Բաժիններ՝

Հոլիվուդի սցենարիստները գործադուլ են հայտարարել վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ

Հոլիվուդի կինոյի և հեռուստատեսության հազարավոր սցենարիստներ հայտարարել են գործադուլի մասին: Պատճառն այն է, որ Ամերիկայի սցենարիստների գիլդիան և հոլիվուդյան ամենահայտնի ստուդիաները չեն կարողանում համաձայնության գալ վարձատրության մակարդակի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Արևմտյան Ամերիկայի գրողների գիլդիայի տարածած հաղորդագրությունից:

Գիլդիան հայտնում է, որ անդամները գործադուլ անելու որոշումն ընդունել են միաձայն: Գործադուլն ուժի մեջ է մտել մայիսի 2-ին, տեղի ժամանակով գիշերը 12:01-ից:

Ըստ հաղորդագրության՝ վերջին վեց շաբաթվա ընթացքում գիլդիան բանակցում էր Netflix-ի, Amazon-ի, Apple-ի, Disney-ի, Warner Bros. Discovery-ի, NBC Universal-ի, Paramount plus-ի և Sony-ի հետ: Սակայն կողմերին չի հաջողվել նոր համաձայնության հասնել, քանի որ ստուդիաների պատասխաններն անբավարար են եղել՝ հաշվի առնելով այն ճգնաժամը, որում հայտնվել են սցենարիստները:

Գիլդիայի վիճակագրության համաձայն՝ հեռուստասերիալների հեղինակների կեսն այժմ աշխատում է նվազագույն աշխատավարձով։

Իր հերթին Euronews-ը նշում է, որ բանակցությունների ժամանակ քննարկվող խնդիրներից մեկն էլ արհեստական ​​ինտելեկտն է: Արհմիությունը ցանկանում է, որ ստուդիաները դադարեցնեն արհեստական ​​ինտելեկտի օգտագործումը՝ սցենարիստների նախորդ աշխատանքի հիման վրա նոր սցենարներ ստեղծելու համար։ Սցենարիստները նաև չեն ցանկանում, որ իրենց խնդրեն վերաշարադրել արհեստական բանականության կողմից ստեղծված սցենարների նախագծերը։

Վերջին անգամ նման գործադուլ է տեղի ունեցել 15 տարի առաջ, այն տևել է 100 օր և Կալիֆորնիայի տնտեսության համար արժեցել ավելի քան 2 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս