Իշխանությունների նպատակն ընդդիմախոսներին լռեցնելն է, և էական չէ՝ ընդդիմախոսի դերում ով կլինի. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իշխանությունների պայքարը ոչ թե մեր խնդիրների հանգուցալուծման, Արցախի հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական կամ մնացած այլ հարցերի հետ է կապված, այլ՝ երկրում ընդդիմախոսներին լռեցնելու:
«Այդ պահին ընդդիմախոսի դերում կլինի զոհված հերոսի ծնող, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ թե լրագրող, լրատվամիջոց, նրանց համար որևէ կապ չունի: Նրանց գլխավոր նպատակն է՝ կանգնեցնել, դադարեցնել իրենց նկատմամբ հնչող քննադատությունը: Իսկ սա հատուկ է բռնապետական ռեժիմներին»,- շեշտել է պատգամավորը:
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպին, Տիգրան Աբրահամյանն ասել է, որ այն բոլոր փաստերը, որոնք այս ընթացքում ներկայացվել են՝ փաստաբանների միջոցով, լրատվամիջոցներում, դատարանում, ըստ էության, ցույց է տալիս, որ առևանգում ասվածն ինքնին գոյություն ունենալ չի կարող:
«Սա իշխանության այն շառն է, որը բերվել-փաթաթվել է տիկին Գայանեին»,- ընդգծել է Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում