Համագործակցության շատ լավ փորձ և ավելի մեծ ներուժ ունենք. ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-հնդկական բարեկամական կապերի զարգացման: Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
«Մենք համագործակցության շատ լավ փորձ ունենք: Վստահ եմ՝ Ձեր նշանակմամբ այդ համագործակցությունը կխորանա բոլոր ուղղություններով, որը, իսկապես, շատ կարևոր է: Ուրախ ենք, որ մեր բուհերում ավելի քան 2800 Հնդկաստանի քաղաքացի է սովորում: Կարծում եմ՝ այս թիվը կարող է էապես աճել. մենք միայն ուրախ կլինենք միջբուհական համագործակցության զարգացման հնարավորության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով համագործակցության խորացումը՝ քննարկելով նաև ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նաև տեղեկացրել է՝ նախորդ տարի հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որը ռազմավարական նշանակություն ունի: Նա ներկայացրել է նախանշված թիրախները՝ մասնավորապես առանձնացնելով ակադեմիական քաղաքի նախագիծը, որը բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության նոր հեռանկարներ է ապահովում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հնդկաստանի փորձն այս բնագավառում:
ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հեռանկարները:
«Միջբուհական համագործակցությունը խորացնելը մեզ համար առաջնային է: Այս համատեքստում հետաքրքրված ենք ակադեմիական քաղաքի նախագծով՝ ինչպես ավելի մեծ թվով ուսանողներ ներգրավելու, այնպես էլ ներդրումների տեսանկյունից»,- նշել է դեսպան Նիլակշի Սահա Սինհայը:
Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում հնարավոր համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, մարզական համատեղ հավաքներ և սեմինարներ, ինչպես նաև երիտասարդների զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը ընդգծել է նաև սպորտային բժշկության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել հնդկական կողմի՝ Գյումրիում մշակութային կենտրոն, մասնավորապես՝ առանձին ցուցասրահ-թանգարան հիմնելու, ինչպես նաև համատեղ ցուցադրություններ և փառատոններ անցկացնելու հարցերին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: