«Շուշին ազատագրելու ենք՝ Արցախն առանց Շուշիի չի կարող լինել, Հայաստանն էլ՝ առանց Արցախի». Շուշիից տեղահանված
Այսօր Շուշիի ազատագրման օրն է, 1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական կողմը ադրբեջանական օկուպացիայից ազատագրեց բերդաքաղաք Շուշին, որը 2020 թվականի նոյեմբերից կրկին հայտնվեց Ադրբեջանի օկուպացիայի տակ։
Շուշեցի Միքայել Առաքելյանն արդեն երեք տարի զրկված է Շուշիի իր բնակարանից, 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ամեն ինչ։
Միքայելի ապուպապերը Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերից են, 1920 թվականի Շուշիի ջարդերի ժամանակ մազապուրծ լքել են քաղաքը, հաստատվել Մարտակերտում։ Միքայելը ծնվել է Մարտակերտում, այնուհետև տեղափոխվել ու ապրել է ազատագրված Շուշիում։
168.am-ի հետ զրույցում Միքայել Առաքելյանը լավատեսորեն նշեց, որ Շուշին ազատագրվելու է, և Եռատոնը վերականգնվելու է։
«Մենք ազատագրելու ենք Շուշին, չեմ կարող ասել՝ ազատագրման ամիսը նորից կլինի մայի՞սը, թե՞ ոչ, բայց բերդաքաղաքն ազատագրվելու է և դրանից հետո գուցե քառատոն ունենանք արդեն։ Մենք պետք է ապրենք, արարենք ու զարգանանք, իսկ առանց Արցախի ու Շուշիի մենք դա չենք կարող անել։ Իսկ Արցախի ազատագրման առաջին գրավականը «սատանիստներից» ազատվելն է, որոնք 2018 թվականին Հայաստանում եկան իշխանության։ Գուցե այն, ինչ տեղի է ունենում, մեր մեղքերի պատճառով է, որ թողեցինք նրանց գան իշխանության, գուցե Աստված է մեզ պատժել ու ենթարկում է նման փորձության։ Պետք է դարձի գանք, պետք է ուղղվի 2018 թվականի սխալը, դրանից հետո ազատագրվի Շուշին։ Սա մեծ փորձություն է մեզ համար, որը պետք է հաղթահարենք։
Չմտածեք՝ իրատեսական բաներ չեմ ասում, իրատեսական է, որ մեր հողն ազատագրվելու է»,- նշեց Միքայելը։
Մեր զրուցակիցը հիշեց, որ 2018 թվականին, երբ Հայաստանում իշխանությունը փոխվեց, և իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ, վատ կանխազգացում ուներ, սակայն երբևէ մտքով չէր անցնի, որ Շուշին կհանձնեն թուրքին, չէր կարծում, որ նոր իշխանությունն այնքան անամոթ կլինի, որ կհանձնի ազատագրված քաղաքը։ Միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին է իսկական շոկ ապրել, երբ Շուշին արդեն թշնամու օկուպացիայի տակ էր։
«Ինքս երբեմն զարմանում եմ, որ 2020 թվականից հետո չեմ գժվել, որովհետև դա իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն էր։ Մեծ մեղք էր, որ մենք թույլ տվեցինք, որ ՀՀ օրվա իշխանությունը ոտք դնի Շուշի: Հիշո՞ւմ եք՝ 2020 թվականին, եկան պարեցին։ Երևի Աստված այդ ժամանակ մեզ վրա զայրացավ, որովհետև մենք «սատանիստներին» թույլ էինք տվել ոտք դնել սուրբ հողում։ Ես ամբողջ աշխարհի առջև եմ ամաչում, որ մենք նման իշխանություն ունենք։ Շուշին պետք է ազատագրվի, Արցախն առանց Շուշիի չի կարող լինել, Հայաստանն էլ՝ առանց Արցախի։ Աստծո սուրբ հողը տալ անհավատներին՝ մեծ մեղք է»,- նշեց Միքայել Առաքելյանը։
Նա վստահ է՝ Հայաստանի իշխանությունը ծրագրված է հանձնել Շուշին, բազմաթիվ դրվագներ կան, որոնք իրեն թույլ են տալիս այդպես մտածել, օրինակ, Շուշիից հայկական հատուկ ջոկատայիների դուրսբերումը կամ այս ու այն կողմ տանելը։
«Կոորդինատները տալիս էինք, որպեսզի հրետանին աշխատեր, չէր աշխատում։ Մեր հատուկ ջոկատայիններից Սասուն Սահակյանը կոորդինատներ է փոխանցել հրետանուն, ու ցույց է տվել, թե որ կողմից է գալիս թուրքը, քանի հոգով են, նրան ասել են՝ գնա, քեզ ո՞վ է նման բան ասել։ Նմանատիպ բազմաթիվ դրվագներ կան, ինչից կարող ենք եզրակացնել, որ նպատակուղղված Շուշին հանձնվել է, ասեմ ավելին՝ այն, ինչը չկարողացավ անել թուրքական հրետանին, արեց մեր հրետանին»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ շարունակելով, որ իշխանությունը Շուշիի մարտերի հրամանատարությունը ստանձնած անձանց վերաբերյալ տարբեր անուններ է հնչեցնում, բայց այդ հրամանատարությունը մեկ մարդ է ստանձնել՝ Նիկոլ Փաշինյանը։
«Նիկոլը չէ՞ր հայտարարում, թե՝ բա իմ գիտելիքների վրա չկասկածեք, գլխավոր գերագույն հրամանատարի ունակությունների վրա չկասկածեք, ես ամեն ինչի պատասխանատուն եմ, ամեն ինչի ղեկավարն եմ, կարող եմ ամեն ինչ անել։ Փաստորեն ինչ-որ մարդկանց մեղադրելով, Նիկոլն ինքն իրեն մեղադրում է, ամեն դեպքում ինքն է եղել գլխավոր հրամանատարը և ինքն է պատասխանատուն։ Խառը պահին ես Շտաբում չեմ եղել, առաջնագծում էի, չեմ կարող ասել, ինչպե՞ս, ո՞վ»,- հավելեց նա։
Թեպետ Շուշին ժամանակավորապես օկուպացված է, բայց Միքայել Առաքելյանի համար Եռատոնն իր արժեքը չի կորցրել։ Այսօր առավոտյան նրանք այցելել են Ստեփանակերտի եղբայրական գերազմանոց՝ ծաղիկներ խոնարհել անմահացած հերոսների շիրիմներին, և հենց տեղում էլ Միքայելը խոստացել է, որ նրանց առջև ամոթով են ապրելու այնքան ժամանակ, մինչև չազատագրեն Սուրբ հող՝ Արցախը։