Հանգստի սեզոնը դեռ լիարժեք չբացված՝ ունենք վիզա ստանալու մեծ հերթեր և բարդություններ. Ապրեսյան
Մի քանի օրից ամառ է, քաղաքացիները փորձում են պլանավորել իրենց հանգիստը, սակայն շենգեն վիզա ստանալու գործընթացը դյուրացման փոխարեն բավականին բարդացել է, որոշ դեպքերում էլ՝ անհնարին դարձել։
Արտագնա և ներգնա տուրիզմի թեմայի շուրջ «Արմենպրես»- Podcast-ի տաղավարում զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։
Վերջին շրջանում, կարելի է ասել մոտ մեկ տարի ԵՄ երկրներ մուտքի վիզա ստանալը բավականին դանդաղել և բարդացել է, ինչն էլ մեծ հերթեր է առաջացրել դեսպանատներում և վիզա կենտրոնում։ Խնդրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նույնպես տեղյակ է և անդրադարձել է։
Սակայն նշվում է, որ Հայաստանում բազմաթիվ ճամփորդական գործակալություններ նախապես ամրագրում են հնարավոր ազատ ժամերը, ինչը խնդիր է առաջացնում քաղաքացիներին հարցազրույցի համար ինքնուրույն գրանցվել դեսպանատներում։
Ի տարբերություն վիզաների, բավականին հասանելի և բազմազան հնարավորություններ է ստեղծվել ավիափոխադրումների ոլորտում։ Եվ քաղաքացիները նախապես վաղ ամրագրումներով հնարավորություն ունեն մատչելի տոմսեր ձեռք բերել։
Ինչ վերաբերվում է մեր երկիրը նախընտրող զբոսաշրջիկների այցելություններին, ըստ Մեխակ Ապրեսյանի այս տարվա առաջին եռամսյակի թվերը բավական տպավորիչ են` ավելի քան 451000 ներգնա զբոսաշրջային այցելություն ենք ունեցել, ինչը 80 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Այս այցելությունների մեջ շուրջ 50 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանից եկողներին։
Ըստ Ապրեսյանի, մեր երկրի գլխավոր գրավչությունն, ի թիվս բազում առավելությունների այն է, որ զբոսաշրջիկները մեր երկրում իրենց ընդունված են զգում և մենք, որպես լեգենդար հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ օժտված ժողովուրդ, պետք է անկախ ամեն ինչից այդ վերաբերմունքը պահենք և քանակից շլացած՝ չթուլացնենք և չկորցնենք որակը։ Այլ հակառակը, պետք է համատեղելով ուժերն այնպես անել, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն զարգանա։
Ամռան ամիսներին նախատեսվող մշակութային, խոհանոցային փառատոններին և ծրագրերին զրույցի ընթացքում նույնպես անդրադարձել ենք։
Տաթև Զաքարյան