Կորոնավիրուսի դեմ պատվաստվածները երեխա ունեցե՞լ են. Գեղամ Նազարյանը՝ Անահիտ Ավանեսյանին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախարարությունը ստեղծե՞լ է մասնագետների խումբ, որոնք լրջորեն ուսումնասիրեն և Հայաստանի անվտանգությունից ելնելով՝ պատասխանեն մի քանի հարցի, այդ թվում՝ ի՞նչ է, ի վերջո, COVID-ը, արհեստածի՞ն էր, թե՞ ոչ.
«Ուսումնասիրե՞լ եք արդյոք այն միջոցները, որոնք իրականացվում էին, այդ թվում՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում: Ի վերջո, ուզում եմ հստակ ասեք՝ պետությունը քովիդի բուժման համար հիվանդանոցում որքա՞ն գումար է հատկացրել: Ես գիտեմ, որ 1 հոգու համար առաջին և երկրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքներին տրվել է 640.000 դրամ, իսկ երրորդ մակարդակի՝ 840.000 դրամ, սա՝ 1 հոգու համար: Հիմա ես ուզում եմ իմանալ՝ քանի՞ մարդ է գնացել հիվանդանոց, և պետությունը որքա՞ն գումար է հատկացրել այդ բուժման համար, և, ի վերջո, Հայաստանում քանի՞ մարդ է մահացել քովիդից և քանի՞ մարդ է պատվաստվել, և այդ պատվաստանյութերը մեզ դոտացիա է տրվել ԱՀԿ-ի՞ կողմից, թե՞ Հայաստանն իր բյուջեի հաշվին է վճարել»:
Ավանեսյանը պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցերին, ասաց, որ գնահատական տալու համար, իհարկե, ցավոտ, բայց խոսուն ցուցիչներից են մահվան դեպքերը.
«Դրանք մշտապես թափանցիկ կերպով հասանելի են եղել, մենք ժամանակին օրական կտրվածքով էինք ներկայացնում տվյալները, դրանից հետո՝ շաբաթական, ամսական, այս պահին էլ մշտապես մենք այդ տեղեկությունը թափանցիկ կերպով տրամադրում ենք: Հայաստանում մահացությունը 8700-ի շրջանակներում է, այս պահին անգիր չեմ հիշի թիվը, բայց այդ թիվը պետք է համեմատել մեզ հետ համադրելի այլ երկրների հետ…
Պատվաստումների մասով: Հայաստանի Հանրապետությունն առաջին օրվանից աշխատել է, որպեսզի ապահովի մեր երկիրը հնարավորինս տարբեր տեսակի պատվաստանյութերով: Մենք արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինեն և՛ եվրոպական, և՛ ռուսական, և՛ այլ երկրների առկա բոլոր պատվաստանյութերը»:
Գեղամ Նազարյանն Առողջապահության նախարարից նաև հետաքրքրվեց, թե արդյոք ուսումնասիրություններ իրականացվե՞լ են պատվաստված քաղաքացիների շրջանում.
«Ստուգե՞լ եք՝ ոնց են իրենք, պատվաստվածները հետո երեխա ունեցե՞լ են, թե՞ ոչ»:
«Շատ շահարկվող կեղծ եզրույթները, որ դրանք ազդել են մարդու առողջության վրա, իրականացվել են հարյուր-հազարավոր կանանց ներգրավվածությամբ գիտական ամփոփումներ, և այդ հարյուր-հազարավոր կանանց տվյալները ցույց են տվել, որ պատվաստանյութերը որևէ ձև չե՛ն ազդել վերարտադրողական առողջության վրա, այլ հակառակը: Կան նաև ուսումնասիրություններ, թե ինչպիսի վնաս է հասցրել COVID-19 հիվանդությունը՝ ոչ միայն վերարտադրողական, այլև՝ սրտանոթային և շատ այլ խնդիրներին:
ՀՀ-ն պատվաստանյութեր և՛ ձեռք է բերել, և՛ ստացել է մեծաթիվ նվիրատվություններ»,- ասաց Ավանեսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում