Ո՞ր «ծվարած» կոռուպցիոների թեթև ձեռքով է ՄԻԵԴ-ի վճռով պատասխանատու հռչակված, աշխատանքից ազատված Սամվել Թադևոսյանը հայտնվել դատավորների առաջխաղացման ցուցակում

Երբ 2023թ. հուլիսի 3-ին Կարեն Անդրեասյանի անվան Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) «Շոլցի» գործով դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները, որովհետև այդ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) վճիռ էր եկել, իսկ նշված դատավորները հռչակվել էին պատասխանատու, նրանցից մեկը շուստրիություն արեց ու պլստաց: Խոսքը այդ գործով պատասխանատու հռչակված Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի մասին էր, ով, մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը, հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ պահանջել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ. հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։

Հիմա՝ ուշադրություն:

Երեկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ  որոշում է ստորագրել, և այդ ցուցակում մի ուշագրավ անուն կա:

Կարդացեք նաև

Պարզվում է՝ քաղաքացիական մասնագիտացմամբ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը գլխավորում է ներկայումս գործազուրկ Սամվել Թադևոսյանը, նույն այն Սամվել Թադևոսյանը, ով նախապես, որպեսզի իր վերաբերյալ կարգապահական վարույթ չքննվի, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:

Հիմա Կարեն Անդրեասյանը, նույն այն Կարեն Անդրեասյանը, ով օրեր առաջ հարցազրույց էր տվել Լևոն Բարսեղյանին ու ասել, որ «Մեր չլուծված խնդիրը «ծվարած» կոռուպցիոներներն են», թող պատասխանի՝ այդ ինչպե՞ս, ո՞ր ծվարած կոռուպցիոների թեթև ձեռքով է 8 ամիս առաջ կարգապահական պատասխանատվությունից խուսափելու համար աշխատանքից ազատված Սամվել Թադևոսյանն ընդգրկվել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում:

Ընդ որում, 168.am-ի տեղեկություններով, Սամվել Թադևոսյանը չի էլ պատրաստվում քաղաքացիական գործեր քննել. ինքն ուզում է պաշտոնավարել Սնանկության դատարանում: Այսինքն՝ նրա տեղը Սնանկության դատարանում պահած է, ու ինքը հույս ունի կամ վստահ է՝ արդարադատություն կիրականացնի հենց այնտեղ:

Ստացվում է՝ ՄԻԵԴ-ից եկած վճռով, «Շոլցի» գործով առաջին ատյանի դատավոր, այդ գործով պատասխանատու հռչակված դատավոր Սամվել Թադևոսյանը դիմում գրեց, աշխատանքից ազատվեց, որ իր լիազորությունները ՄԻԵԴ-ից եկած վճռի հիմքով կարգապահական վարույթի արդյունքում չդադարեցվեն, ինչպես եղավ նրա գործընկերների դեպքում, ապա շատ հանգիստ, նախապես գծած սխեմայի վերջին կետով հայտնվեց դատավորների առաջխաղացման ցուցակում:

Հիմա կրկնենք մեր հարցը՝ Կարեն Անդրեասյանը պատասխան ունի՞, ո՞ր «ծվարած» կոռուպցիոներն է սրա հեղինակը:

Տեսանյութեր

Լրահոս