
Բյուջեից 11.5 միլիոն դրամ է վճարվել, որ ՊԵԿ աշխատակիցները համերգ գնան

Պետական եկամուտների կոմիտեն 11 միլիոն 500 հազար դրամ է վճարել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար ապրիլի 19-ին՝ Հարկ վճարողի օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 90 րոպեանոց համերգային ծրագիրը վայելելու համար։
Հիշեցնենք, որ Հարկ վճարողի օրը նորություն է հայկական տոնացույցում. ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքում 2021 թվականին է ամրագրվել լրացումը, որ ապրիլի 19-ին նշվելու է հարկ վճարողի օրը: Ըստ ՊԵԿ նախագահի, այսպիսով նպատակ են ունեցել իրենց հարգանքը մատուցել բոլոր հարկ վճարողներին։
11,5 միլիոն դրամով Պետական եկամուտների կոմիտեն վարձակալել է Արամ Խաչատրյան համերագասրահը, որտեղ էլ կազմակերպվել է համերգ 70-75 երաժշտի, ջութակահար Դիանա Ադամյանի մասնակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Համերգի համար տպագրվել է 1200 հրավիրատոմս։