Կառավարությունը պատրաստվում է հերթական բլեֆ-շոուն բեմադրել

Միակ բանը, որ կառավարության մոտ լավ է ստացվում, շոուներ բեմադրելն է։ Անցած հինգ տարիներին նման բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել։ Թե ի՞նչ է շահել այդ ամենից հասարակությունը, տեսնում ենք։

Ունենք այն, որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, երկիրը գտնվում է անվտանգային խորը ճգնաժամի մեջ։

Չնայած դրան, փորձում են ցույց տալ, որ անգամ այդ պայմաններում երկիրը մեծ տեմպերով զարգանում է, տնտեսությունը թռիչքային աճեր է գրանցում, բյուջեի եկամուտներն են թռիչքային ավելանում, տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են բացվում, աշխատավարձերն են ավելանում։ Այս ամենի նպատակը մեկն է՝ համոզել հասարակությանը, որ, եթե անվտանգային այսպիսի միջավայրում է տնտեսությունը մեծ տեմպով զարգանում, միայն պետք է պատկերացնել, թե ինչ կլինի, երբ  խաղաղության համաձայնագիր ստորագրեն և լուծեն անվտանգային խնդիրները։

Ու, քանի որ առաջիկայում պատրաստվում են հերթական ցավոտ փաստաթուղթը ստորագրել, այժմվանից փորձում են հասարակությանը համոզել, թե ինչպիսի պայծառ ապագա ու բարվոք կյանք է սպասվում իրենց՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ոչինչ, որ կարող են էլի զիջումներ արվել։ Կարևորը՝ հետո լավ է լինելու՝ տնտեսությունն արդեն հիմա տեմպով զարգանում է, բյուջեի եկամուտներն են պատմական ռեկորդներ գրանցում, աշխատատեղեր են բացվում տասնյակ-հազարներով, աշխատավարձերն են բարձրանում, մարդկանց կյանքն է բարելավվում։

Կարդացեք նաև

Որպեսզի սրանում համոզեն հասարակությանը, պատրաստվում են հերթական շոուն բեմադրել։

Առաջիկայում Ազգային ժողովում սկսվելու են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները և արդեն այժմվանից տրված է շոուի մեկնարկը։

«Աննախադեպ» ձեռքբերումների ու գրանցած հաջողությունների շքերթը մեկնարկեց կառավարության նիստում, երբ հաստատվեց անցած տարվա բյուջեի կատարողականը՝ Ազգային ժողով ուղարկելուց առաջ։ Ֆինանսների նախարարը բյուջեի եկամուտների ու ծախսերի բարձր աճերից է խոսում, բայց խուսափում է ասել, որ թերակատարվել է բյուջեի ճշգրտված պլանը։

Ծախսերը, ճշգրտված պլանի համեմատ, պակաս են կատարվել։ Ինչպես միշտ, պակաս են կատարվել հատկապես կապիտալ ծախսերը։ Ոչ մի նշանակություն չունի, որ նախորդ տարվա համեմատ դրանք ավելացել են։ Ճշգրտված պլանը թերակատարվել է, ու դա բավարար է ասելու, որ կառավարությունը լավ չի աշխատել։ Չի կատարել այն ծրագրերը, որոնք պարտավորվել էր կատարել։ Թերացել է իր աշխատանքում ու վնասել տնտեսությանը։

Իսկ որ բյուջեի եկամուտներն ավելացել են, դա էլ իր պատճառներն ունի։ Հայտնի գործոններն են, որ նպաստել են՝ ինչպես տնտեսության աճին, այնպես էլ՝ հարկային եկամուտների ավելացմանը։ Չլինեին այդ գործոնները, կերևար կառավարության աշխատանքի իրական արդյունքը։

Չնայած արդեն երևում է. տնտեսության մեջ հարկերի հավաքագրման առումով առաջընթաց չկա, ինչը շատ ավելի կարևոր ցուցանիշ է, քան այն, որ անվանական արտահայտությամբ բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են։ Դա նշանակում է, որ խորացել է տնտեսության ստվերը։

Կառավարությունը նախատեսել էր անցած տարի՝ սկզբում 0,7, վերանայելուց հետո՝ 0,5 տոկոսային կետով բարելավել ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման ցուցանիշը։ Բայց ձախողել է։ Ցուցանիշը մի բան էլ վատացել է։ Մեկ տարի առաջ 22,73 տոկոս էր, անցած տարի դարձել է 22,66 տոկոս։ Ընդ որում, դա տեղի է ունեցել որոշ ոլորտներում հարկային բեռի բարձրացման պարագայում, ինչն ավելի է ընդգծում կառավարության թերացումը։

Խոսում էին հարկերի հավաքման պատմական ռեկորդների մասին, իսկ հավաքագրման մակարդակն ընկել է։

Սա է անցած տարվա պետական բյուջեի կատարման՝ կառավարության աշխատանքի «լավագույն» գնահատականը։

Թե չէ, որ հարկերն ավելացել են, բնական է, հատկապես նման բարձր գնաճի ու տնտեսական աճերի պարագայում, թեկուզ և այդ աճերը տնտեսության բուն զարգացումների հաշվին չեն եղել։ Դրանք պայմանավորվել են գերազանցապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ։

Բայց այդ հակամարտությունը հավերժ չէ, որպեսզի Հայաստանի տնտեսությունն էլ միշտ տնտեսական ու բյուջեի եկամուտների բարձր աճեր արձանագրի։ Քանի դեռ հակամարտությունը պահպանվում է, գուցե և այդպես լինի, չնայած դրա հավանականությունն էլ փոքր է, և առաջիկայում անպայման կտեսնենք տնտեսական աճի ու բյուջեի եկամուտների ցուցանիշներում։

Բայց քանի դեռ այդպես չէ, կառավարությունը փորձելու է օգտվել հանկարծակի առաջացած արտակարգ հնարավորություններից և հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ չնայած անվտանգային լուրջ խնդիրներին, իրեն հաջողվել է վագրային թռիչքներ ապահովել։ Չի ասում, որ այսօրվա աճերը կապ չունեն անվտանգային ճգնաժամի հետ։ Դրանք աճեր են, որոնք պայմանավորված են հայտնի գործոններով։ Երբ կդադարեն այդ գործոնները թողնել իրենց ազդեցությունը, այն ժամանակ էլ կավարտվեն տնտեսության ու հատկապես բյուջեի նաև անվանական եկամուտների աճերը։

Բյուջեի անվանական եկամուտները, որոնցով այդքան հպարտանում են իշխանությունները, ավելացել են բանկերի մոտ, որտեղ, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով, մեծ գումարներ են պտտվում և մեծ շահույթներ գոյանում, ինչպես նաև այնպիսի ընկերություններում, որոնք զբաղված են առևտրով, այն էլ՝ դրսից ներմուծված ապրանքների առևտրով, որոնց մի մասը ներմուծվում է ռուսական շուկայի համար։ Ներմուծման այդ աճն է նպաստել, որպեսզի այդ ընկերությունների վճարած հարկերն ավելանան։ Կան ընկերություններ, որոնք այս գործոնի շնորհիվ անգամներով ավելացրել են հարկերը, կառավարությանն էլ թվացել է, թե տնտեսությունն է զարգացրել, ու հարկերը դրանից են ավելացել։

Պատահական չէ, որ այդ աճերից հասարակության հիմնական մասը ոչինչ չի ստացել։ Սոցիալական բևեռացումն է խորացել՝ եկամուտների անհամաչափ բաշխման հետևանքով։

Դուրս եկեք փողոց ու հարցրեք մարդկանց, թե ինչքանով է իրենց կյանքը բարելավվել՝ տնտեսական աճերի ու բյուջեի եկամուտների ավելացման, հայտարարվող աշխատատեղերի աճերի ու աշխատավարձերի բարձրացումների պայմաններում։ Կհամոզվեք, որ շատ-շատերի մոտ ճիշտ հակառակն է եղել։

Բլեֆ է այն, երբ ասում են, թե աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գնաճը։ Դա շատ քչերին է վերաբերում։ Զարմանալի չէ, որ մանրածախ առևտրի ոլորտում ունենք սպառման չնչին աճ։ Այն էլ՝ 8-9 տոկոս միջին ու լայն սպառման ապրանքների կրկնակի-եռակի ավելի բարձր գնաճի պարագայում։ Եվ սա՝ դրսից լրացուցիչ բավական մեծ պահանջարկի ձևավորման պայմաններում։

Այս ամենի մեջ կառավարության ու իշխանությունների աշխատանքի արդյունքը միայն իրենք են տեսնում։ Սովորական քաղաքացին այդ արդյունքը չի տեսնում։

Կառավարության աշխատանքի արդյունքը շատ լավ երևում է պետական պարտքի ցուցանիշներում։ Ֆինանսների նախարարը հայտարարում է, թե պարտքի բարելավում ունենք, արտաքին պարտքը նույնիսկ նվազել է։ Այն պարագայում, երբ ներքին պարտքն է ավելի բարձր տեմպերով աճել։ Ու դրա արդյունքում անցած տարի տարադրամով արտահայտված պետական պարտքն ավելացել է ևս 1,4 մլրդ դոլարով։

Եվ ոչ միայն ավելացել է, այլև կտրուկ թանկացել՝ թանկ պարտքեր վերցնելու պատճառով։ Սրա մասին, իհարկե, կառավարությունում գերադասում են չխոսել։

Փոխարենը՝ խոսում են պարտքի ցուցանիշների բարելավման մասին։ Որ ՀՆԱ-ի նկատմամբ տեղի է ունեցել պարտքի ցուցանիշների բարելավում, ինչն էլ Նիկոլ Փաշինյանին հիմք է տալիս ասելու, թե Հայաստանը կրկին դարձել է ցածր պարտքի բեռ ունեցող երկիր, դա առաջին հերթին՝ դոլարի փոխարժեքի նվազման հետևանք է, և ոչ թե՝ իշխանությունների լավ աշխատանքի արդյունք։ Երբ դոլարը նորից թանկանա, կրկին ոչ պակաս կտրուկ կվատանան նաև պարտքի ցուցանիշները, և Հայաստանը շատ արագ կվերադառնա այնտեղ, որտեղից դուրս է եկել՝ իշխանություններից անկախ հանգամանքների բերումով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս