
«Եթե անվտանգային ոչ մի խնդիր չլինի, Սոթքի ոսկու հանքի աշխատանքները կշարունակվեն». Գեղարքունիքի մարզպետ

Քիչ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին և տեղեկացրել, որ հանաքավայրի աշխատանքը կասեցվելու է՝ հանքն այլևս չի աշխատելու:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից 168.am-ի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունը:
168.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, վերջինս հերքեց հանքավայրի գործունեության կասեցման մասին տեղեկությունները.
«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Հանդիպել եմ, աշխատանքային քննարկում ենք ունեցել հանքի տնօրինության և աշխատակիցների հետ, նման խոսակցություն չի եղել: Եթե անվտանգային ոչ մի խնդիր չլինի, հանքի աշխատանքները կշարունակվեն»:
Հարցին՝ ի՞նչ հարցերի շուրջ է քննարկում եղել, Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց.
«Կոնկրետ այդ հարցերի շուրջ, ինչի մասին, որ ասացի՝ կրակոցներ… Իսկ այդ տեղեկությունը, թե հանքավայրը կասեցնելու է աշխատանքը, իրականությանը չի համապատասխանում ընդհանրապես: Հանքը շարունակելու է աշխատել»: