
Ուզում էի անել ավելին իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար. Ռաֆիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանի կարծիքով՝ ինքն ունակ է ավելին անել:
«Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, քանի որ լուրջ վնասվածքներ ունեի: Երկու մրցաշար բաց էի թողել և չգիտեի, թե ինչպես կմասնակցեի այս առաջնությանը: Չէի սպասում, որ այսպես կլինի: Ավելի լավին էի սպասում, նույնիսկ մտածում էի, որ կարող եմ հաղթել: Բայց չստացվեց, ինչի համար զղջում եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը: Վերջինս շեշտեց, որ երկրպագուների նմանատիպ աջակցություն չի ունեցել, և դա նաև ինչ-որ տեղ պարտավորեցնող էր:
«Շատ շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին նման աջակցության համար: Ուզում էի անել ավելին իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար, բայց չստացվեց»,- շեշտեց նա:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի 101-րդ առաջնության տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում երեք փորձից բարձրացրեց միայն 150 կգ: Այս ձևում հայ մարզիկը միայն 4-րդն էր:
Հրում վարժությունում նա բարձրացրեց 183 և 187 կգ: Այս վարժությունում Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: Իսկ երկամարտի 337 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է: