Զեկույց ՀՀ ինքնիշխան տարածքի 15.000 հեկտար կորստի մասին կամ՝ ինչպես է գործող կառավարությունը «կառավարում» անվտանգային մարտահրավերները

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ օրեցօր արձանագրվող նոր ոտնձգությունների փաստը, իհարկե, ստիպում է առաջնահերթ ուշադրության առնել կառավարության 2022թ. կատորողականի զեկույցի հենց այն հատվածները, որոնք վերաբերում են այս ուղղությամբ կառավարության՝ ի դեմս Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում արձանագրված արդյունքներին և համադրել դրանք առկա իրողությունների հետ՝ ըստ այդմ համապատասպան եզրակացություններ անելով։

Այսպես, զեկույցի հենց նախաբանում կառավարությունը նշում է, որ 2022թ. արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը։

Պետք է արձանագրել, որ այդ հարցում կառավարությունը լիարժեք ձախողել է, և դրա ակնառու ապացույցն է 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական ագրեսիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքներից նոր կորուստները, 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ օրս դեռ շարունակվող Արցախի բլոկադան, և Հայաստանի գլխավերևում դամոկլյան սրի պես կախված նոր լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը։

Խոսելով Հայաստանի սուվերեն տարածքի կորուստների մասին՝ արձանագրենք, որ իշխանությունները կառավարության զեկույցում պաշտոնապես խոստովանում են, որ «2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ ՀՀ ինքնիշխան տարածքի ևս 75 քառակուսի կիլոմետր հատված ադրբեջանական օկուպացիայի ներքո է 1990-ականներից»:

Կարդացեք նաև

Այսինքն, 44-օրյա լայնամասշտաբ պատերազմից հետո ներկայիս իշխանությունները կորցրել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 15 000 հետկար տարածք, որը, ընդ որում, շուրջ 40 անգամ ավելի շատ է տարիներ շարունակ տարբեր քաղաքական շահարկումների թեմա դարձած Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության գոտում կորցրած 400 հեկտարից։

Սեփական պաշտոնավարման ընթացքում ՀՀ տարածքների նման մեծաքանակ կորուստների փաստի նկատմամբ հանրության առավել մեղմ ընկալում ստանալու նպատակով կառավարությունը զեկույցում դիտավորյալ անդրադառնում է 90-ականներին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիային, այնինչ այդ տարածքները կորսվել են պատերազմական պայմաններում ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ կողմից փոխադարձաբար ավելի նպաստավոր դիրքեր զբաղեցնելու, ինչպես նաև անկլավների երկուստեք չեզոքացման արդյունքում։ Արձանագրենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կատարողականի վերաբերյալ իր ելույթի տեքստում այս տվյալները պարզապես նախընտրեց չբարձրաձայնել։ Թե ինչո՞ւ, եզրակացությունները թողնում ենք մեր ընթերցողին։

Այս ամենի հետ մեկտեղ կառավարությունն իր տարեկան կատարողական զեկույցում գրում է, որ «2022 թվականի ընթացքում իրականացվել է պետական սահմանի պահպանության գործառույթը փուլ առ փուլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին փոխանցելու գործընթացը»:

Մինչդեռ անցած տարի համակարգային այդ փոփոխության իրականացումը հանգեցրեց նրան, որ արդեն այս տարի՝ 2023թ. Հայաստանն ունեցավ տարածքային հերթական կորուստները, այն է՝ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի գործարկումից անմիջապես հետո Տեղ գյուղի շրջանում ադրբեջանցիների մի քանի հարյուր մետրով առաջխաղաղացումը։

Հարց՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունն արդյո՞ք կարողացել է դիմակայել իր առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներին։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս