Հայաստանը տուրիստի համար «ուտուշ-խմուշի» վայր չէ. Հայաստանը հայրենիք է. Վաչե Բրուտյան
«Հայրենասիրությունն ինձ համար պատասխանատվություն է Հայրենիքի նկատմամբ: Հայաստանը, հատկապես Սփյուռքում ապրող հայի համար, տուրիզմի վայր չէ, ուտուշ-խմուշի, Գառնի-Գեղարդ այցելության վայր չէ: Հայաստանը հայրենիք է, որի նկատմամբ յուրաքանչյուր հայ պետք է պատասխանատվություն ունենա»,- «Հայկական օրակարգի» «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, հրապարակախոս Վաչե Բրուտյանը:
Նա մասնավորապես նշեց՝ պատմական օրեր ենք ապրում, և սեղանին դրված է մեր ժողովրդի, պետության, ավելի լայն իմաստով՝ ազգի լինել-չլինելու հարցը:
«Սփյուռքում հաճախ վեճ էի ունենում՝ ասելով, տղանե՛ր, որևէ ձևի լուծումը Հայաստանում պետք է տեսնենք: Այնտեղ է, որ պետք է լուծվի մեր խնդիրը: 1.5 դար է, ապրում ենք հայկական հարցի ուղղությամբ մեր ժողովրդի մղած պայքարի փուլում: Այսօր գտնվում ենք ժողովրդի իրավունքների համար մղվող պայքարի մեջ»,- նշեց նա: