Կարեն Անդրեասյանի ճղճիմ վրեժխնդրությունը. Ինչո՞ւ է Արման Հովհաննիսյանի անունը հանվել ցուցակից
Այսօր հայտնի դարձավ, որ դատավորներ Արման Հովհաննիսյանը, Տաթևիկ Գրիգորյանն ու Գնել Գասպարյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի որոշմամբ՝ հանվել են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից:
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է 11 կետ, որոնք նշում են, թե որ դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը կարող է հանվել ցուցակից: Այդ կետերից միայն մեկն է ասում, որ դատավորի անունն առաջխաղացման ցուցակից կարող է հանվել, եթե առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր, և հենց այդ «հիմքն» է ընկած որոշման հիմքում, սակայն որևէ մեկը չգիտի՝ այնուամենայնիվ, էդ ի՞նչ էր գտել ԲԴԽ-ն, որ թեկնածուները 10 կոնկրետ կետերի պահանջներին բավարարում էին, բայց չէին բավարարում առեղծվածային 11-րդ կետի պահանջներին:
Վերջերս, պայմանավորված ԲԴԽ անդամի պաշտոնում Արշակ Վարդանյանի ընտրության փաստով, բացարձակ կոնսենսուսից գրեթե բացարձակ-ի վերափոխված ԲԴԽ-ի պարագայում այս որոշումը, իհարկե, սպասելի էր: Պարզ է, որ այս երեք դատավորները Կարեն Անդրեասյանի սրտով չեն եղել, ինչն էլ դարձել է նրանց այս ցուցակից հանելու պատճառ:
Սա Կարեն Անդրեասյանի համար յուրատեսակ վրեժխնդրություն է. նրա նուրբ հոգին թերևս փառավորվում է նման «հաղթանակներից»:
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին Կարեն Անդրեասյանը կրեց իր կարիերայի ջախջախիչ պարտություններից մեկը, երբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթելով իշխանության սրտի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանին, դարձավ ԲԴԽ անդամ: Եվ սա այն դեպքում, երբ ԲԴԽ նախագահը Նիկոլ Փաշինյանին գոհացնելու համար արել էր հնարավորինն ու անհնարինը:
Հուսանք, օրինակ, ՀՀԿ-ական Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ ճանաչած ու նրան ազատ արձակած Տաթևիկ Գրիգորյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակած Գնել Գասպարյանին ու բազմաթիվ աղմկահարույց քրեական գործեր քննած, քաղաքական իշխանության և որևէ մեկի կամքն ու ցանկությունները երբևէ չկատարած Արման Հովհաննիսյանին առաջխաղացման ցուցակից հանելը փոքր-ինչ կսփոփի Կարեն Անդրեասյանի խոցված ինքնասիրությունը:
Կարեն Անդրեասյանն ամեն ինչ անում է Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանից ազատվելու համար. չի ստացվում, որովհետև սողանցք չունի: Դատավորն իր աշխատանքով ամեն օր ապացուցում է՝ կարգապահական վարույթներն ու մանր քինախնդրությունները ոչ մի արժեք չունեն, երբ դու ոչ թե պայմանական Արմեն Դանիելյան ես, այլ Արման Հովհաննիսյան:
Բայց հետաքրքիր է՝ օրինակ, ըստ Կարեն Անդրեասյանի, ո՞վ է արժանի ընդգրկվել առաջխաղացման ցուցակներում… Դե՜, բացի իր կամքն անվերապահորեն կատարող դատավորներից, օրինակ՝ Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորած Մեսրոպ Մակյանից:
168.am-ի տեղեկություններով՝ փայլուն, ընդգծված դրական եզրակացություն է տրվել նաև Արման Հովհաննիսյանի բարեվարքության վերաբերյալ: Բացի դրանից, դատավորների աշխատանքը գնահատող հանձնաժողովի կողմից Արման Հովհաննիսյանի աշխատանքն արդյունավետության 100 միավորանոց սանդղակով գնահատվել է 100: Եվ այս դեպքում թե ինչու են դատավորի անունը հանել առաջխաղացման ցուցակից, մնում է վերագրել նրա նկատմամբ Կարեն Անդրեասյանի ունեցած կանխակալ վերաբերմունքին:
Եվ եթե այս մասնագիտական ու մարդկային նկարագիրն ունեցող դատավորն արժանի չէ առաջխաղացման, մնում է խորը ցավ ապրել Արման Հովհաննիսյանին ցուցակից հանելուն կողմ քվեարկածների ու նրանց կուրատորի համար՝ բացարձակ կոնսենսուսով:
168.am-ը խոստանում է առաջիկայում հրապարակել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի բարեվարքության եզրակացությունը. Կարծում ենք՝ բավականին ուշագրավ կլինի, հատկապես համեմատության մեջ: