Սյամոյի սիրտը հիմա էլ «գոսմինիստր» է ուզում

Սամվել Բաբայանը դարձել է Հանրային հեռուստաընկերության` Հ1-ի աստղը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը նրան, որպես կանոն, ժամանակ առ ժամանակ հարթակ է տրամադրում` ինչ-ինչ խնդիրներ լուծելու, նրա կատարմամբ ինչ-ինչ հայտարարություններ հնչեցնելու, առանձին անձանց թիրախավորելու համար:

Եվ ահա, քիչ առաջ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում Սամվել Բաբայանը ինքնառաջադրմամբ էր զբաղված, նախընտրական խոստումներ էր տալիս.

«Նախագահը պետք է իր մեջ ուժ գտնի, ինձ նշանակի պետնախարար և մենք 5 քայլով հասարակությանը էս շոկից հանենք»,-նշել է Սամվել Բաբայանը հեռավար հարցազրույցում: Հարցին՝ ինչպես եք տեսնում ձեր ծրագրերի հանգուցալուծումը՝ Բաբայանը պատասխանում է. «Հանգուցալուծումը ես տեսնում եմ հանրաքվեի միջոցով ճնշում գործադրել Արցախի իշխանությունների վրա և ստանալ գոսմինիստրի պաշտոնը, որ մեր 5 քայլերը կատարենք»։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում կասկածելի դերակատարում ստանձնած և Փաշինյանի հետ համագործակցող Բաբայանը պարտության ողջ մեղավորությունը բարդում է գեներալների վրա` իր վարչապետ Փաշինյանի վրայից գցելով ողջ պատասխանատվությունը:

Հարցադրմանը՝ ինչու եղավ 44-օրյա պատերազմը և ովքե՞ր էին մեղավոր պարտության համար, Սամվել Բաբայանը պատասխանում է.

«Մեղավորներն ամբողջ գեներալիտետն է, որ չի կարողացել կառավարել ռազմաճակատը, և չեն կազմակերպել, երկրորդ՝ քաղաքական այն ղեկավարությունը, որը ժամանակին չի զբաղվել բանակով և բացատրություն է տվել, որ հեսա հողերը հանձնում ենք պրծնենք։ Դրանք բոլորը մեղավոր են։ Երրորդ՝ այսօր գործող իշխանության մեղավորությունն այն է, որ Արցախի հարցում նայում է մեկ այլ տեսանկյունից, որ հեսա խաղաղություն է լինելու, միջազգային հանրությունը փորձելու է Ադրբեջանին ճնշել և խնդիրներ լուծել։ Ես համարում եմ, որ որևիցե մեկը չի կարողանալու Ադրբեջանին ճնշել»։

Իսկ թե ինչ էին անում Գլխավոր հրամանատար իրեն կոչող Փաշինյանը և Բաբայանը պատերազմի օրերին, ինչ կարգադրություններ էին տալիս հրամանատարական կետում` բազմիցս ենք անդրադարձել:

Միայն փաստենք, որ Բաբայանն այն անձը չէ, որը կարող է «մաքրել» Փաշինյանին: Երկու պատճառով` նախ, ի վերջո, մի օր Բաբայանի` 44-օրյա պատերազմում տարբեր դրվագների ձախողումներում ունեցած դերակատարման փաստերը կբացահայտվեն, երկրորդ` Փաշինյանին պարզապես հնարավոր չէ «մաքրել»:

Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Բաբայանը և Փաշինյանը ոչ միայն ընդհանուր բովանդակային, իրենց նախասիրություններում և արժեհամակարգերում նմանություններ ունեն, այլև իրենց անհանգստություններում են նույնական. երկուսն էլ անհանգստանում են Սերժ Սարգսյանի հրապարակային որևէ գործողությունից կամ հայտարարությունից:

Տեսանյութեր

Լրահոս