«Ոչ մեկը չպետք է սահմանափակի մեր ազատ ելումուտը դեպի Հայաստան. ՀՀ կառավարությունն ունի խնդիրներ, բայց ի՞նչն է խանգարում ձեզ հայ մնալ, մարդ մնալ». Ռուբեն Վարդանյան
Այսօր Արցախի Հանրապետության Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ մայիսի 9-ը միշտ տոն է լինելու, միշտ հիշելու են հաղթանակները, և համոզմունք հայտնեց, որ նոր հաղթանակներ են կերտելու։
«Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ գտնվող երիտասարդներն ինձ հրավիրեցին ելույթ ունենալու, ես ուրախ եմ, որ այս երիտասարդներն են այս շարժումը կազմակերպել, ապրեք, շնորհավորում եմ ձեզ։ Ես վստահ եմ, որ միայն դուք կարող եք ստեղծել արժանապատիվ ապագա՝ ձեր և ամբողջ Արցախի համար»,- խոսքն ուղղելով հանրահավաքի կազմակերպիչ երիտասարդներին՝ ասաց Ռուբեն Վարդանյանը։
Հանրահավաքը կազմակերպել էին «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը նախաձեռնած երիտասարդները։
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ այսօր շատ է օգտագործվում արժանապատվություն բառը, և վստահ է, որ հայ ազգը միշտ լինելու է արժանապատիվ ազգ։
«Չնայած բոլոր դժվարություններին, մենք պահելու ենք մեր արժանապատվությունը։ Մենք բոլորս միասին քննարկման ժամանակ գծել էինք մեր «կարմիր գծերը» և ասել ենք, որ դրանք ոչ մի դեպքում արցախահայության համար ընդունելի չեն։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը հատել է այդ «կարմիր գիծը»՝ տեղադրելով մաքսակետ։ Այս պահին ես ուզում եմ խոսել շատ հասարակ լեզվով, ինձ համար «կարմիր գիծն» այն բանն է, երբ քեզ վատ ճանապարհով են անցկացնում, ու դրան քո պատասխանը պետք է մեկը լինի, դու պետք է պայքարես, այլ տարբերակ չկա, որովհետև եթե չպայքարես, դառնում ես անարժանապատիվ մարդ, որի վրա կարող են անցնել՝ իրենց ոտքերը սրբելով։ Ինձ ու բոլորի համար այդ կարմիր գիծը պետք է հստակ լինի, որովհետև մենք իրավունք չունենք ենթարկվել նրան, որ մեր ազգանունները ստուգի այլ պետություն։ Ոչ մեկը չպետք է սահմանափակի մեր ազատ ելումուտը դեպի Հայաստան»,- հավելեց Ռուբեն Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ 149 օր է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, չկա գազ ու լույս, բոլորը գիտեն Սարսանգի ջրամբարի վիճակը, շրջափակումն առաջացրել է բազմաթիվ խնդիրներ, սակայն արցախահայությունը դիմանում է, չի ընկճվում։
«Այո, վիճակը ծանր է, բայց մենք գիտենք մեկ բան՝ այս ճանապարհով որևէ ինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող՝ սա ռեօկուպացիա է, ասել ո՛չ ռեօկուպացիային։ Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, գյուղերը, գերեզմանները, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները, որ ապրենք մեր հողի վրա, ապրենք այնպես, ինչպես մենք ենք որոշում։ Մենք ուզում ենք հանգիստ ու երջանիկ ապրենք մեր հողի վրա, մեր հայրենիքում։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունները չպետք է լինեն Ադրբեջանի պահանջների հիման վրա, այլ պետք է լինի՝ երկու կողմերը հարգելով միմյանց»,- շեշտեց Ռուբեն Վարդանյանը։
Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդներին նախաձեռնած շարժմանը միանալու համար, ընդգծելով, որ այդ երիտասարդները կարևոր գործ են անում և ասում են՝ լուծեք հարցը, եթե չեք լուծում, ապա մենք կլուծենք։
«Արժանապատվությունը բոլորին է վերաբերում, ոչ միայն արցախահայությանը։ Հասկանում եմ, որ ՀՀ կառավարությունն ունի խնդիրներ, որպես պաշտոնյաներ՝ ունեն սահմանափակումներ, բայց ի՞նչն է խանգարում ձեզ հայ մնալ, մարդ մնալ, դուք պետք է կանգնեք ու ցույց տաք, որ հայ եք։
Բոլորը նստած իրենց տեղերում՝ Արցախի մասին են խոսում, ինչո՞ւ չեք կանգնում Արցախի կողքին, Արցախն ամբողջ հայկական աշխարհի համար է»,- եզրափակեց Ռուբեն Վարդանյանը։