Բաժիններ՝

Պատրաստ ենք Ուկրաինայում խաղաղությունը քննարկել միայն Զելենսկու առաջարկած 10 կետի հիման վրա. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ երկիրն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը կքննարկի միայն նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած 10 կետերի հիման վրա։ Նախօրեին Ուկրաինայի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Հռոմում։

«Իտալիան պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, որը կարող է վերջ դնել հակամարտությանը, բայց մեր դիրքորոշումը պարզ է. մենք աջակցում ենք Զելենսկու խաղաղության առաջարկի 10 կետին։ Ոչ ոք չի պատկերացնում լուծում, որը Կիևը չի կիսում։ Հակառակ դեպքում մենք կխոսեինք ոչ թե խաղաղության, այլ Ուկրաինայի պարտության մասին»,- ասել է Անտոնիո Տայանին La Stampa թերթին տված հարցազրույցում։

Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը»՝ բաղկացած 10 կետից, ներկայացվել է 2022 թվականի նոյեմբերին։ Դրա կետերից են ռուսական զորքերի դուրսբերումը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, միջուկային անվտանգությունը, բոլոր գերիների ազատ արձակումը։ Մոսկվան մերժել է առաջարկվող ծրագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս