«Կառավարության հաշվետվությունն աղերս չունի այն իրականության հետ, որին բախվում են ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիները». Քաղաքագետ

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգությունն է՛լ ավելի է թուլացել և Կառավարության ղեկավարի տարեկան հաշվետվությունը գոնե անվտանգության և արտաքին քաղաքական ոլորտների տեսանկյունից որևէ աղերս չունի այն իրականության հետ, որին ՀՀ քաղաքացիներն ամեն օր առնչվում են»,- 168.am հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 2022 թվականի Կառավարության տարեկան զեկույցին։

Ըստ քաղաքագետի, 44-օրյա պատերազմի ընթացքում օրվա իշխանությունները հարյուրավոր կիլոմետրերով մեծացրել են թշնամի պետության հետ շփման գիծը, առաջնագիծը տասնապատիկ երկարել է։

«Վերջին երեք տարիների ընթացքում առնվազն ամենամինիմալ պայմանները Կառավարության կողմից չի ապահովվել, փոխարենը՝ իրենք ավանդաբար շարունակել են ստանալ իրենց պարգևավճարները, պետական բյուջեն են մսխել, ուժեղացրել են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու միջոցառումները։ Եվ այս ամենի ֆոնին սահմանն անտեր ու անտիրական է։ Վերջին երեք տարիների ընթացքում մենք բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է թշնամին ուղղակի ոտքով եկել և դիրքավորվել Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքում։ Կրկնում՝ Կառավարության ներկայացրած հաշվետվությունը որևէ աղերս չունի այն իրականության հետ, որին բախվում են ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիները»,- հավելեց Խաչիկ Գալստյանը։

Հարցին՝ առհասարակ Կառավարության ներկայացրած հաշվետվության մեջ որևէ կետում նկատե՞լ է դրական տեղաշարժ, Խաչիկ Գալստյանը պատասխանեց՝ որպես քաղաքագետ, իր համար պետության գոյության և բնականոն գործառնության համար առաջին չափորոշիչը երկրի սահմանների անվտանգության ապահովումն է։

Կարդացեք նաև

«Եթե Կառավարությունը չի կարողանում այդ գործառույթը լիարժեք իրականացնել, ապա այն ուղղակի դադարում է գոյություն ունենալ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը թղթի վրա է հանրապետություն։ Մենք այսօր մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղենք մեր ռազմական պոտենցիալի այն դիսբալանսի վերականգնմանը, որն ունեցել ենք պատերազմից հետո։ Սակայն մենք տեսանք տոտալ հանցավոր անգործություն, բանակի բարեփոխումների իմիտացիա, որն այդպես էլ տեղի չունեցավ։ Ինձ համար տնտեսական որոշակի աշխուժությունը, կներեք, բայց դա Կառավարության գործունեության հետ որևէ առնչություն չունի, դա պայմանավորված է արտաքին հանգամանքներով։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում հարյուր-հազարավոր ռուսներ ժամանակավոր իրենց բիզնեսները տեղափոխել են Հայաստան։ Միայն անցած տարի 5 մլրդ դոլարից ավելի լրացուցիչ գումար է մտել Հայաստանի տնտեսության մեջ։ Բավական է այս հոսքը դադարի, մենք կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև, և այն քաղաքականությունը, որը վարում է Կառավարությունը, դրանով որևէ բան չեն անում։ Մեր պետությունը վաղուց իներցիայով է կառավարվում։ Այս պետական չինովնիկները, եթե դադարեն առհասարակ աշխատավարձ ստանալ, կարծում եմ՝ տնտեսության վիճակն ավելի կբարելավվի»,- եզրափակեց Խաչիկ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս