Բաժիններ՝

Մինչև Բրյուսովի ռեկտորի մրցույթը պետք է ես կատարեի պարտականությունները. Ցոլակ Ակոպյան

Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նշանակմանը դեմ էին և՛ ուսանողների մի մասը, և՛ դասախոսներ:

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, ով բուհի կանոնադրությունը խախտելու համար դիմել էր դատարան, մեզ հետ զրույցում հայտնեց, որ հայցի ապահովումը վարույթ չի ընդունվել, ուստի բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
«Վերաքննիչ դատարանից դեռևս լուր չկա»,- ասաց Ցոլակ Ակոպյանը:

Նա ընդգծեց՝ բուհի կանոնադրության մեջ գրված է, որ ռեկտորի պարտականությունները կատարում է ամենաերկար աշխատանքային ստաժ ունեցող պրոռեկտորը՝ մինչև նոր ռեկտորի մրցույթի անցկացումն ու հաստատումը, և այդ հիմքով էլ դիմել է դատարան:

«Մինչև ռեկտորի մրցույթը պետք է ես կատարեի պարտականությունները»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Հարցին՝ ըստ նրա՝ ե՞րբ է հայտարարվելու ռեկտորի մրցույթ, Ցոլակ Ակոպյանը պատասխանեց՝ իր կարծիքով, քանի դեռ չկա դատարանի վճիռ նախորդ մրցույթի մասով, չի հայտարարվի:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։

Համալսարանականները, սակայն, համաձայն չեն այս հրամանի հետ:

Նրանց կարծիքով՝ հոգաբարձուների նախկին խորհուրդն ապօրինի է լուծարվել, քանի որ խորհրդի նախագահի անունով չեն գրվել դիմումները: Հոգաբարձուների խորհրդում էլ չեն քննարկվել այդ դիմումները: Իսկ այս ամենը հակասում է «Հիմնադրամների մասին» օրենքին:

Իսկ մարտի 15-ին ԿԳՄՍ նախարարությունը, Բրյուսովի անվան համալսարանում ստեղծված 3 հոգանոց ժամանակավոր խորհրդի որոշմամբ, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին նշանակեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի՝ կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

Տեսանյութեր

Լրահոս