«Խոսել եմ լկտիության երկու դրսևորման մասին». Հայկ Մամիջանյան

Մյունխենում կայացել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, որին մասնակցել է նաև ԵԺԿ անդամ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

168.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իր ելույթը կառուցել է Հայաստանին ու Արցախին առնչվող շեշտադրումներով:

«Խոսել եմ լկտիության երկու դրսևորման մասին: Առաջինը վերաբերում է Ադրբեջանին, որ ոչ միայն չեն կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև նույնիսկ անցակետ են տեղադրել, և չնայած միջազգային հանրության, միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ ԵԺԿ հայտարարություններին՝ շարունակում են շրջափակման մեջ պահել Արցախը: Եվս մեկ անգամ շեշտել եմ՝ Արցախի անվտանգության միակ ամենավստահելի երաշխիքը կարող է լինել ինքնորոշման իրավունքի իրացումը:

Երկրորդ լկտիությունը. չնայած Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի հայտարարություններին՝ Հայաստանում շարունակվում են հակաժողովրդական գործընթացները, ուժայինների օգտագործումը քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումների ուղղությամբ: Մասնավորապես, արդեն երրորդ անգամ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին թույլ չեն տալիս մասնակցել ԵԺԿ միջոցառումներին:

Կարդացեք նաև

Մենք այստեղ՝ ԵԺԿ-ում, միշտ առաջ ենք տարել պետական շահերը, և գործող պոպուլիստական իշխանությունները, փաստացի, ներքաղաքական, ճղճիմ քրեական գործերի միջոցով, ճնշումներն ավելի շատ են կարևորում, քան մեր կողմից ԵԺԿ-ի հարթակի օգտագործումը Արցախի և մեր երկրի անվտանգային խնդիրների բարձրաձայնման համար»,- մանրամասնեց պատգամավորը:

Ավելի վաղ 168.am-ը հրապարակել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը, որում նա մասնավորապես տեղեկացնում էր. «Քաղաքական հետապնդումների ենթարկելու շրջանակներում իմ դեմ հարուցված հիմարագույն և տխմար քրեական գործի պատրվակով կրկին մերժել են Եվրոպայի ամենախոշոր և իշխող՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մոտ օրերս մեկնարկող Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով ինձ ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ:

Սա երրորդ անընդմեջ դեպքն է, երբ Նիկոլին հլու-հնազանդ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ջանք չեն խնայում խոչընդոտելու իմ շփումները եվրոպական քաղաքական վերնախավի հետ:

Այս ամենը, բնականաբար, պատահականություն չէ և խնդիրը Հայաստանից իմ «փախնելը» չէ (խաշած հավի ծիծաղը կգա նման վարկածից) կամ, այսպես կոչված, քրեական գործին խոչընդոտելը (ՀՀ-ից ցանկության դեպքում տեսականորեն ավելի հեշտ է խոչընդոտել, քան՝ արտերկրից):

Ուստի, Արցախի շուրջ սեղմվող օղակի ու Նիկոլի աշխարհաքաղաքական խաղերի շրջանակներում ընդդիմության առաջատար ուժերից մեկի բարձր մակարդակով մասնակցության կանխումը նման քաղաքական համաժողովներին նպատակ ունի, այո, լռեցնելու հայկական պետական շահերը համառորեն ներկայացնող ուժին, ինչպես նաև՝ արգելել Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի մասին ինֆորմացիայի «դեմ առ դեմ» արտահոսքերը՝ մարդու իրավունքներ, կոռուպցիա և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս