Իռլանդիայում ներկայացվել են Հայաստանում Արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները
ՀՀ ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ, Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմի (ARM EMT) ղեկավար Արմեն Մելքոնյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ավետիս Ավետիսյանը մասնակցել են Իռլանդիայում «Աղետների և անհետաձգելի բուժօգնության համաշխարհային միության (WADEM) կազմակերպած «Աղետների և արտակարգ իրավիճակների բժշկության 22-րդ համաժողովին»:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Միջոցառումը համախմբել է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ոլորտի փորձագետների ամբողջ աշխարհից՝ կիսվելու աղետների բժշկության, արտակարգ իրավիճակների կառավարման և բարդ հումանիտար ճգնաժամերի շրջանակում կուտակած լավագույն փորձով և գիտելիքներով:
Նիստին Արմեն Մելքոնյանը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Հայաստանում ներկայում ձևավորման փուլում գտնվող Արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները:
«Համավարակն ու բնական աղետների սրումը` մի կողմից, պատերազմներն ու ռազմական գործողությունները` մյուս կողմից, ցույց տվեցին, որ մեր օրերում աղետներին դիմակայելու պատրաստվածությունն ավելի ու ավելի է կարևորվում, որտեղ համաշխարհային համերաշխությունը կարելի է համարել որպես մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներին դիմակայելու հիմնաքարերից մեկը:
Գիտակցելով երկրում արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու կարևորությունն ու դերը՝ Առողջապահության նախարարությունը ձեռնարկել է միջազգային որակավորում ունեցող արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու նախաձեռնություն, որը կնպաստի առաջնահերթ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և, ըստ անհրաժեշտության, միջազգային հարթակում մարդասիրական առաքելությունների ժամանակ աղետների և արտակարգ իրավիճակների ռիսկերի հնարավոր կրճատմանը»,-ասել է Մելքոնյանը:
Հանդիպման երկրորդ և երրորդ օրերին հայկական պատվիրակության անդամները, ընդգծելով ոլորտի մարտահրավերներին դիմակայունության տեսանկյունից համախմբվածության կարևորությունը, երկկողմ ձևաչափով հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի և այլ երկրների պատվիրակությունների հետ, քննարկել են աղետների բժշկության, արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահության ոլորտի գործուն դերակատարությանն առնչվող տարաբնույթ հարցեր:
Տարբեր երկրների Արագ արձագանքման բժշկական թիմերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համատեղ օրակարգի ձևավորմամբ և համագործակցության ճանապարհային քարտեզի մշակմամբ ոլորտում ակտիվացնել և խորացնել փոխշփումները:
Համաժողովին ներկա են եղել նաև հայտնի համալսարաններում աղետների բժշկության և արտակարգ իրավիճակների բնագավառում անվանի պրոֆեսորներ, փորձագետներ, որոնց հետ ծավալվեցին ոլորտի զարգացմանը միտված քննարկումներ:
«Անկախ նրանից` ինչպիսի արտակարգ իրավիճակում կհայտնվեն երկրները, մի բան հաստատ է՝ մերօրյա խիստ փոխկապակցված աշխարհում ոչ մի երկիր չի կարող միայնակ գլոբալ լուծում տալ և դիմակայել առկա մարտահրավերներին»,- հանդիպումներից մեկի ժամանակ նշել է Արմեն Մելքոնյանը: