Բաժիններ՝

Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ

Գլոբալ ջերմաստիճանն առաջիկա հինգ տարիներին ռեկորդային ցուցանիշների կհասնի ջերմոցային գազերի կուտակման և Էլ Նինյոյի էֆեկտի պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից տարածված տեղեկագրում:

Ըստ մասնագետների գնահատման՝ 66%-ով հավանական է, որ 2023-ից մինչև 2027 թվականներն ընկած ժամանակաշրջանում ջերմաստիճանի միջին տարեկան գլոբալ փոփոխությունն առնվազն մեկ տարվա ընթացքում նախաարդյունաբերական մակարդակը կգերազանցի ըստ Ցելսիուսի ավելի քան 1,5 աստիճանով:

Բացի այդ, 98% հավանականություն կա, որ հաջորդ հինգ տարիներից առնվազն մեկը ամենատաքը կլինի դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Մասնագետները նաև կանխատեսում են, որ այս ամբողջ հնգամյա ժամանակաշրջանն ամենատաքը կդառնա պատմության մեջ:

Հաշվետվության հեղինակներն ընդգծում են, որ իրենց կանխատեսումների համաձայն՝ գլոբալ միջին ջերմաստիճանը հետագայում էլ կշարունակի բարձրանալ, և մարդկությանն է՛լ ավելի կհեռացնի այն կլիմայից, որին նա սովոր էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս