«Իմ գանձին եմ կորցրել, զոհվեց հարսանիքի օրը. 5 ամիս է՝ տուն չեմ կարողանում գնալ». Հայաստան մայրիկ
«Ես կորցրել եմ իմ գանձին, 5 ամիս շրջափակման մեջ ենք մնացել: Խնդրում եմ, իմ հայ ժողովուրդ, Արցախի՛ ժողովուրդ, դո՛ւրս եկեք, գնալու ճանապարհ ես չունեմ: 5 ամիս մնացել եմ, վարձով եմ մնում, ես պայքարելու եմ մինչև վերջ՝ Հովոյիս արյան համար: Դուք խիղճ չունե՞ք: Իմ դուռը փակ է մնացել Արցախում: Շուշին կորցրել եմ, տղայիս կորցրել եմ, տունս կորցնում եմ Ստեփանակերտում: Ասել եմ՝ գալու եմ քո ամառանոցում ապրեմ՝ իմ Շուշիի Քարին տակի ժողովրդի հետ: Ճանապարհը բացեք, դուրս եկեք մեր դիմաց, մենք անզեն մարդիկ ենք»,- Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր տիկին Հայաստանը, որի որդին, ինչպես ինքը հայտարարեց, զոհվել է իր հարսանիքի օրը:
«Ո՞նց եք ասում՝ գնացեք, թուրքի հետ ապրեք: Ո՞նց ապրեմ թուրքի հետ: Թուրքը մորթում է մեր զոհված զինվորներին: Ես մենակ իմ տղայի համար չեմ խոսում: Ո՞նց անցնենք անցակետով: Քո ընտանիքի հետ իջի գնա, մենք կգանք: Դու ամեն ինչ խոստացար, ինչո՞ւ չկատարեցիր: Ես չեմ ուզում՝ Եռաբլուրը մեծանա, չեմ ուզում Արցախը կորցնել: Թուրքի հետ եք ուզում ապրել, գնացեք ապրեք, ի՞նչ եք ուզում մեզանից»,- հայտարարեց զոհված զինվորի մայրը: