«Տեղեկությունները վկայում են, որ Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է առանցքային վեկտորներից մեկը»
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ խեղաթյուրում են իրական փաստերը…
Օրերս «Փաստերի ստուգման հարթակ»-ն անդրադարձել էր մի իրադարձության, որի ներկայիս վերհանումը բացառապես օրվա իշխանության թրքահպատակ քաղաքականության արդարացման մի չստացված հնարք էր։ Այլ կերպ ասած՝ FIP-ը մնաց «պրյոմի» տակ։
FIP-ն անդրադարձել է 2010 թվականին դեռևս ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենի և հայ լոբբիստներից մեկի՝ գաղտնի տեսաձայնագրված զրույցին։ Այնտեղ Բայդենն իր զրուցակցին հայտնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ վարչակարգին խնդրել է առկախել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ 2008 թվականին մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացին չվնասելու համար։ Հոդվածի ամփոփիչ հատվածում հետևություն է ներկայացվում, թե «Ցեղասպանության ճանաչման հարցն առկախելու՝ Սարգսյանին վերագրվող խնդրանքի մասին պնդումները մնում են չհաստատված, թեև ըստ վկայակոչվող տեսանյութի, Ջո Բայդենը նման տեղեկություն հայտնել է»:
Իր գործունեության ողջ ընթացքում գրեթե բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկած լրատվականն ակնհայտորեն իրակացնում է իշխանության պատվերը, ոչ թե ստուգելով փաստերն, այլ ուղղակիորեն այն խեղաթյուրելով։ Սա իրականացվում է մի շրջափուլում, երբ հայ-թուրքական, այսպես կոչված «հարաբերությունների» հարցը գտնվում է բավական տուրբուլենտ հանգրվանում։ Ցեղասպանության հարցը կասկածի տակ դրած քաղաքական ուժը փորձում է կախվել փրփուրներից և քվազիօրակարգեր ներմուծել մեդիատիրույթ։
Ասվածը պոպուլիզմ չորակելու և մեզ դեմագոգիայով զբաղվելու մեջ չմեղադրելու նպատակով ներկայացնենք թեմայի հետ կապված մի քանի մեջբերում, ինչը հերթական անգամ կփաստի, թե իրականում, որն է եղել պատճառը, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայաոց Ցեղասպանությունը։ Բավական հետաքրքիր է հատկապես ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիր» գրքի այս հատվածը․ «2009 թվականին Օբաման չճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որովհետև մեծապես կախված էր Թուրքիայից՝ Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցով»։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանթա Փաուերն այս առիթով իր գրառումներից մեկում ընդգծլ է․ «2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ-ն չճանաչեց ցեղասպանությունը, որովհետև կրկին կախված էր Թուրքիայից՝ ԻԳԻԼ-ի հետ բախումների հարցով»։ Այլ կերպ ասած ներկայացված փաստերը վկայում են, որ և 2009-ին և 2015-ին ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանոթւյան չճանաչելու հիմնական և միակ մեղավորը եղել է Թուրքիան։
Այն, որ փաշինյանական իշխանության հնգամյակը հայ իրականության մեջ մնալու է, որպես թուրքական շահերի սպասարակման ժամանակաշրջան կասկածից վեր է, սակայն, երբ «Փաստերի ստուգման հարթակ» անվանումն ունեցող լրատվականը օրը ցերեկով զբաղվում է փաստերը խեղաթյուրելու գործընթացով սա խոսում է այն մասին, թե ինչպիսի ողբերգական ժամանակենրում ենք մենք ապրում, երբ ամենանոր ժամանակաշրջանի պատմությունն ու գոյություն ունեցող իրական դրվագները փորձում են խեղաթյուրել և մատուցել սեփական քաղաքական ճաշակին համապատասխան՝ սպասարկելով հակահայ օրակարգ։
Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ իր կառավարման տարիներին Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել է։ Միայն 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստան կատարած պետական ու պաշտոնական այցերը ասվածի վառ օրինակն են։
Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ցեղասպանության տարելիցի միջոցառումները 2015-ին բավական երկար ժամանակ դարձել էին համաշխարհային իրադարձություն և միջազգային մամուլի էջերից չին իջնում։ 100-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել չորս երկրների ղեկավարներ, որից երկուսը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը։
Բացի այդ նույն ժամանակահատվածում հիմնադրվեց նաև «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը», որի առաջին միջոցառմանը մասնակցել են 60-ից ավելի երկրների խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակություն՝ մոտ 300 պատգամավորներ, այդ թվում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, գիտական մեծ շրջանակներ։
Եվ այսպես՝ 2010թ. մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն Ցեղասպանության ճանաչման հետ կապված որոշում ընդունեց, 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ընդունեց բանաձև, 2014 թվականի նոյեմբերի 27-ին Բոլիվիայի Սենատը և Պատգամավորների պալատն այս առիթով բանաձևեր ընդունեցին, 2015-ին ապրիլի 12-ին Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսը Ցեղասպանության վերաբերյալ Վատիկանում պատարագի ժամանակ հայտարարություն արեց, 2015 թվականի ապրիլի 14-ին Չիլիի Պատգամավորների պալատը ընդունեց բանաձև, 2015 թվականի ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, նույն օրը նման բանաձև ընդունեց նաև ԵԽ-ն, 2015 թվականի ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանը հայտարարություն ընդունեց իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ, 2015-ի ապրիլի 23-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը այս առիթով հայտարարություն արեց, 2015-ի ապրիլի 24-ին ՌԴ Պետդուման հայտարարություն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, 2015-ի մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն խորհրդարանն ընդունեց բանաձև, 2015-ի մայիսի 29-ին Բրազիլիայի Դաշնային սենատն այս առիթով բանաձև ընդունեց, 2015-ի հուլիսի 24-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև, 2015-ի հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը ընդունեց բանաձև, նույն 2015-ին ԵԺԿ-ն՝ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը ևս դատապարտող բանաձև է ընդունել, 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն բանաձև ընդունեց Ցեղասպանության ճանաչման առիթով, 2016 թվականի օգոստոսի 1-ին Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում Ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունվեց, 2016-ի հոկտեմբերի 14-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթն հաստատվեց Ֆրանսիայի Սենատի կողմից, իսկ 2017 ապրիլի 26-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև։
Ներկայացված տեղեկությունները վկայում են այն մասին, որ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը»։