ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներին կոչ է արել դադարացնել կանանց նկատմամբ խտրականությունը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունված բանաձևով «Թալիբան» իսլամական արմատական շարժմանը կոչ է արել դադարեցնել կանանց նկատմամբ թշնամական քաղաքականությունը։ Բանաձևի նախագիծը, որն ապրիլի 27-ի երեկոյան ներկայացվել է Ճապոնիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից, պաշտպանել են համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 երկրները։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ թալիբները պետք է անհապաղ հրաժարվեն կանանց հիմնարար իրավունքների սահմանափակումից և ապահովեն Աֆղանստանի կանանց ու աղջիկների «անսահմանափակ, իրավահավասար, ողջամիտ և անվտանգ մասնակցությունը երկրի կյանքին»։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև դատապարտել է Աֆղանստանի ղեկավարների որոշումը երկրի կանանց ՄԱԿ-ի հետ համագործակցությունն արգելելու վերաբերյալ:
Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կրում է իրավաբանորեն պարտադրող բնույթ, փորձագետները չեն ակնկալում, թե թալիբները կփոխեն իրենց քաղաքականությունը։
Ապրիլի սկզբին համաշխարհային կազմակերպությունը հաղորդել էր, որ Աֆղանստանում կառավարող թալիբների որոշմամբ երկրի կանայք այլևս իրավունք չունեն աշխատելու ՄԱԿ-ում։ Ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատանքի արգելքը գործում է դեկտեմբերից։ Բացառություն է արվել միայն առողջապահության, կրթության և սննդի ոլորտներում։ Այս արգելքները սուր բացասական արձագանքներ են առաջացրել համաշխարհային հանրության շրջանում։
2021 թ. օգոստոսին իշխանության վերադառնալուց և Աֆղանստանից օտարերկրյա զորքերի քաոսային դուրսբերումից հետո թալիբները խստորեն սահմանափակել են մարդու իրավունքները: Աֆղանստանի կանանց կրթություն ստանալու, աշխատելու և նույնիսկ հասարակական վայրեր այցելելու կամ բուժվելու հնարավորությունները խիստ սահմանափակված են: