
ՀՀ իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց Ղարաբաղի ժողովրդին․ Լեռնային Ղարաբաղ անվանումը կվերացնեն, հայ ժողովրդին կվտարեն իրենց պատմական հողերից․ Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում հայտարարել է, որ Բաքուն կարող է հրաժարվել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ժամկետի երկարաձգումից՝ իրենց պատմական հողերից հայերի դուրսմղման ավելորդ վկաներին չեզոքացնելու նպատակով։
Զատուլինը հայտարարել է՝ Փաշինյանը հանձնել է մարդկանց ու տարածքը։ «Հաջորդ գործողությունը կլինի Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ժամկետը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պետք չեն, որպեսզի դրսից վկաներ չլինեն, թե ինչպես են վտարելու, դուրսմղելու և հաշվեհարդար տեսնելու հայերի հետ»,- ասել է Զատուլինը։
Ռուսաստանցի պատգամավորը նաև նշել է, որ Ղարաբաղի պատմությունը սրանով չի ավարտվի, քանի որ Բաքուն արդեն հրաժարվում է վիճելի տարածքի ինքնավարության իր խոստումներից։
«Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց Ղարաբաղի ժողովրդին։ Նույնիսկ խորհրդային տարիներին այս տարածքը ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում։ Ներկայումս, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում է նրանից, ինչ նախկինում խոստացել էր, այն է՝ ամենաբարձր ինքնավարությունը. դրանից ոչինչ չկա։ Լեռնային Ղարաբաղ անվանումը կվերացնեն, Բաքվում արդեն հրաժարվում են այն այդպես անվանել։ Սա պատմության շարունակությունն է նոր տեսքով, նոր ժամանակում՝ հայ ժողովրդի ողբերգությունը՝ նրա վտարումը պատմական հողերից»,- եզրափակել է Զատուլինը։
Հրապարակման պատրաատեց 168.am-ը