Չեխիան աջակցում է խաղաղ լուծման միտված Հայաստանի ջանքերին. Վարչապետ Ֆիալա
Չեխիան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը:
Այս մասին ասաց Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում Չեխիայի կառավարությունն ինչո՞ւ է լռում, ինչո՞ւ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ:
«Պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման: Մենք դրա համար հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք խաղաղ լուծման միտված Հայաստանի ջանքերին»,-ասաց Չեխիայի վարչապետը:
Նա կարծում է, որ չպետք է այդ ճանապարհին խոչընդոտները կամ խնդիրները դիտարկել, ընդհակառակը՝ պետք է փորձել տևական խաղաղության հասնել:
«Իսկ դրա համար մեզ երկու կողմերից անհրաժեշտ է բարի կամք: Այնպես չէ, որ մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի: Մենք ԼՂ-ի մարդասիրական իրավիճակի մասին մտահոգություն հայտնել ենք, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է: ԵՄ-ն հայտարարություն է արել: Եվ մենք այդ հայտարարությանը կողմ ենք, սատարում ենք: Այնտեղ կոչ է արվում ապահովել անվտանգությունը, ազատությունը, ԼՂ բնակիչների տեղաշարժի անվտանգությունը և այլն»,-ասաց Պետեր Ֆիալան:
Սակայն նա կարևորեց ապագայի մասին մտածելը:
«Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղության միտված տեսանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է ՀՀ վարչապետը: Ես դա ճիշտ մոտեցում եմ համարում, դա է ճիշտ ուղին: Նա կարող է ակնկալել մեր, ԵՄ այլ անդամ պետությունների աջակցությունը: Պետք է մտքում պահել մի հանգամանք՝ սա չի կարող ժամանակավոր լուծում լինել, մենք բոլորս պետք է դիտարկենք, թե ինչպես կարելի է լավագույն մոտեցում ու զարգացում ապահովել Հայաստանի համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն տևական խաղաղություն ու անվտանգություն տարածաշրջանում: Սա պետք է լինի մեր ընդհանուր նպատակը մեր բոլոր աշխատանքներում»,-եզրափակեց Չեխիայի վարչապետը: