Մոսկվայից ինքնաթիռը 4 տարվա ընթացքում առաջին անգամ վայրէջք է կատարել Թբիլիսիում
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել Մոսկվայից Թբիլիսի այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերացրել է երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքը։ Սա Ռուսաստանից Վրաստան առաջին ուղիղ չվերթն է չորս տարվա ընթացքում։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Միևնույն ժամանակ Թբիլիսիի օդանավակայանի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսման դեմ։
Այդ կապակցությամբ Վրաստանի ՆԳ նախարարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումներն օդանավակայանի հարակից տարածքում։ Ցուցարարներին թույլ չեն տալիս մուտք գործել օդանավակայանի ժամանման տերմինալ։ Նրանց ձեռքին Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներն են ու պաստառներ։
«Մենք ցույց կտանք, որ Վրաստանում ոչ ոք ուրախ չէ ռուսական ինքնաթիռների համար, և բողոքով են դիմավորում դրանք», – ասել է օդանավակայանի մերձակայքում ակցիայի կազմակերպիչներից մեկը` ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան։
Նա կողմնակիցներին հավաքել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող Հանրապետության հրապարակում, որտեղից նրանք ավտոշարասյունով ուղևորվել են օդանավակայան։ Օդանավակայանի մերձակայքում նրանց դիմավորել են Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության դեմ բողոքող այլ ցուցարարներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքը վերացնելու մասին հրամանագիրն ստորագրել է մայիսի 10-ին։ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ ողջունում են թռիչքների վերսկսումը, քանի որ դա օգուտ կբերի հարյուր հազարավոր Վրաստանից գաղթածների, որոնք ապրում են Ռուսաստանում և պարբերաբար այցելում են իրենց հայրենիք: