Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությո՞ւն, թե՞ իմիտացիա՝ ՌԴ-ին ՀՀ-ից դուրս մղելու նպատակով․ արևմտյան մամուլը՝ Ֆրանսիայից ՀՀ սպառազինության մատակարարումների մասին
Վերջին շաբաթների ընթացքում մի շարք արևմտյան ռեսուրսներ, իսկ օրերս՝ նաև ադրբեջանական ու իսրայելական որոշ աղբյուրներ, գրում են մոտ ապագայում Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումների մեկնարկի մասին։
Կողմերն այս մասին պաշտոնապես լռում են, սակայն մի շարք արևմտյան ռեսուրսներ կոնկրետ ծրագրեր են մատնանշում։
Մասնավորապես՝ մարտ ամսին Միջազգային անվտանգության ամերիկյան վերլուծական ռեսուրս Global Security Review-ն գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայանպաստ հռետորաբանությունը կարող է հանգեցնել հակաօդային պաշտպանության մասին համաձայնագրի, և այդ աղբյուրում նշվում էր Հայաստանին ֆրանսիական «Միստրալ» զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու հնարավորության մասին։
Intelligence Online պորտալը, որը նույնականացվում է Ֆրանսիայի հետախուզական ծառայությունների խոսափողի հետ, ապրիլի վերջին գրել էր, որ Փարիզը շուտով կարող է պաշտպանական կցորդ նշանակել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը։
Պարբերականը Փարիզի այդ որոշումը որակել էր՝ որպես «Հայաստանի հետ սեփական ռազմական կապ հաստատելու Ֆրանսիայի ցանկության արտահայտություն՝ դրանով վերջակետ դնելով ՀՀ-ի ռազմական բացառիկ հարաբերություններին Մոսկվայի հետ՝ և´ վստահության, և´ զենքի ձեռք բերման առումով»:
Intelligence Online-ը հիշեցրել էր, որ պաշտպանական կցորդի դերը Վրաստանից կատարում է գնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը, ով ապրիլի սկզբին մասնակցել էր Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ֆրանսիական գնումների գործակալության՝ DGA-ի պատվիրակության հանդիպմանը՝ Մարի-Ագնես Պիկարդ-Շեսելի գլխավորությամբ, որը ռուսական պաշտպանական շուկայի հետ աշխատելու փորձ ունի: Պարբերականը գրել էր նաև, որ հնարավոր նշանակումը համընկնում է Փարիզի ու Երևանի միջև Սպառազինությունների երկկողմ կոմիտեի վերականգնման հետ, մարմինը սահմանում է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական ծրագրերը և ֆրանսիական արտադրողներից հնարավոր ձեռքբերումները:
Իրանական «Յազեկո» լրատվական գործակալությունը ևս անդրադարձել էր տվյալ թեմային, նշելով, որ նոր ռազմական կցորդը կվերահսկի ֆրանսիական զենքի մատակարարումը Հայաստան, և, որ Հայաստան զենքի առաքման վերաբերյալ Փարիզի ռազմաքաղաքական որոշման հիմնական աջակցությունն անձամբ ցուցաբերել է նախագահ Էմանուել Մակրոնը:
Ապրիլի վերջին ՀՀ կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան իր տված հարցազրույցում նշել էր, թե ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում։
Թեման աննկատ չի անցել նաև ադրբեջանական մամուլում և տելեգրամյան ալիքներում: Նմանատիպ ալիքներից մեկն օրերս գրել էր՝ իբրև թե համառ խոստումներից հետո Ֆրանսիան որոշել է սկսել մահաբեր զենքի մատակարարումները Հայաստան, և այս մասին հաստատել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունից։ Ըստ այդ աղբյուրի, մոտ ապագայում կսկսվեն Ֆրանսիայից Հայաստան 50 զրահափոխադրիչների առաջին խմբաքանակի մատակարարումները:
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկություններին՝ նշեց, որ հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական համագործակցության մասին ակտիվորեն խոսվել է վերջին տարիներին, հատկապես՝ 2020 թվականի պատերազմից հետո, սակայն որևէ գործնական քայլ չի արվել այդ ուղղությամբ:
Սակայն, ըստ նրա, ներկայումս թե տեղեկատվական ակտիվությունը, թե ռազմական կցորդի նշանակման մասին խոսակցությունը պատահական չէ, քանի որ Երևանում Փարիզի ռազմական կցորդը, ենթադրվում է, որ պետք է որոշակի գործունեություն ծավալի, հաստատի կամ խորացնի այդ ոլորտում համագործակցությունը, ինչը լիովին տեղավորվում է թե Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի, թե այդ թվում Երևանի հռետորաբանության շրջանակում:
«Չեմ կարող ասել, թե դա որքանով հեռանկարային և խորը համագործակցություն կլինի, ինչ սպառազինություն կմատակարարվի Հայաստանին, որքանով ժամանակակից ու պիտանի կլինի այն, որքանով կլուծի խնդիր, բայց ՌԴ անվտանգային երաշխավորի դերի անընդհատ նսեմացումը, հայտարարությունները պաշտոնական մակարդակում, որ ՌԴ-ն, ՀԱՊԿ-ը չեն կատարում իրենց պարտավորությունները, որ ՀՀ-ն անվտանգային ճգնաժամի մեջ է հայտնվել, պատահական չեն, պատահական չեն ՀԱՊԿ դիտորդների տեղակայման առաջարկի, ՀԱՊԿ զորավարժությունների և ՀԱՊԿ-ում պաշտոնի մերժումները։
Իհարկե, ես չեմ հերքում, որ կա խնդիր թե ՌԴ-ի, թե ՀԱՊԿ-ի հետ, առավել ևս՝ հիմա, սակայն ՌԴ-ն ևս նշում է, որ այդ հարցերը հրապարակայնորեն չպետք է քննարկվեն, իսկ հրապարակային այդ մասին հայտարարելն ունի նպատակ, դա ուղերձ է թե ՌԴ-ին, թե ներքին լսարանին, թե Արևմուտքին։ ՀՀ-ից հայտարարում են բացահայտ նաև, որ անվտանգության նոր երաշխավորներ են փնտրում։
Ֆրանսիան ևս իր մի փոքր ավելի հայամետ դիրքավորմամբ Հայաստանին մոտեցնում է Արևմուտքին և որոշ քայլերով այս ոլորտում կարող է իմիտացիա ստեղծել, որ Ֆրանսիան ստանձնել է ՀՀ անվտանգությունը կամ լուծեց խնդիրները, իրականում, կարծում եմ՝ այս ամենի էֆեկտը լինելու է նույնը, ինչ եվրադիտորդների ներկայությունը ՀՀ-ում, որը ևս, ըստ որոշ տեղեկությունների, Մակրոնի գործունեության արդյունքում ձեռք բերվեց»,- ասաց վերլուծաբանը։
Նա այն կարծիքին է, որ Ֆրանսիայի հետ ռազմական և պաշտպանական ոլորտներում արդյունավետ, մտածված համագործակցության հիմնումը կարող է իսկապես բարձրացնել ՀՀ անվտանգությունը։
Սակայն, վերլուծաբանի կարծիքով, հարցն այն է, թե Հայաստանը որքանով է լուրջ ընկալվում Արևմուտքում, որքանով մեծ ռեսուրսներ են պատրաստվում ներդնել ՀՀ անվտանգային բացը լրացնելու գործի համար։ «Ավելի հակված եմ կարծել, որ այս խոսակցությունները և սկսվող ինչ-որ համագործակցությունը, գուցե հետագայում որոշ մատակարարումների նպատակը կրկին Հայաստանին Ռուսաստանից կտրելն է, բայց ոչ իրական հարցը տեղում լուծելը, ինչի ականատեսը դառնում ենք մի շարք այլ դրվագներով»,- ասաց մեր զրուցակիցը։