ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով, քանի որ օրակարգային հարցերը ներառում են ԿԳՄՍ ոլորտներին առնչվող մի շարք ուղղություններ: Նախարարի տեղակալն ընդգծել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ գործընկերությունը կրթության բովանդակության բարեփոխումների համատեքստում, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում քաղաքացիական կրթության ներդրման առումով։
Ստեֆան Մալերիուսը նույնպես անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի շարունակական համագործակցությանը, որի արդյունքում համատեղ իրականացվել են մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մշակվել են «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը և մեթոդական ուղեցույցը, ինչպես նաև իրականացվել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիր:
Նշվել է, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի հայաստանյան մասնաճյուղի համակարգմամբ մեկնարկում է «Երիտասարդությունը շարժման մեջ. երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել երիտասարդական քաղաքականության ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները և նպաստել հայ երիտասարդների մասնակցության բաձրացմանը հանրային կյանքին։ Այդ համատեքստում կարևորվել են համագործակցությունն ու սերտ աշխատանքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ծրագրի իրականացման շրջանակում համագործակցությունը, այդ թվում՝ երիտասարդական կենտրոնների՝ որպես երիտասարդների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման, քաղաքացիական կրթության, ինտելեկտուալ ժամանցի ապահովման համատեքստում: Կարևորելով համատեղ ջանքերի գործադրումը՝ նա անդրադարձել է նաև ամենամյա երիտասարդական ֆորումների կազմակերպման, տարբեր ուղղություններով երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպությունների կարողությունների զարգացման, օրենսդրության բարեփոխման, երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների շուրջ երկխոսության հարթակների ընդլայնման հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են «Երիտասարդությունը շարժման մեջ. երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ծրագրի համակարգող Լուսինե Գրիգորյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Վալյա Մարտիրոսյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» համակարգող Մարիետա Գևորգյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի ղեկավար Լիանա Սարգսյանը:
Նշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են համագործակցության այն բաղադրիչները, որոնք ծրագրի մաս են կազմում:
Նշվում է, որ ծրագիրն իրականացվելու է ՀՀ մարզերում մինչև 2026 թվականը և ներառում է ամենամյա երիտասարդական համաժողովներ, երիտասարդական կենտրոնների ստեղծում և մոդելի մշակում, յուրաքանչյուր տարի մեդիագրագիտության շաբաթվա անցկացում, համագործակցություն աշակերտական խորհուրդների հետ, առաջնորդության ծրագրերի մշակում, կարողությունների զարգացման ծրագրեր:
Անդրադառնալով նշված ուղղություններին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանգամանորեն ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը և հավելել, որ «Երիտասարդությունը շարժման մեջ. երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում հնարավոր է համատեղել գործընկեր կազմակերպությունների ռեսուրսները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակելու համագործակցության օրակարգ, որի շրջանակում կազմակերպությունները կհամագործակցեն: