Առլինգթոնյան ձախողումը՝ Մոսկվայի հնարավորություն․ Ի՞նչ նախաձեռնությամբ հանդես կգա Մոսկվան

Նախօրեին Առլինգթոնում՝ Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում, ավարտին հասան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո։

Մայիսի 1-ից մեկնարկած բանակցային սերիան ներառեց երեք եռակողմ և երկու ուղիղ հանդիպումներ՝ ավարտին հասնելով մայիսի 4-ին։ Քառօրյա բանակցություններին հաջորդեց կողմերի համատեղ հայտարարությունը․ «Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երկկողմ համաձայնագրի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ»:

Ամփոփելով առլինգթոնյան բանակցությունները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։

«Երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսևորեցին հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ առաջարկել է նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեկ նաև ելույթ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած փակման լիագումար նիստում՝ հայտարարելով, որ Վաշինգտոնի արվարձանում անցկացված բանակցություններում «երկու կողմերը քննարկել են մի շարք շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»:

«Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների կառուցած հիմքը ցույց են տալիս, որ համաձայնագիրն իսկապես հասանելի է մեզ»,- նշել է Բլինքենը: Պետքարտուղարի համոզմամբ՝ խաղաղության համաձայնության ձեռքբերումը «ոչ միայն պատմական իրադարձություն կլինի, այլ նաև կհամապատասխանի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և շատ դրական հետևանքներ կունենա նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս»:

Ուշագրավ էր բանակցությունների ավարտին շրջանառության մեջ հայտնված ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, փորձառու նախկին դիվանագետ Ջեյմս Ուորլիքի՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցը, որում նա անիրատեսական է համարել այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը։

Նրա խոսքով, առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ՝ կոմունիկացիայի, փախստականների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր:

Դեսպան Ուորլիքը կարևորում է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը կգոհացնի կողմերին, անհնար է հասնել տևական խաղաղության:

«Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին, հատկապես՝ Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար»,- ասել է Ուորլիքը:

Դեսպան Ուորլիքի կողմից սա ռազմավարական արձանագրում է, քանի որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ առլինգթոնյան բանակցություններում կարգավիճակի հարց բացարձակ չի բարձրացվել, ինչը, թերևս, կարելի է նաև բնական համարել, քանի որ հայկական կողմն ինքնին կարգավիճակի հարցում իր նշաձողը վաղուց իջեցրել է և անդրադառնում է միայն արցախահայության «իրավունքների և անվտանգության հարցին»։

Պետքարտուղարության ներկայացուցիչ Լուիս Բոնոն բանակցությունների մեկնարկին նշել էր, որ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը: Թերևս, ավելորդ է նույնիսկ նշել, թե էթնիկ փոքրամասնությունն իրենից ինչ է ենթադրում։ Այնուամենայնիվ այս բանակցություններում Վաշինգտոնն ուներ պլան մաքսիմում, որն էր՝ վերոնշյալ համաձայնագրի վերջնական համաձայնեցումը, գուցե՝ նախաստորագրումը, որին կհաջորդեր Փաշինյան-Ալիև մակարդակով համաձայնագրի ստորագրումը եվրոպական հարթակներից մեկում, և խոսքը մասնավորապես հունիսի 1-ին Քիշնևում սպասվող ԵՔՀ-ի հերթական գագաթնաժողովի մասին էր՝ Պրահայի օրինակով։ Վաշինգտոնյան բանակցություններին հաջորդող գլխավոր հարցը՝ ինչ սպասել գործընթացից։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ բանակցությունների ավարտին Էնթոնի Բլինքենի խոսքում արտացոլված է իրականությունը, և դիվանագիտական ենթատեքստը նույնիսկ բարդ չէ կարդալ։

Ըստ նրա, բնականաբար, քննարկումները նման հեղինակավոր հովանու ներքո որոշ հարցերում կողմերի մոտ հստակություն են բերել, գուցե մեղմել են առկա լարված մթնոլորտը, բայց ծանր հարցերում կրկին կոնսենսուս ձեռք չի բերվել, ինչը շատ կցանկանար ամերիկյան կողմը։

«Ես, թերևս, մնում եմ այն համոզմանը, որ ԱՄՆ-ը լավ չի պատկերացնում այս հակամարտության առանձնահատկությունները։ Այս իմաստով, թերևս, նախկին համանախագահ Ուորլիքն ավելի իրատես ու պրակտիկ է, իսկ թե ինչո՞վ է դա պայմանավորված՝ չեմ կարող ասել, գուցե նրանով, որ նա աշխատել է ԵԱՀԿ Մինսկի խմբում, տևական ժամանակ աշխատել է կողմերի հետ, այդ թվում՝ ՌԴ մասնակցությամբ, և լավ է պատկերացնում, թե որ դեպքում է հնարավոր խաղաղություն Հարավային Կովկասում։ Սակայն ես նաև այն համոզմանն եմ, որ կողմերը համաձայնության չեն գալիս ոչ այնքան ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ (քանի որ հայկական կողմը նման հարց չի բարձրացնում), այլ մյուս հարցերի՝ գուցե սահմանազատման և կոմունիկացիաների հարցերի շուրջ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Լուկիանովը գտնում է, որ ՌԴ ԱԳՆ-ն չսխալվեց, երբ անմիջապես չքննադատեց Պետքարտուղարության նախաձեռնությունը և չմեղադրեց ԱՄՆ-ին ապակառուցողականության մեջ, քանի որ ՌԴ-ն ավելի լավ է պատկերացնում խնդիրների խորքը։

Նրա որակմամբ, միամտություն է կարծել, որ տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունն Արևմուտքի թեկուզ ակտիվության դեպքում մեկ ամսում կհանգուցալուծվի։

«Ի վերջո, հակամարտությունը չի լուծվում առաջին հերթին կողմերի համաձայնության չգալու պատճառով, իսկ ՄԽ համանախագահ երկրների դերը կարևոր է, բայց ոչ այնքան առանցքային, որ ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի ցանկությունը տեղում իրականանա։ Կարծում եմ՝ Վաշինգտոնի այս լիովին չստացված նախաձեռնությունից հետո հնարավորություն է ընձեռվում Մոսկվային ներդրվել գործընթացում, կազմակերպել հանդիպում, հանդես գալ նախաձեռնողական օրակարգով և ոչ ռեակտիվ, որից ՌԴ դիրքերն էականորեն տուժում են։

Այստեղ ստեղծարարության պակաս կա, ինչը գուցե նաև պայմանավորված է ռեսուրսի պակասով։ Բայց Ռուսաստանը պետք է պատրաստ լիներ ճգնաժամերին ամենուր: Ավելի մեծ ճգնաժամից վախերն անընդհատ ավելի մեծ խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի համար։ Ուստի հերթը Ռուսաստանի քայլինն է, բայց միևնույն ժամանակ մեծ ակնկալիքներ ևս չունեմ հնարավոր արդյունքներից»,- ասաց նա։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը, ելույթ ունենալով Պրահայի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնում, ասել էր, որ մոտ ապագայում կայցելի Ռուսաստան։

«Հաջորդ շաբաթ կգնամ Մոսկվա»,- նշել էր նա։

Անդրադառնալով այս հայտարարությանը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի ազդարարել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին, սակայն նշել է, որ «կան որոշակի ծրագրեր»։

Ֆյոդոր Լուկիանովի գնահատմամբ՝ սա ուշագրավ տեղեկություն է։ «Կարևոր է նաև, որ նման հանդիպում նախատեսվում է հենց այս փուլում, կարծում եմ՝ բավականին լայն օրակարգ կա քննարկելու՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ ռեգիոնալ, հատկապես այն տեղեկությունների ֆոնին, թե կողմերի միջև լարվածություն կա։

Այնուամենայնիվ, Ռուսաստանը մնում է խաղացող, Ադրբեջանն այդ դերը լիովին չի մերժում, և ՌԴ միջնորդական հնարավորությունները սպառված չեն։ Բացառված չէ, որ ՌԴ զգուշավորությունը նաև հիմնված է հստակ հաշվարկի վրա, սակայն դա հստակորեն պնդելը բարդ է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս