Բորելի ոչինչ չասող հայտարարությունն անցակետի բացումից հետո. Ինչո՞ւ է ԵՄ-ն զգուշանում
Հայաստան-Արցախ սահմանագծին Ադրբեջանի ձևավորած հսկիչ-անցագրային կետը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեման քաղաքական ու փորձագիտական շրջանակներում:
Այսօր ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս անդրադարձել է թեմային՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը համարել է ԵՄ-ի կողմից լարվածությունը նվազեցնելու կոչին հակասող արարք:
«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի մուտքի մոտ միակողմանիորեն անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին։ Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,- նշել է Բորելը:
Նա կարևորել է, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ վստահություն ձևավորի՝ որպես հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հիմք: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Բորելը սա չի համարում, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտում, Բորելն Ադրբեջանի այս քայլը չի համարում շուրջ 4 ամիս շարունակվող մարդասիրական ճգնաժամի հերթական փուլ, էթնիկ զտման քաղաքականության մեկնարկ, մարդու իրավունքների խախտում, այլ պարզապես համարում է ԵՄ կոչին հակասող արարք, ինչը մի փոքր բարդ ընկալելի դիվանագիտական ձևակերպում ու գնահատական է:
Ակնհայտորեն պարոն Բորելը չափազանց զուսպ է, փորձում է չնեղացնել ադրբեջանցի գործընկերներին սուր ձևակերպումներով, չնայած ադրբեջանական մեդիադաշտում Բորելի այս հայտարարությունը լայնորեն քննարկվում ու քննադատության է արժանանում:
ԵՄ զգուշավորությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր երևույթ չէ, այն էական դրսևորումներ է ստացել հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, իսկ ավելի սուր բնույթ ձեռք բերել Ուկրաինայի պատերազմի ֆոնին: Պատահական չէր, որ վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը նույնիսկ իր առաքելության գրաֆիկն է մեկ շաբաթ շուտ տրամադրում Ադրբեջանին:
Պատահական չէր նաև, որ Տեղ համայնքում վերջերս տեղի ունեցած արյունալի դեպքերի ֆոնին ԵՄ-ն կրկին զուսպ և տարօրինակ հայտարարություն արեց, խուսափելով պատասխանատվությունից:
Հարցին, թե ինչո՞ւ է Եվրոպական միությունը զգուշանում Ադրբեջանից, և ինչո՞ւ են Ադրբեջանի հասցեին լղոզված գնահատականներ հնչում, եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը պատասխանեց, որ սա միջնորդ կողմին բնորոշ հռետորաբանություն է: Ըստ նրա, միայն ԵՄ-ն չէ, որ այդ սկզբունքով է աշխատում:
«Չեմ կարծում, որ Ադրբեջանի կամ Հայաստանի հասցեին հնչում են սուր, հասցեական քննադատություններ այս կամ այն սրացումից կամ իրադարձությունից հետո: Պատճառները շատ են: Մեկն այն է, որ ոչ կոռեկտ և դիվանագիտորեն ճիշտ չմատուցված հայտարարություններից հետո կողմերից մեկը կարող է ընդհանրապես մերժել միջնորդ կողմին, այս դեպքում կարևոր էլ չէ, որ ԵՄ միջնորդությունն ակտիվ փուլում չէ, բայց ԵՄ-ն ունի դիտորդներ տարածաշրջանում, որոնց գործունեությունը և անվտանգությունը առաջին տեղում են ԵՄ-ի համար:
Այս դեպքում տեղակայված լինելով ՀՀ-ում՝ դիտորդները կարող են բազմաթիվ խնդիրների առնչվել, որոնք կարող են ստեղծվել Ադրբեջանի կողմից: Կա նաև աշխարհաքաղաքական սրացման և դրանով պայմանավորված էներգակիրների ճգնաժամի, այլընտրանքի փնտրտուքի գործոնը, որում Ադրբեջանը էական դերակատարություն ունի: Հատկապես ԵՄ քաղաքականությունը պետք է կշռադատված լինի, քանի որ ԵՄ-ն ներկայացնում է բազմաթիվ երկրների միասնական քաղաքականություն, այն չի կարող պարզունակ լինել»,- ասաց նա:
Հալբախի խոսքով, դիվանագիտական ձևակերպումները և իրական քաղաքականությունը, որը սովորաբար մնում է փակ դռների ետևում, ոչ միշտ է արտացոլում իրական տոնայնությունը և քաղաքականությունը:
«Իրական գործընթացները հենց փակ դռների ետևում են և, ինչպես կարելի է հասկանալ, և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի մտադրությունը վերջնական խաղաղությունն է տարածաշրջանում, որը բարդ գործընթաց է՝ նման սրացումներով ու միակողմանի քայլերով ուղեկցվող:
Կարծում եմ՝ կա զսպման քաղաքականություն, սակայն այն չի կարող լինել ի վնաս ԵՄ-ի և ԵՄ-ի գործընթացի Հարավային Կովկասում:
Ըստ իս, փորձում են գտնել ազդեցության օպտիմալ եղանակներ, որոնք կլինեն անվտանգ: Ավելի մեծ պարտավորություններ Հարավային Կովկասում ունի Ռուսաստանի Դաշնությունը, բայց, ինչպես տեսնում ենք, նա ևս չի անում հասցեական հայտարարություններ և փորձում դիվանագիտական լուծումներ գտնել, որպեսզի իր ներկայությունը ռեգիոնում չտուժի»,- նկատեց նա: