Եթե վարչապետ կոչեցյալը վստահ լինի, որ լուրջ դիմադրություն չի լինի, կարծում եմ՝ կհրահանգի ապամոնտաժել հուշարձանը. Ավետիք Իշխանյան
2021թ. սեպտեմբերի 14-ին Երևանի ավագանին միաձայն որոշում ընդունեց Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում, հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողությունն իրականացնող Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող տեղադրելու մասին: Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արդարադատություն իրականացրած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացվել էր Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրել էր, որ նախաձեռնությունն ընդունվել է Երևանի քաղաքապետարանում, և որոշման նախագիծն անցել է տևական բազմաբնույթ ընթացակարգով, կանոնակարգով սահմանված անհրաժեշտ և հավելյալ բոլոր փուլերը: Կայացել է հանրային մեծ քննարկում Գիտությունների ազգային ակադեմիայում, որին մասնակցել են Երևանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, պատմաբաններ:
«Քննարկելով հարցը իր պատմական, քաղաքական բարոյահոգեբանական բոլոր տեսանկյուններից՝ արձանագրվել է, որ միանգամայն արժանի է հավանության մեր հայորդիների ժառանգների այս նախաձեռնությունը»,- շեշտել էր Արեյանը:
Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ գրավոր դրական կարծիք են հայտնել Երևանի ավագանու բոլոր խմբակցությունները, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 25-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման հաջորդ օրը:
Հուշարձանի տեղադրմանը հետևեց Թուրքիայի՝ թեև այս իշխանությունների օրոք կանխատեսելի, սակայն ոչ ադեկվատ արձագանքը՝ հայկական օդանավերի համար օդային տարածքի փակումից մինչև հուշարձանն ապամոնտաժելու պահանջ:
Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցել է իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:
– Երևանում տեղադրվեց հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողությունն իրականացնողների հուշարձանը, որը կրում էր «Արժանապատվության ասպետներին» խորագիրը։ Ի՞նչ խորհուրդ ուներ այն Ձեզ համար։ Կարծում եք՝ հուշարձանը տեղադրելու ճիշտ ժամանա՞կն էր, թե՞ այս փուլում դրա ժամանակը չէր, ինչպես պնդում են իշխանամերձ շրջանակները։ Ինչո՞ւ իշխանությունները թույլ տվեցին տեղադրել Նեմեսիս հուշարձանը, եթե վստահաբար գիտեին`Թուրքիայից ինչ արձագանք է լինելու։ Ավելին, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն էր բացմանը մասնակցում ու անգամ խոսքով հանդես եկավ։
– Առայժմ մի կողմ թողնենք իմ վերաբերմունքը հուշարձանի, նաև նրա տեղադրման ժամանակի մասին։ Պարզվում է, որ հուշարձանի տեղադրման որոշումը կայացրել է Երևանի ավագանին 2021 թվականին։ Այս հանգամանքը շատ էական է։ Փաստենք նաև, որ Երևանի ավագանին, առանց վարչապետ կոչեցյալի հրահանգի, երբեք նման որոշում չէր կայացնի։ Եվ դատարկ մտավարժանքներ են նույն վարչապետ կոչեցյալի կողմից հնչող խոսքերը՝ իբր այն Երևանի ավագանու ինքնուրույն որոշումն է և այդպիսով՝ «ժողովրդավարության թերությունը»։
Ուստի, հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ ուներ հուշարձանի տեղադրման որոշումը։ Երևանի ավագանու որոշումը կայացվել է պարտությունից հետո, վարչապետ կոչեցյալը մտավախություն ուներ, որ շատ հարցեր կբարձրացվեին, այդ թվում՝ թշնամու հարձակման մասին տեղեկություն ունենալ և ոչինչ չձեռնարկելու, պատերազմի ապիկար կառավարելու, այն չդադարեցնելու և նման այլ հարցերի մասին, և… իրեն կանվանեին դավաճան։ Ի դեպ, այդ մասին նա նույնպես ակնարկեց։
Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ հուշարձանի տեղադրման որոշումը նույն շարքից էր, ինչ Աբաջյանի կեղծ պապիկը, «Սա Հայաստան է, և վերջ», 2021թ. ՔՊ-ի նախընտրական ծրագրում Արցախի անկախության մասին ստերը և այլն։
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի ներկայությանը և ելույթին հուշարձանի բացման արարողության ժամանակ, ապա և՛ հուշարձանի բացումը, և՛ նրա այնտեղ հայտնվելը առանց վարչապետ կոչեցյալի իմացության անհնար էր։ Թուրքիայի այս արձագանքից հետո, կարծում եմ, այդ ՔՊ-ական «հեռանկարային», կարիերիստ գործչի ապագան դարձավ խիստ անորոշ։ Հայտնի օլիգարխ-գործարար-պատգամավորի աչքը լույս։
– Հուշարձանի տեղադրումը Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել։ Անգամ այն ապամոնտաժելու պահանջներ են հնչում։ Իշխանությունները հղում են կատարում տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշմանը. Ալեն Սիմոնյանն այդ մասին ասաց Թուրքիայում։ Նույնը Պրահայում կրկնեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ինքը սխալ է համարում հուշարձանի տեղադրումը։ Թուրքիան միևնույն ժամանակ իր օդային տարածքն է փակել հայկական ինքնաթիռների համար, և սա այն դեպքում, երբ հայկական օդային տարածքն անգամ պատերազմի ժամանակ էր բաց թուրքական ինքնաթիռների համար։ Ի՞նչ կանեն իշխանությունները, ի՞նչ քայլերի կգնան: Կարո՞ղ են ռիսկի դիմել ու գնալ հուշարձանն ապամոնտաժելու ճանապարհով։
– Թուրքիան հերթական անգամ ցույց տվեց իր ցեղասպան քաղաքական դեմքը։ Հիշենք նաև, թե ինչպես Ադրբեջանում մեր պարտությունը «տոնելիս» ինչ ելույթ ունեցավ Թուրքիայի նախագահը։ Նա բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության հեղինակներից Էնվեր փաշային։ Միայն այդ խոսքից հետո Հայաստանի ղեկավարությունը պետք է մոռանար Թուրքիայի հետ «բարեկամական» հարաբերություններ հաստատելու մասին միֆերը, եթե, իհարկե, արժանապատվություն ունենային։ Մի պահ պատկերացրեք, որ Գերմանիայի կանցլերը բարձր գնահատեր Ադոլֆ Հիտլերին կամ, նմատատիպ հուշարձանի՝ Իսրայելում տեղադրման դեպքում Գերմանիան փակեր իր օդային տարածքը Իսրայելի օդանավերի համար։ Իսրայելն առնվազն կխզեր դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ, շեշտում եմ՝ առնվազն։
Իսկապես, Թուրքիայի համար անսպասելի էր, որ իրենց առջև սողացող Հայաստանի ղեկավարը թույլ է տվել հուշարձանի տեղադրումը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԺ խոսնակի և վարչապետ կոչեցյալի խեղճուկրակ արդարացումներին, թե իբր դա տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույն որոշումն է, այն Թուրքիայի փորձառու քաղաքական գործիչների քմծիծաղին կարժանանա։ Նրանք շատ լավ հետևում են Հայաստանի քաղաքական զարգացումներին և հիանալի գիտակցում, որ Հայաստանում որևէ մակարդակում ինքնուրույն որոշում կայացնել անհնարին է։ Եթե որևէ մեկը փորձի, նա կլինի իրավապահ, թե տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ, նույնիսկ հնարավոր է՝ դատավոր, անմիջապես կհայտնվի ճաղերի ետևում։
Ինչևէ, կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ կոչեցյալի համար անսպասելի էր Թուրքիայի նման կոշտ արձագանքը: Նա չէր պատկերացնում, որ Թուրքիայում ուշադրությամբ հետևում են Հայաստանի իշխանության ցանկացած գործողությանը։ Իսկ այն, որ նույնիսկ պատերազմի ժամանակ Հայաստանի օդային տարածքը բաց էր թուրքական օդանավերի համար, հերթական ապացույցն է Հայաստանի իշխանության ոչ միայն պետական մտածողության բացակայության, այլև տարրական արժանապատվությունից զուրկ լինելու մասին։
Ի՞նչ ասես, երբ պարզվում է, որ Հայաստանում ազատորեն անշարժ գույք են ձեռք բերում ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի քաղաքացիները, այն դեպքում, որ ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելված է, և այնտեղ մոլեգնում է հայատյացությունը։ Ի՞նչ դնես սրա անունը՝ ազգային անվտագության բացարձակ բարձիթողի վիճա՞կ, թե՞ հատուկ, մտածված գործարք թշնամու հետ։
Եթե վարչապետ կոչեցյալը վստահ լինի, որ լուրջ դիմադրություն չի լինի, կարծում եմ՝ կհրահանգի ապամոնտաժել հուշարձանը։
– Հայաստանի այլ քաղաքներում ևս կան հայ վրիժառուների, թուրքերի դեմ հայդուկային պայքարի ելած հայ ֆիդայիների հուշարձանները։ Ինչո՞ւ նախկինում այսպիսի աղմուկ չէր բարձրանում, Թուրքիայից սպառնալիքի լեզվով չէին խոսում ու կոնկրետ միջոցների չէին դիմում։
– Ձեր կողմից հիշատակված արձանները տեղադրված են եղել ոչ այս իշխանության ժամանակ, դրանցից որոշ մասը, օրինակ, զորավար Անդրանիկի հուշարձանը Ուջանում, ինչպես նաև Սարդարապատի և Ցեղասպանության, Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրները՝ Խորհրդային շրջանում։ Համոզված եմ, որ հայ-թուրքական բանակցութունների ժամանակ թուրքական կողմից հարաբերությունների հաստատման նախապայման է դրվում նաև այդ բոլոր հուշարձանների ապամոնտաժումը։
Վերջում պատասխանեմ Ձեր առաջին հարցին։ 1915թ., երբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, հայկական պետություն գոյություն չուներ։ Եվ հիացմունքի են արժանի այն հայորդիները, ովքեր իրականացրեցին հայկական Նեմեսիսը։
Նրանց նվիրված հուշարձան պետք է դրվեր Հայաստանի անկախանալու առաջին օրերին՝ որպես ազգային արժանապատվության խորհրդանիշ։ Ցավոք, այսօր, երբ կարծես մենք ունենք 32-ամյա պետություն, հասկանալիորեն նորից հարց է բարձրացվում նոր հայոց Նեմեսիսի։ Հիշեցնեմ, որ Նեմեսիս իրականացվեց նաև հայ մատնիչ-դավաճանների նկատմամբ։ Իրական պետություն ունենալու պարագայում նման գործողություններն իրականացնում են պետական հատուկ ծառայությունները, ինչպես Իսրայելում։