«Կոչ ենք անում հայորդիների սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը». Մեջբերումներ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրից

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերումներ արել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրից.

«* Արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,

* առաջնորդվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ,

* վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,

* հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան,

* դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը,

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև:

Վերահաստատում ենք հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար:

Շնորհակալություն ենք հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը:

Հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնա հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար,

Կոչ ենք անում հայորդիների սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի, աշխարհասփյուռ հայության համախմբման և հայության նվիրական նպատակների իրականացման»։

Տեսանյութեր

Լրահոս