Պլեբեսցիտ, ազգային համամասնություն և Մադրիդյան սկզբունքներ. Փաշինյանը մանիպուլացնում է. fip.am

Եթե շտապում ես. Հակիրճ՝ հոդվածի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կրկին պնդել է, որ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Նա այդ թվում նշել է, որ փաստաթղթով նախատեսված պլեբիսցիտը չէր կարող նշանակել Արցախի անկախացում կամ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ՝ ազգային կազմի համամասնության հավանական փոփոխության հեռանկարի բերմամբ: «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է փաստաթղթի հրապարաված տարբերակը, որտեղ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ որևէ հիշատակում չկա: Ուսումնասիրել ենք «պլեբիսցիտ» բառի բացատրությունը՝ օգտվելով մի քանի միջազգային մասնագիտական բառարաններից, ինչպես նաև ցույց ենք տվել, որ Մադրիդյան փաստաթղթում առկա՝ հետաձգված պլեբիսցիտի դեպքում ազգային համամասնության փոփոխության վերաբերյալ Փաշինյանի պնդումը ևս մանիպուլյատիվ է:

Ապրիլի 18-ին, պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, Փաշինյանը նշել է, որ 2007 թվականին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը և ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ «Ինչո՞ւ պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում Ադրբեջանի մաս։ Եվ Լեռնային Ղարաբաղը մենք Մադրիդյան սկզբունքներով ճանաչել ենք Ադրբեջանի մաս»,-ասաց նա։

Պատասխանելով արդեն նույն խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝  Հայաստանի վարչապետն անդրադարձել է հանրաքվեին, որը նախատեսված էր Մադրիդյան սզբունքներով. «Պլեբեսցիտ և հանրաքվե: Այս բառերը մասնավորապես Կազանյան պրոցեսի առանցքային բանավեճերից մեկն է եղել:… Ադրբեջանն ասել է՝ ինչ պլեբեսցիտ: Պլեբեսցիտն էն ա, որ պետք է գնանք, պտտվենք, հարցնենք՝ ինչ կա-չկա, ով ինչ կարծիքի է, վերջում գանք, որոշում կայացնենք: Հայկական կողմի դիրքորոշումն է եղել, որ դա պետք է լինի հանրաքվե»:

Փաշինյանը նաև հարց է ուղղել, թե՝ եթե 1991 թվին մեր դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէ, ինչու են Ադրբեջանի հետ քննարկվել ժամկետները և այլ հարցերը: «Ադրբեջանն էլ ասում է՝ շատ լավ, ինձ հետ ժամկետներ և այլ հարցեր եք քննարկում ես ասում եմ, որ պլեբիսցիտ է, թե հանրաքվե է, պետք է տեղի ունենա 100 տարի հետո: Եվ դուք ճանաչել եք ԼՂ ադրբեջանցիների իրավունքը: Շատ լավ, իրանք կվերադառնան, որովհետև դուք ճանաչել եք, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը պետք է արտահայտի համաժողովրդական հանրաքվեն: Ուրեմն ԼՂ ամբողջ բնակչությունը պետք է լինի, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ, որ էսքան խորացել ենք, էլի խորանանք: Լեռնային Ղարաբաղից ժամանակին՝ 88 թվին դուրս է եկել երկու ադրբեջանցի: 30 տարի հետո ունեն 6 զավակ և 12 թոռ, իրանք էլ մահացել են: Ո՞վ է մասնակցելու այդ հանրաքվեին և պլեբսիցիտին»:

Այնուհետև Փաշինյանը հղում է անում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի չհանրայնացված նամակներից մեկը, որտեղ, ըստ վարչապետի, նա հարցադրում է անում, թե արդյոք համամասնության հատվածը դուրս է գալիս:

«Հաջորդը՝ էս ինչ տարբերություն է ժողովուրդ և բնակչություն բառերի միջև: համաժողովրդական հանրաքվեն՝ որտե՞ղ պետք է տեղի ունենար»,- հարցրել է վարչապետը:

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն մի քանի անգամ անդրադարձել է Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ շրջանառվող  մանիպուլյացիաներին:  Այս հրապարակմամբ փորձել ենք ուսումնասիրել ենք Փաշինյանի ելույթի ամենակարևորը կետերը:

Արդյո՞ք Հայաստանը ճանաչում էր ԼՂ-ն Ադրբեջանի կազմում

Մադրիդյան սկզբունքների և հետագայում շրջանառության մեջ դրված Կազանյան փաստաթղթի տեքստը հրապարակել է Լրագրող Թաթուլ Հակոբյանի հիմնած «Անի» հայկական հետազոտությունների կենտրոնը: Հաշվի առնելով, որ երբևէ որևէ պետական գերատեսչություն չի հերքել դրա բովանդակությունը՝ այն համարում ենք վստահելի հիմք՝ բանակցությունների ընթացքը հասկանալու համար:

Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Մադրիդյան սկզբունքներն են՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, պետությունների տարածքային ամբողջականություն և իրավահավասարություն, և ժողովուրդների ինքնորոշում:

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, ըստ այդմ, որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որը թույլ էր տալու ցանկացած կարգավիճակի հնարավորություն: Այնուհետև նշվում էր, որ  ԼՂԻմ տարածքը ստանում էր ժամանակավոր միջանկյալ կարգավիճակ, 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, Լաչինում տրամադրվում է միջանցք ԼՂ-ն Հայաստանին միացնելու համար: Բոլոր փախստականները վերադառնում են իրենց բնակության վայրեր:

Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները ունենալու էին որոշակի իրավունքներ և արտոնություններ, ընդ որում՝ դրանք ձևակերպվելու էին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ։

«ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաև կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Պաշտոնյաները նաև լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության Համաձայնագրով»

Այսինքն՝ փաստաթղթի որևէ հատվածում չի նշվում, որ միջանկյալ ժամանակատվածում  Արցախում Ադրբեջանի վերահսկողություն է հաստատվելու: Միևնույն ժամանակ նշվում է, որ ԼՂ-ում բնակիչները իրավունք են ունենալու իշխանության մարմիններ ընտրելու, որոնք կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն: Հետևաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, որևէ կերպ չի հաստատվում:

Պլեբեսցիտի և ազգային համամասնության մասին

Ինչպես վերևում նշեցինք, Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է պլեբեսցիտի նշանակությունը: «Պլեբեսցիտն էն ա, որ պետք է գնանք, պտտվենք հարցնենք ինչ կա-չկա, ով ինչ կարծիքի է, վերջում գանք որոշում կայացնենք», — ասել է Փաշինյանը՝ ակնարկելով թերևս, որ պլեբիսցիտը պարտադիր իրավական ուժ չունեցող հարցում է:

Fip.am-ը մի քանի բառարան է ուսումնասիրել հասկանալու, թե միջազգային աղբյուրներում ինչպիսի բացատրություն ունի «պլեբիսցիտ» հասկացությունը: Օքսֆորդի բառարանում նշվում է, որ պլեբիսցիտը ընտրազանգվածի բոլոր անդամների ուղիղ քվերակությունն է այնպիսի կարևոր հասարակական հարցի վերաբերյալ, ինչպիսին է, օրինակ, սահմանադրության փոփոխությունը:

Ըստ Բրիտանիկա բառարանի՝ պլեբիսցիտը՝ մի ամբողջ երկրի կամ շրջանի ժողովրդի քվեարկությունն է՝ որոշակի հարցերի մասին որոշում կայացնելու համար, օրինակ՝ կառավարչի կամ կառավարության ընտրություն, անկախության կամ այլ տերության կազմում ներգրավվելու կամ ազգային քաղաքականության ընտրություն: Որպես հայտնի օրինակ, բառարանը նշում է 1935-ին Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ գտնվող Զաար երկրամասում անցկացված պլեբիսցիտը, որի արդյունքում տեղի բնակչության քվեարկությամբ երկրամասը ճանաչվեց որպես Գերմանիայի մաս:

ԽՍՀՄ-ում 1985-ին հրապարակված Դիվանագիտական բառարանը (Գրոմիկոյի բառարան) մասնավորապես նշում է, որ պլեբիսցիտը կարող է կիրառվել՝ որոշելու համար որեւէ տարածքի կամ դրա մի մասի  պետական/ազգային պատկանելությունը, ինչպես նաև՝ երկու կամ մի քանի պետությունների միավորման հարցը՝ ֆեդերացիա կամ կոնֆեդերացիա կազմելու նպատակով: Պլեբիսցիտը, ըստ Գրոմիկոյի բառարանի, կարող է անցկացվել ինչպես ներպետական իրավունքի, այնպես էլ միջազգային պայմանագրի դրույթների համապատասխան: «Ժամանակակից միջազգային իրավունքը պլեբիսցիտը դիտարկում է որպես տարածքային փոփոխությունների հիմք միայն այն դեպքում, եթե այն անցկացվում է բնակչության կամարտահայտման լիարժեք ազատությունը երաշխավորող մի շարք պայմաների առկայությամբ: Այդ պայմաններից են, օրինակ, արտաքին ճնշման բացառումը, տեղի բնակչության կազմից պլեբիսցիտն անցկացնելու համար իշխանության ժամանակավոր մարմինների ստեղծումը, կուսակցությունների գործունեության ազատությունը, պլեբիսցիտի՝ գաղտնի, հավասար, համընդհանուր քվեարկությամբ անցկացումը:

Ուշագրավ է, որ մեջբերված բառարաններից որևէ մեկը պլեբիսցիտի խորհրդատվական կամ ոչ պարտադիր բնույթի մասին հիատակում չի անում:

Վերջին հայտնի պլեբիստցիտներից մեկը իրականացվել է Չիլիում 2022թ.-ին, երբ բնակչությունը պետք է քվեարկեր նոր Սահմանադրության դեմ կամ կողմ: Քաղաքացիներն իրենց կամքը արտահայտել են ոչ թե բանավոր, ինչպես նշում է Փաշինյանը, այլ ընտրատեղամասերում՝ քվեաթերթիկների միջոցով:

Ազդելո՞ւ էին ադրբեջանցիների «դեմոգրաֆիական հաջողությունները» պլեբիսցիտի արդյունքների վրա

Ինչ վերաբերում է պլեբեսցիտին մասնակցողների ազգային կազմին և տարածքին, այս հարցում ևս Մադրիդյան հրապարակված փաստաթղթում հստակ բացատրություն կա:

Ինչպես Կազանյան փաստաթուղթը, այնպես էլ Մադրիդյան սկզբունքները նախատեսում էին՝ պլեբիսցիտը «ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։

ԼՂԻՄ-ի հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում 1986 թվականի Խորհրդային Միության անցկացրած մարդահամարով։ Հայերը Արցախում 1986-ին շուրջ 103 հազար էին կամ բնակչության ընդհանուր թվի 85%-ը, ադրբեջանցիները՝ 17 հազար կամ միայն 14-%ը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում է փաստերը, քանի որ բանակցային փաստաթղթերում հստակորեն արձանագրվում էր, որ ազգային համամասնությունը ապագա քվեարկության ընթացքում պահպանվելու է:

Լուսինե Ոսկանյան 

fip.am

Տեսանյութեր

Լրահոս