«Ունե՞նք վերահսկողական մեխանիզմներ, որ տեխնիկական կանեփի աճեցումը ենթադրյալ ռիսկերի տեղիք չտա». պատգամավորը՝ նախարարին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց. «Մենք ունե՞նք բավարար վերահսկողական մեխանիզմներ, որ տեխնիկական կանեփի աճեցումը ենթադրյալ ռիսկերի տեղիք չտա»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ նախ նշեց, որ տեխնիկական կանեփն իր մեջ ունեցած նյութի քանակով որևէ կապ չունի բժշկական համ անհատական օգտագործման կանեփի հետ, և հենց այդ ամենը հաշվի առնելով՝ հենց Առողջապահության նախարարության լիցենզավորման համակարգն է ընտրվել՝ որպես առավել խիստ ֆիլտր այդ գործունեությունը թույլատրելու համար:
«Առողջապահության նախարարությունն է լիցենզավորում այդ կազմակերպություններին, որպեսզի մենք վստահ լինենք, որ այն լիցենզիան, որ տրվում է, և այն գործունեությունը, որ իրականացվում է, իրականացվում է միայն տեխնիկական կանեփի արտադրության համար:
Ուզում եմ նշել, որ հստակ կերպով այս տարանջատումները նախորդիվ էլ օրենսդրական մեր կարգավորումներում արտահայտված են, և դրանից որևէ հեշտացման կամ աստիճանի նվազման հարց չի քննարկվել Ազգային ժողովի նախորդ նիստում: Դա վերաբերում էր միայն մի շարք տեխնիկական, բիզնես պլան և այլ տնտեսական չափորոշիչների հեշտացմանը, և Կառավարության քաղաքականությունն այս մասով որևէ կերպ չի փոխվել: Ինչպես նշեցի՝ ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեներգործության նյութերի շրջանառությունը բավական խիստ կարգավորված է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում