Բաժիններ՝

Գերմանիայում հայտարարել են թմրանյութերից մահացության դեպքերի տագնապալի աճի մասին

Գերմանիայի Դաշնային կառավարության թմրամիջոցների դեմ պայքարի հարցերով հանձնակատար Բուրկհարդ Բլիներտը հայտարարել է երկրում անօրինական հոգեակտիվ նյութերի օգտագործումից մահացության «ցնցում և տագնապ հարուցող» աճի մասին: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«2022 թ.-ին թմրամիջոցների օգտագործումից մահացության աճը շարունակվել է, Գերմանիայում անօրինական հոգեակտիվ նյութերի օգտագործման հետևանքով մահացել է հանրապետության 1990 բնակիչ, ինչը 164-ով ավելի է, քան մեկ տարի առաջ»,- նշել է նա՝ հավելելով, որ այս վիճակագրությունը «ցնցում ու տագնապ է առաջացնում»:

Բլիներտը նաև նշել է, որ հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է թմրամիջոցներից մահացության դեպքերի մշտական աճ։ Այսպես, այդ ցուցանիշը կրկնապատկվել է 2012 թ.-ի համեմատությամբ, երբ թմրամիջոցների չարաշահումից մահացել էր 944 մարդ։

Որպես նման մահերի հիմնական պատճառ 2022 թ.-ին եղել է օփիոիդներով գերդոզավորումը (1194 մարդ), ինչպես նաև թմրամիջոցների երկարատև օգտագործումը (663 դեպք)։ Գերմանիայում 2022 թ.-ին անօրինական հոգեակտիվ նյութերից հիմնականում մահացել են տղամարդիկ, նրանց միջին տարիքը կազմել է 41։

Գերմանիայի կառավարությունն ապրիլին ներկայացրել է երկրում մարիխուանայի օրինականացման պլանները, որոնց համաձայն կարող է թույլատրվել այդ թմրանյութի 25 գրամի պահումը և երեքից ոչ ավելի բույսի աճեցումը: Ինչպես ավելի վաղ հաղորդել են գերմանական ԶԼՄ-ները, մարիխուանան և դրա ակտիվ բաղադրիչը`տետրահիդրոկաննաբինոլը (ՏՀԿ), ապագայում իրավաբանորեն այլևս չպետք է դասակարգել որպես թմրանյութ:

Հանրապետության դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը 2022 թ. օգոստոսին հայտարարել էր, որ երբեք մարիխուանա չի օգտագործել, ուստի կոալիցիոն բանակցությունների ժամանակ իր համար դժվար է եղել համաձայնել նման գաղափարին, սակայն կառավարությունը կարծում է, որ այս միջոցը թույլ կտա հաջողությամբ պայքարել սև շուկայի դեմ և կնպաստի վաճառվող թմրանյութի որակի հսկողությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս