- մասնավորապես, 168.am-ին հայտնել էին ՔԿ-ից:

Ի դեպ, մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում էլ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 11.000 դասալիքների լինել-չլինելու հետ կապված ասել էր.

«Եթե ես բժիշկ չեմ, ես բժշկությունից չպետք է խոսեմ, եթե ես քաղաքական գործիչ չեմ, ես այդ քաղաքական երևույթների մեջ իմ վերաբերմունքը կամ դրսևորումները չպետք է ունենամ։ Մարդը, եթե ունի մի փոքր բարոյականություն, այն հարցերը, որոնք իրեն չեն վերաբերում, քիթը չպետք է խոթի դրանց մեջ: Իրականում մասսայական դասալքություն եղել է, բայց պետության վարած քաղաքականությունից, քանի որ համապատասխան քայլեր այդ ուղղությամբ չի իրականացվել, դա Զինված ուժերի խնդիրը չի եղել»:

Տեսանյութեր

Լրահոս