«Նիկոլը Շառլ Միշելին ասելու է՝ տեսա՞ր՝ Պուտինին ոնց էի թարս նայում, դե, հանկարծ իմ վրա չջղայնանաս». Աննա Մկրտչյան

«Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ Վաշինգտոնն իրենց համար մեկ քայլ առաջ էր, և դժվար չէ կռահել, որ այն, ինչը մեր թշնամիների համար մեկ քայլ առաջ է, ուրեմն՝ 5-10 քայլ մեզ համար հետ է: Այն պայմաններում, երբ գոհ է մեր թշնամին, նշանակում է՝ մենք ենք նահանջում, չենք կարող սպասել որևէ իրադարձություն, որը կխոսի անգամ կայունության մասին, չեմ խոսում հայկական կողմի առավելությունների մասին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Զարմացած չեմ նրանից, թե ինչ է կատարվում Սոթքում, առաջին դեպքը չէ: Ես շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր վիրավոր զինծառայողներին և բոլորիս մաղթում եմ արժանապատիվ պայքար արագ կազմակերպել և այդ պայքարի արդյունքում այս դավաճաններին վռնդել՝ վերադարձնելով Հայաստանին պետության ղեկավարի դերը ստանձնող մարդու, գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող հայի կերպարը և հայ կառավարչին: Մեր խնդիրների միակ բանալին սա է: Մեր թշնամու համար վաշինգտոնյան առաջխաղացումից հետո հերթական «առաջխաղացումն» Արցախում այն էր, որ արդեն անգամ Կարմիր խաչին թույլ չեն տալիս ծանր վիճակում գտնվող անձանց տեղափոխել Երևան: Սա Ադրբեջանի տեսանկյունից առաջխաղացում է: Իսկ ի՞նչ էին անում մերոնք այստեղ այդ ժամանակ, եկեք՝ շատ հեռու չգնանք ու հիշենք, թե երկու օր առաջ՝ մայիսի 9-ին, ինչով էին զբաղված ՔՊ-շնիկները. Փոխարենը կարողանային առիթը օգտագործելով՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ ևս մեկ անգամ բարձրացնեին մեր առջև ծառացած խնդիրները, ամեն մեկը իր կալիբրին համապատասխան, մեկը՝ Մոսկվայում, մնացածը՝ այստեղ, տարբեր միջոցառումներին ման էին գալիս ռուսի կոշիկ, որպեսզի այդ կոշիկն առաջինը սրբեին, որ հանկարծ իրենց իշխանությանը վտանգ չսպառնա: Իրենք անգամ այդ կոշիկը չեն սրբում այն տրամաբանությամբ, որ Հայաստանի անվտանգությունը կամ սահմանների կայունությունն ապահովեն»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ադրբեջանական հերթական սադրանքի նպատակն է՝  զրոյացնել Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում արձանագրված առաջընթացը և խաթարել Բրյուսելում՝ եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում՝ հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները, Աննա Մկրտչյանը հետևյալն ասաց. «Իսկ Նիկոլն ինչի՞ էր սպասում, որ Սոթքում նորից էսլակացիա լինի, նոր Վաշինգտոնից խոսի: Բա, եթե Վաշինգտոնում այդքան լավ է, բանակցությունները բնականոն հունով են գնում, ու Ադրբեջանն էլ սուտ է ասում՝ մենք մի տասը քայլ հետ չենք գնացել հայկական շահից, ինչո՞ւ Վաշինգտոնից հետո այդ մասին չխոսեց: Ինքը սիրում է, չէ՞, աննախադեպությունների մասին խոսի, նույնիսկ, եթե ասֆալտի ոլորտում է լինում այդ աննախադեպությունը, առաջինը ինքն է այդ երկու մետր ասֆալտի մասին խոսում, բաց թող Վաշինգտոնի մասին էլ խոսեր, եթե դա հաջողություն էր: Այդ անձնավորությունը երկու ժամը մեկ փոխում է Հայաստանի Հանրապետության և երրորդ երկրների հարաբերվելու բանաձևը: Մեկ ասում է՝ բանակցություններ ընդհանրապես չունենք, և դա ահավոր է, մեկ ասում է՝ ընդհանրապես թուղթ չկա, հետո այլ աղբյուրներից պարզվում է՝ թուղթ կա, հետո վաշինգտոնյան բանակցություններ է համարում այդ հանդիպումները: Բա մի շաբաթ առաջ ասում էիր՝ որևէ բանակցություն չկա, և դա մեծ խնդիր է: Այս ստի ու կեղծիքի, մանիպուլյացիայի էֆեկտը զրոյացել է ՀՀ քաղաքացիների մոտ: ՀՀ քաղաքացիները Նիկոլի հայտարարություններին նայում են մեկ տրամաբանությամբ՝ հասկանալու, թե էլ ինչ է տվել, էլ ինչ է զիջել, էլ ինչ վտանգներ են մեզ սպառնում և Հայաստանի ո՞ր բնակավայրերին է վտանգ սպառնում: Մենք պետք է կարողանանք սրանից ազատվել, որ այս վախերը մեր մեջ վերանան»:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանից ազատվելու միակ ճանապարհն արժանապատիվ պայքարն է, այլ տարբերակ չկա. «Հայաստանում չկա քաղաքական համակարգ, որովհետև Նիկոլը սպանել է այդ համակարգը: Հայաստանում չկա իրավապահ համակարգ, որովհետև Նիկոլին բոլորը զանգող և զեկուցող չգիտեմ ովքեր են: ՀՀ-ում Նիկոլը բոլոր պաշտոններին դրել է մարդկանց, ովքեր բացեիբաց ափսոսանք են հայտնում, որ Հայաստանում կան գրված օրենքներ, որովհետև իրենք 15 թե 20 րոպեում կլուծեն բոլորիս հարցերը, ավելի պարզ ասած՝ կլուծեն ՀՀ հարցերը»:

Կարդացեք նաև

Այս լարված իրավիճակի ֆոնին մայիսի 14–ին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հանդիպելու են: Վերջին անգամ նրանք հանդիպել են Մյունխենում այս տարվա փետրվարին՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ: Թեպետ ասում են, որ ցանկացած բանակցություն նախընտրելի է պատերազմից, բայց Ադրբեջանը, այսպես թե այնպես, շարունակում է պատերազմել, և կարծիքներ կան, որ որքան հաճախ են հանդիպում Ալիևն ու Փաշինյանը, այնքան իրավիճակը ավելի է լարվում և բարդանում, քանի որ Փաշինյանը միայն նշաձողն իջեցնելու մասին է խոսում:

Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո, այս բանակցություններից ի՞նչ ելք ակնկալել:

«Ուզո՞ւմ եք ասեմ, թե որն է լինելու Նիկոլի առաջին նախադասությունը, երբ նա տեսնի Շառլ Միշելին՝ տեսա՞ր՝ Պուտինին ոնց էի թարս նայում, հանկարծ իմ վրա չջղայնանաս, հանկարծ իմ իշխանության դեմ որևէ գործողություն չձեռնարկեք, ինձ հանկարծ վատ բաներ չասեք, անում եմ այն, ինչ ձեզ պետք է, ես այնքան եմ զավթել իմ երկրի իշխանությունը, որ Շառլ Միշելի և իր աշխարհաքաղաքական կենտրոնի շահերին էլ կբավարարի: Պուտինին էլ խոստումներ տված կլինի: Ամբողջ խնդիրն այն է, որ հայկական շահը ներկայացված չէ: Իսկ պետությունը, որը չունի ղեկավար, պետք է լինի այնպիսի թշվառ վիճակում, ինչպիսին մենք ենք հիմա: Ավելին, երևի ղեկավար չունենալն ավելի լավ կլիներ, քան ունենալ դավաճան ղեկավար: Խոսել այն մասին, որ Նիկոլն այլևս Հայաստանը չի ներկայացնում, կարծում եմ, ավելորդ է, որովհետև իմ ասելով չէ, որ դա պետք է հաստատենք: Մարդիկ այլևս չեն թաքնվում և չեն թաքցնում իրենց հայացքները, շատ պարզ կարողանում են ասել, որ Հայաստանի այսօրվա ղեկավարը դավաճան է, իրենք չեն կիսում տեսակետը, որ Հայաստանը մի մեծ անկլավ է, որից ինչքան ուզեն՝ պետք է կտրտեն և տան բոլոր այն թշնամիներին, որոնց այդ պահին հարմար կլինի բավարարել»,- ի պատասխան՝ ասաց նա:

Վերջին օրերին դարձյալ ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, թե իբր Սերժ Սարգսյանն ու Հանրապետականն են իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին: Իհարկե, թե՛ Երրորդ նախագահը, թե՛ Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ այս թեմային բազմիցս անդրադարձել են, բայց Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ իր դիտարկմամբ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նման խոսակցությունների պարբերաբար տարածումը, և ինչո՞ւ են 2018-ին փողոցում եղած մարդիկ հիմա նշում, թե պետք էր ուժ կիրառել և թույլ չտալ, որ իշխանափոխություն տեղի ունենա:

«ՀՀԿ-ն բազմիցս ասել է, որ մի բարդույթավորվեք 2018թ. ձեր վարքագծից, նախագահն էլ բազմիցս ասել է, որ այս ազգադավ իշխանությունից ազատվելու համար մենք մեզ յուրային ենք համարում ցանկացած մարդու, ով իրապես կարծում է, որ սրանց հեռացումը Հայաստանի պետականության փրկությունն է՝ առանց հետագա և բոլոր տեսակի եթե-ների ու բայց-երի:

Ես խորապես համոզված եմ, որ մեր ով լինելը որոշում է մեր՝ այդ պահին կատարած ընտրությունը: Սերժ Սարգսյանի համար առաջնահերթը Հայաստանի պետականության փրկությունն է, Արցախի և Հայաստանի հաղթանակի էջերը վերականգնելն է և փշրանքներից ամուր բանակ, պետականություն, արտաքին և ներքին քաղաքականություն ստեղծելն է: Երբ այս ՔՊ-շնիկներն անընդհատ ասում են՝ մենք փոքր ենք, պետք է հաշտվենք և այլն, ես ուզում եմ հիշենք, թե ինչպես էր Սերժ Սարգսյանն աշխարհի տարբեր քաղաքական կենտրոնների, հզոր գերտերությունների հետ հավասարը հավասարի պես խոսում:

Այդ նույն աշխարհի հզորները, որոնք հիմա, ըստ ՔՊ-շնիկների, փորձում են Հայաստանի պետականության նշաձողն իջեցնել, այդ նույն մարդիկ Սերժ Սարգսյանի հրավերով այստեղ էին 2015թ. և ծաղիկ էին խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին: Այդ աշխարհի հզորները Սերժ Սարգսյանի բանակցող լինելու ժամանակահատվածում խոսում էին նրա մասին, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը բացառիկ է, օրինակ էին բերում, թե ինչպես կարելի է համադրել շահերը՝ առանց խաբեության, առանց կեղծիքի: Հիմա այդ ամենը շուռ է եկել: Ես հասկանում եմ, որ շատ մարդիկ փորձում են սրա տակից դուրս գալ, ինչ-որ տեղ քաղաքական շարունակականություն ապահովելու համար, չեմ բացառում, որ նաև՝ անձնական մեղավորության համար, բայց հիմա մեր խնդիրը այլ տեղում է, և դրա լուծումը պետք է փնտրել յուրաքանչյուրիս ճիշտ ընտրության մեջ»,- պարզաբանեց Աննա Մկրտչյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս