Հանդիպում Բրյուսելում՝ Սոթքի դեպքերի ֆոնին․ Կհաջողվի՞ արդյոք Արևմուտքին առաջ մղել նախապատրաստված ճանապարհային քարտեզը

Արևմուտքը մեծ թափով նախապատրաստվում է կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ սպասվող Փաշինյան-Ալիև բանակցություններին։ Փաշինյան-Միշել-Ալիև ձևաչափով վերջին բանակցությունները կազմակերպվել էին նախորդ տարի սեպտեմբերյան արյունալի բախումներից առաջ։

Սեպտեմբերյան սրացումից հետո Միշելի ձևաչափը, կարելի է ասել, տապալվեց, իսկ բանակցային գործընթացի աշխարհագրությունը անկայունացավ՝ Պրահայից Սոչի, Սոչիից Մյունխեն, Մյունխենից Վաշինգտոն և կրկին՝ Բրյուսել։

Բրյուսելյան բարձրաստիճան հանդիպումը տեղի է ունենալու բավականին արտասովոր պայմաններում, երբ թվում է՝ մայիսի 1-ին Վաշինգտոնում տեղի ունեցած քառօրյա բանակցությունները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո իբրև թե որոշակի առաջընթաց են ապահովել բանակցային գործընթացում, ըստ պաշտոնական գնահատականների, սակայն սպասվող հանդիպումը տեղի է ունենում Սոթքի դեպքերի և Ալիևի սուր հայտարարությունների ֆոնին, որոնք էլ իրենց հերթին՝ վերլուծաբաններին թույլ են տալիս ենթադրել, որ առլինգտոնյան բանակցություններում որևէ առաջընթաց չի գրանցվել։

Ավելին, այս բանակցություններից հետո կողմերը հակվում են դեպի Մոսկվա, պատրաստվում մայիսի 19-ին Մոսկվայում սպասվող Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու նպատակով մայիսի 10-ին Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, վերադառնալով բրյուսելյան օրակարգին, որոշ աղբյուրների պնդմամբ, այս հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե Վաշինգտոնում չլիներ առաջընթաց: Որոշ աղբյուրների պնդմամբ էլ, այս հանդիպումը որևէ բովանդակային առնչություն չունի վաշինգտոնյան բանակցությունների հետ և ծրագրված էր նախապես՝ որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն։

Հարկ է նշել, որ Բրյուսելում տեղի ունենալիք բանակցություններին ընդառաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։

Մինչ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը Բրյուսելում նախապատրաստական աշխատանքներ են տանելու նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Գրիգորյան-Կլաար-Հաջիև հանդիպումները Բրյուսելում կազմակերպվող բարձրաստիճան հանդիպումներից առաջ ավանդական արարողակարգ են դարձել, և, փաստորեն, այս անգամն էլ բացառություն չեղավ։

Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Բաքուն նախօրեից հերքում է արևմտյան հովանու ներքո Բրյուսելի ազդարարած մեկ այլ հանդիպմանը համաձայնություն տալու փաստը։ Խոսքը Քիշնևում հունիսի 1-ին սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ծրագրվող հնգակողմ՝ Փաշինյան-Միշել-Շոլց-Մակրոն-Ալիև հանդիպման մասին է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նախօրեին հայտարարեց, որ չի տվել իր համաձայնությունը նման հանդիպմանը և նախընտրում է բրյուսելյան ձևաչափը։ Եվ չնայած Բաքվից հնչող հայտարարություններին` Եվրամիությունը վերահաստատեց` համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:

168․am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ Բրյուսելում բարդ բանակցություններ են սպասվում, և ամենայն հավանականությամբ բեկումնային առաջընթաց փաստաթղթի ստորագրման ուղղությամբ չի լինի։ Ըստ նրա՝ սովորաբար նման համապարփակ, տևական ժամանակ նախապատրաստվող փաստաթղթերն իրենց հետ նաև իրական խաղաղություն են բերում հակամարտության գոտիներ, ուստի դժվար է պատկերացնել, որ երկու օր առաջ կրակոցներից անմիջապես հետո անսպասելի առաջընթաց է լինելու։

«Ըստ իս, Բլինքենն առաջընթաց ասելով՝ նկատի ուներ այն հանգամանքը, որ իրենց հաջողվեց երկար դադարից հետո նախարարներին նստեցնել մի քանի օր շարունակվող բանակցությունների սեղանի շուրջ, ինչը նույնիսկ արդյունքի բացակայության դեպքում դրական է։ Բայց բացասական է նաև այն հանգամանքը, որ Վաշինգտոնից հետո եղավ սրացում սահմանին, ինչը ոչ միայն անկայունացնում է ռեգիոնալ իրավիճակը, այլև կարծես հեղինակազրկում, զրոյացնում այն, ինչ տեղի է ունեցել Վաշինգտոնում։ Սա նշանակում է, որ կողմերից առնվազն մեկը շատ դժգոհ է այդ օրակարգից, այսինքն՝ Արևմուտքի առաջարկից, և գործընթացը կարող է հայտնվել կասկածի տակ։ Կարծում եմ՝ այս տրամաբանության շրջանակում պետք է դիտարկել նաև այն, որ Քիշնևում ծրագրվող հանդիպումը կարող է տեղի չունենալ այն դեպքում, երբ ըստ որոշ տեղեկությունների, խոսվում էր, բացի Քիշնևից, նաև Արևմուտքի հովանու ներքո մեկ այլ հանդիպման մասին դրանից ամիսներ անց։ Այսինքն՝ Արևմուտքը մշակել է որոշակի ճանապարհային քարտեզ, բանակցությունների գրաֆիկ, սակայն խնդիրներն այնքան շատ են, Մոսկվայի մասնակցությունը ևս կա, որ այդ ճանապարհային քարտեզը կարող է տապալվել»,-ասաց վերլուծաբանը։

Չնայած բարդ դիվանագիտական գործընթացին, նրա խոսքով, երկար դադարից հետո Բրյուսելում այս հանդիպումը կարևոր է լինելու։
«Որքան ես եմ հասկանում, Մյունխենում Բլինքենի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը բովանդակային իմաստով հագեցած չէր, իսկ այս հանդիպումը պետք է դառնա ինչ-որ իմաստով Պրահայի և Սոչիի հանդիպումների շարունակությունը։ Կարևոր է հասկանալ, թե կհաջողվի՞ արդյոք հանդես գալ համատեղ հայտարարությամբ, համաձայնության որոշ կետեր ֆիքսել, թե՞ ոչ։ Այս պահին դա ասելը շատ բարդ է, քանի որ բարդ է կրակոցներից հետո բանակցել ու արդյունք ապահովել։ Հենց դա է նաև պատճառը, որ Պետդեպարտամենտը վերջին դեպքերին արձագանքեց արագ ու հայտարարություն տարածեց»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս