Վրաստանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կարժանանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին
Վրաստանն ավարտում է 12 հանձնարարականների կատարման աշխատանքները և մինչև տարեվերջ արժանի կլինի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպման գլխավոր թեման Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացն էր: Իրակլի Ղարիբաշվիլին Եվրախորհրդի նախագահին պատմել է Վրաստանի 12 առաջնահերթությունների կատարմանն ուղղված ջանքերի մասին՝ նշելով, որ այդ գործընթացում իշխանությունը մշտական խորհրդակցություններ է անցկացնում Եվրամիության և անդամ երկրների ինստիտուտների հետ: Վարչապետի խոսքով ՝ հանձնարարականների մեծ մասն արդեն կատարվել է, և ձեռք բերված առաջընթացին համապատասխան՝ մինչև տարեվերջ Վրաստանն արժանի է լինելու թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ղարիբաշվիլին և Միշելը քննարկել են նաև Ուկրաինայի իրադրությունը և տարածաշրջանի անվտանգության հարցերը: