Իրական աճն ու քարոզչական փուչիկները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե վերջին 6 տարիների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտները դինամիկ աճ են արձանագրել: Ըստ նրա՝ հրապարակման՝ 2023 թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտներն աճել են 2.1 անգամ:

Այս թեզը լայնորեն օգտագործվում է իշխանական քարոզչության կողմից, իսկ դրա հիմքում ընկած է՝ «որքան վատ էր նախկինում, և որքան հրաշալի է այսօր» պարզունակ մանիպուլյացիան։

Խնդիրն այն է, որ բացարձակ, թվային իմաստով վիճակագրությունն իսկապես արձանագրում է գովերգվող աճը, որն առանց դրա մանրամասների ներկայացվում է՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Մինչդեռ տնտեսական աճի, այդ թվում՝ հարկային եկամուտների աճի ոչ թե բացարձակ մեծությունները, այլ բովանդակությունը և որակը հասկանալու համար, անհրաժեշտ է քննարկել դրա կառուցվածքը և դրա վրա ազդող հիմնական գործոնները։ Այդ տեսանկյունից, քննարկվող ժամանակաշրջանում արձանագրված աճն ունեցել է առավելապես՝ մեխանիկական, և նվազագույն չափով՝ որակական արտահայտություն։

Երևույթի կառուցվածքային շերտերը հասկանալու համար կարևոր է առնվազն հարկատուների խոշորացված (ոլորտային) խմբերով բացահայտել, թե ինչի՞ հաշվին է տեղի ունեցել այդ 2.1 անգամ աճը, որից հետո միայն հնարավոր կլինի պատկերացում կազմել այդ աճի ապահովման ուղղությամբ գործադրված ջանքերի (այդ թվում՝ վարչարարական) մասին:

Ըստ այդմ, եթե դիտարկենք, թե այդ աճը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկատուների ո՞ր ոլորտային խմբերի հաշվին և ի՞նչ գործոնների արդյունքում է տեղի ունեցել, ապա պարզ է դառնում հետևյալը.

ա. Ֆինանսական հատվածի հարկ վճարողներ

Պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ֆինանսական ծառայությունների և դրանց գների շեշտակի աճով՝

– 2023 թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ միայն բանկերի զուտ շահույթն աճել է 3.5 անգամ (70.0 մլրդ դրամ՝ 20.1 մլրդ դրամի փոխարեն):

– 2022թ. բանկերի տարեկան զուտ շահույթը (որը հիմք է հանդիսանում 2023թ. առաջին եռամսյակի շահութահարկի կանխավճարի վճարման համար) 2017թ. համեմատ (որը հիմք է հանդիսացել 2018թ. առաջին եռամսյակի շահութահարկի կանխավճարի վճարման համար) աճել է 4.2 անգամ (255.6 մլրդ դրամ՝ 60.9 մլրդ դրամի փոխարեն):

բ. Ակցիզային հարկ վճարողներ (ծխախոտ, սպիրտային խմիչքներ)

Սկսած 2018թ. հունվարի 1-ից՝ ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի շարունակաբար ավելացել են: Արդյունքում՝

– 2023թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ սպիրտային խմիչքների համար ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափն ավելացել է 4.7 անգամ (1 լիտրի համար 3430 դրամ՝ 725 դրամի փոխարեն):

– 2023թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ծխախոտի ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափն ավելացել է ավելի քան 2.0 անգամ (1 տուփի համար 292.8 դրամ՝ 145.5 դրամի փոխարեն):

գ. Շինարարության (կառուցապատման) ոլորտի հարկ վճարողներ

Պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ինչպես նաև նորակառույց բնակարանների գնման դեպքում վարկային տոկոսի գումարը եկամտային հարկի տեսքով վերադարձնելու մեխանիզմի աստիճանական վերացմամբ (ի դեպ, այս մեխանիզմը ներդրվել էր 2015թ., իսկ 2021թ. հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ՝ 2025թ. հունվարի 1-ից սկսած Երևան քաղաքում այլևս չի գործելու) նորառակույց անշարժ գույքի օտարման գները կտրուկ աճել են, քանի որ մեծացել է նաև պահանջարկը: Արդյունքում, ըստ փորձագիտական գնահատականների.

– 2023թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ նորակառույց անշարժ գույքի օտարման գներն աճել են ավելի քան 2.0 անգամ:

դ. Հանքարդյունաբերության ոլորտի հարկ վճարողներ

Մետաղների միջազգային գների աճի և կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝

– 2023թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ մետաղների (մասնավորապես, պղնձի) միջազգային միջին գներն աճել են 30 տոկոսով:

– 2023թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում իրականացնող ընկերությունների ռոյալթիի կանխավճարի մեծությունն ավելացել է 20 տոկոսով:

– ոչ մետաղական հանքերի համար բնօգտագործման վճարն ավելացել է 30 տոկոսով:

ե. Առևտրի և ծառայությունների ոլորտի հարկ վճարողներ

Վերջին 5 տարիներին առկա է գնաճի աննախադեպ բարձր տեմպ: Անգամ, սպառողական որոշ ապրանքների մասով գնաճի տեմպը (որոշ ապրանքների մասով՝ ավելի, քան 2 անգամ) վերջին 5 տարիներին եղել է ավելի բարձր, քան հարկային եկամուտների աճի տեմպը:

զ. Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողներ (գազ, էլեկտրաէներգիա,  ջուր)

2023թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ հանրային ծառայությունների մատուցման սակագները նույնպես աճել են: Կախված առանձին սպառողների խմբերից, էլեկտրաէներգիայի սակագինն աճել է 3.5-23.7%-ով, ջրինը՝ 8.4-8.9%-ով, գազինը՝ 3.4-10.4%-ով:

1. Ըստ հրապարակման՝ Հայաստանի պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի ծավալը 2023թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 70.2%-ով:

Վերը նշված աճը հեռու է զարմացնող համարվելուց, եթե այն համեմատում ենք 5 տարվա կտրվածքով նախորդող համադրելի ժամանակաշրջանների հետ: Այսպես՝

ա. 2018թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը 2013թ. նույն ժամանակահատվածի համադրելի մեծությունների համեմատությամբ աճել են 34 %-ով: Իսկ դա նշանակում է, որ եթե 2013-2018թթ. առկա լինեին վերը նշված այն նույն գործոնները, որոնք եղել են վերջին հինգ տարիներին, ապա 2018թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջե վճարված հարկերի ծավալի աճը 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կլիներ ավելի մեծ, քան 70.2 տոկոս աճն է:

բ. Ավելին, 2013թ. առաջին եռամսյակում իր հերթին 2008թ. առաջին եռամսյակի համեմատությամբ Հայաստանի պետական բյուջե վճարված հարկերի ծավալն աճել է 78.6%-ով, ինչն ավելի մեծ աճի տեմպ է, քան նշված 70.2%-ը:

Տեսանյութեր

Լրահոս