«Եթե Թուրքիա-Հայաստան սահմանը բացվելու է, ապա բացվելու է նորընտիր նախագահի կողմից». Արիս Նալջը
Ermenihaber.am–ը իրականացնում է հարցազրույցներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, այդ համատեքստում՝ Հայոց ցեղասպանության հարցի դրսևորման և վերջերս պետական պաշտոնյաների կողմից հնչեցվող Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման վերաբերյալ: Այս հարցազրույցի շրջանակներում կայքի հարցերին պատասխանել է «Artıgerçek» պարբերականի հոդվածագիր պոլսահայ Արիս Նալջըն:
– Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, ինչպե՞ս կողմերը կկարողանան լուծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա տարաձայնությունները: Ի՞նչ եք կարծում:
Չեմ կարծում, որ այս հարցի շուրջ տարակարծությունները հնարավոր կլինի լուծել: Այն պարագայում, երբ Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել անհնարին է խոսել ինչ-որ լուծման մասին: Իսկ ցեղասպանությունը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում մեկ այլ տեղում է գտնվում: Վերջին կարգավորման գործընթացում երկու պետություններն էլ փորձում են պատմական հարցերը դուրս մղել և կարծես՝ այդ հարցում վճռական են: Ի վերջո, եթե անգամ երկու երկիր հարևան, կամ թշնամի են, սահմանները հնարավոր է բացվեն և բաց մնան: Չնայած Թուրքիայի և Հունաստանի միջև տարիներ ձգվող խնդիրներին՝ երկու երկրների միջև առկա է դիվանագիտական հարաբերություններ: Առաջնորդվելով այս օրինակով, կարող ենք գալ այն կաիծիքին, որ ներկայիս կարգավորման գործընթացում ցեղասպանության հարցը քննարկման դրված չէ: Այնուամենայնիվ, եթե օրը գա և Թուրքիան ցանականա շարունակել բանակցությունները, կամ խուսափել դրանցից, դա անպայման կապելու է ցեղասպանության հարցի հետ:
– Ըստ Ձեզ, ներկայումս Թուրքիայի կողմից հայկական սփյուռքի նկատմամբ վարած քաղաքականությունը ինչպե՞ս կազդի կարգավորման գործընթացի վրա։
– Իրականում սա ցույց է տալիս, որ Թուրքիան տարանջատում է իր հարաբերությունները հարևան Հայաստանի և Սփյուռքի հետ: Թուրքիան, կենտրոնանալով Հայոց ցեղասպանությանն առընչվող օրինագծերրի վրա, ցանկանում է ցույց է տալ, որ սփյուռքը ռևանշիստական կառույց է: Այնուամենայնիվ, սփյուռքահայերի օրինական պայքարը սա ի չիք է դարձնելու: Կարգավորման գործընթացում սփյուռքը ավելի զուսպ դեր պետք է ունենա: Ի վերջո գործընթացն ընթանում է երկու պետության միջև: Այդ պետություններն ունեն իրենց բյուրոկրատիան և իրենց գործելաոճը: Իսկ սփյուռքը ժողովուրդ է:
Ես ցեղասպանության հարցում տարանջատում եմ հայ ժողովուրդին և պետությանը: Պետությունը մի գործիք է, իսկ ժողովուրդը՝ գոյություն: Գուցե ոմանք համակարծիք չլինեն ինձ հետ, սակայն ըստ իս՝ Հայաստան պետությունը գոյություն ունի, որպեսզի պաշտպանի հայ ժողովրդի շահերը: Այն (Հայաստան պետությունը-խմբ․) պետք է հարաբերություններ հաստատի հարևան երկրների հետ, նույնիսկ, եթե վերջինս թշնամի է: Մյուս կողմից, սփյուռքը, որը Հայաստանը համարում է որպես պետություն, ավելի շատ հայ բնակչություն ունի, քան վեջինս: Եթե այսօր աշխարհում 11 միլիոն հայ է ապրում, դրա միայն 3 միլիոնն է բնակվում Հայաստանում: Սփյուռքը նույնպես սա գիտակցում է և պետք է գործի որպես վերպետական համակարգ: Սա էլ ի ցույց կդնի այն, որ ցեղասպանության ճանաչման սփյուռքի պահանջը ողջամիտ է և օրինական:
Թուրքական պետությունը, որը կարգավորման գործընթացում կարողանում է այսպիսի տարանջատում կատարել, ավելի հեշտ առաջ կշարժվի: Սա շատ լավ գիտի նաև Թուրքիայի դիվանագիտությունը: Սակայն նա տեսնում և գիտակցում է այնքան, որքան վերջինս է կամենում: Վերջիվերջո, եթե այս գործընթացը անհաջողության մատնվի, դա կլինի Թուրքայի պատճառով:
– 2023-ին Հայաստանը և Թուրքիան ամենաբարձր մակարդակներով անդրադառնում են սահմանի բացմանը: Հավանակա՞ն է, որ այս տարի սահմանների բացման հետ կապված որևէ փոփոխություն լինի:
– Թուրքիան այս պահին ընտրական գործընթացի մեջ է: Իրականում այս ընթացքում Էրդողանի կառավարության կողմից իրականացված յուրաքանչյուր գործողություն ժառանգություն է, որը մնալու է հաջորդ կառավարությանը: Իմ կարծիքով սահմանների բացման գործընթացը կարող է առաջընթաց գրանցել նաև կառավարությունից անկախ, երբ ավարտվեն բյուրոկրատական գործընթացները: Այսինքն, այն կարող են իրականացնել պետությունը և բյուրոկրատիան: Այնուամենայնիվ, այն, թե Թուրքիան որքան անկեղծ է իր հայտարարություններում, կտեսնենք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո: Որովհետև, եթե սահմանը բացվելու է, ապա բացվելու է նորընտիր նախագահի կողմից: