
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական համալիրի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման արարողություն: Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:
Արարողությանը ներկա են եղել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դեսպանության դիվանագետներ և աշխատակիցներ, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ծաղիկների խոնարհման արարողությանը նախորդել է Սուրբ Պայծառակերպության Մայր եկեղեցում Սուրբ Պատարագի մատուցումը, որից հետո կատարվել է Բարեխոսական կարգ՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:
Դեսպան Վաղարշակ Հարությունյանը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի «Տապան» թանգարան, որտեղ բացվել է ցուցահանդես՝ նվիրված համաշխարհային մամուլի առաջին էջերում Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանմանը։