«Թուրքիան Արցախի ժողովրդի դեմ իր հարձակումները շարունակում է ուրիշ մեթոդով». Դեմիր Սյոնմեզ

Ermenihaber.am-ի զրուցակիցն է քաղաքական հայացքների համար 1990թ. Թուրքիայից արտաքսված և Շվեյցարիայում հաստատված ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան հայ-քրդական ծագմամբ Դեմիր Սյոնմեզը:

Ո՞վ է նա

Դեմիր Սյոնմեզը ծնվել է Էրզրումում: Որպես քաղբանտարկյալ մի քանի անգամ ազատազրկվել է: Բանտից դուրս գալուց հետո` 1986-1990թթ. ուսանել է Անատոլիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 1994. մի խումբ ընկերների հետ հիմնել է «Ժնևի մշակույթի տունը»:  Սյոնմեզը շվեյցարական ամենահայտնի թերթերից մեկում`«Tribune de Geneve»-ում, հրապարակել է շուրջ 1500 հոդված: Անդամակցում է «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների միջազգային դաշնություն», «Եվրոպայի մամուլի դաշնություն», «Շվեյցարիայի մամուլի արհմիություն» կազմակերպություններին:

Դեմիր Սյոնմեզը «Photography Geneva» կայքում տեղադրում է իր հեղինակային լուսանկարները, ինչպես նաև վարում բլոգ։ Նա Ermenihaber.am–ին է տրամադրել արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ իր «Վիրավոր արծիվ» գրքի շապիկի լուսանկարը։

Դեմիր Սյոնմեզը պատերազմի օրերին այն քիչ լրագրողներից է եղել, ով գտնվել է Արցախում, իսկ պատերազմից հետո առաջինն է եղել Շվեյցարիայում, որ հրատարակել է 44-օրյա պատերազմի մաս գիրք ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։ Ավելի ուշ արդեն Հայաստանում հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը։ Գրքում տեղ գտած 4 լուսանկար 3 ամիս շարունակ ցուցադրվել է Շվեյցարիայի ազգային թանգարանում։

Հարգելի՛ Դեմիր Սյոնմեզ, ինչպես եք գնահատում 2021-ից սկիզբ առած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մոտ ժամանակներս կոնկրետ արդյունքներ սպասո՞ւմ եք:

–Երկրների միջև հարաբերությունների կարգավորման ժամանակ անհրաժեշտ է նայել երկրների համակարգերին: Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես բոլորս գիտենք, ցեղասպանությունների, հերքումների, մեկ ազգ, մեկ պետություն և մեկ հայրենիք փիլիսոփայության վրա է կառուցված: Նորմալ հարաբերություններ սպասել մի երկրից, որի հիմքերը ճիշտ չեն դրվել, արդեն իսկ հավանական լինել չի կարող: Մի երկրից, որը ժողովրդավար չէ, տարբեր ինքնությունների, տարբեր հավատքների, ամեն տեսակ կյանքի և կարծիքի նկատմամբ հարգանք չի տածում, սպասել, որ այլ երկրների և ժողովուրդների հետ խաղաղության մեջ կլինի ու նորմալ հարաբերություններ կզարգացնի, տվյալ երկրի էությանը հակառակ է:

Կարճ ասած՝ մի երկիր, որը չի կարողանում իր ժողովրդի հետ խաղաղության մեջ ապրել, կարո՞ղ է այլ երկրների, ժողովուրդների հետ խաղաղության մեջ լինել և բնականոն հարաբերություններ զարգացնել: Իր հիմնադրման 100-րդ տարին դիմավորող թուրքական պետությունը 100 տարվա ընթացքում հակադեմոկրատական և ռազմաֆաշիստական բռնապետություններով է ղեկավարվել: Սրա վրա հիմնվելով` չեմ կարող ասել, թե սպասում եմ կոնկետ դրական զարգացումներ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:

Անշուշտ, երկրների միջև հարաբերությունները որոշակիացնող մի քանի գործոններ կան՝ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, համաշխարհային և տարածաշրջանային հավասարակշռություններ և պատմական հարաբերություններ: Որոշ գործընթացներում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը հենց վերևում նշածս պատճառներով են օրակարգ մտնում և շատ արագ դուրս գալիս: Այս հանդիպումները կարող ենք գնահատել որպես միջազգային դիվանագիտական տակտիկաներ: Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ 100 տարվա կրկնությունից բացի այս գործընթացում այլ իմաստ չկա:

2020-ի պատերազմից հետո էլ ադրբեջանական կողմը կրկին հարձակվել է, մի շարք պատերազմական հանցանքներ գործել, այդ թվում գերեվարած հայ զինվորների սպանություններ և այլն: Ամիսներ շարունակ փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Իսկ Թուրքիան պաշտոնապես իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին Լաչինի միջանցքի փակման թեմայի վերաբերյալ: Ձեր կարծիքով Թուրքիայի այս պահվածքը չի վնասում վերոհիշյալ կարգավորմանղ գործընթացին:

–Ինչպես արդեն նշեցի, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արված որոշ քայլեր գնահատվել են որպես դիվանագիտական տակտիկա: Ինչպես Դուք նշեցիք, 2020-ի արցախյան պատերազմից հետո է սկսվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը: Քանի դեռ պատերազմի վերքերը չեն լավացել, Թուրքիայի արած այս քայլը որքանո՞վ կարող է իրական լինել: Թուրքիան այս պատերազմում այն կողմերից մեկն էր, որը հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանական ծրագիր իրականացնելու համար պատերազմի հրամանատարական կետերում և՛ մարտադաշտում ռազմական բոլոր հնարավորություններով պատերազմել է: Հայ ժողովուրդը 44 օր շարունակ ոչ միայն կռվել է ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ ռազմական ուժի դեմ, այլև Թուրքիայի Հանրապետության կողմից սնվող ջիհադիստների, Իսրայելի զարգացած ռազմական տեխնոլոգիայի դեմ։ Եվ փաստորեն ողջ աշխարհի անձայն և անարձագանք հայացքների ներքո հազարավոր հայ երիտասարդներ սպանվեցին։ Երբ Արցախի հողերը բռնազավթվում էին, տասնյակ հազարավոր հայեր իրենց հողերը ստիպված եղան լքել: Իսկ Թուրքիան ամեն առիթով Լեռնային Ղարաբաղի (Արցախ) պատերազմը հայտարարում է իբրև իր հաղթանակ: Բացեիբաց հայտնում են, որ պատերազմող կողմերից մեկն իրենք են եղել: Իսկ Ադրբեջանի նախագահ բռնապետ Ալիևն այս պատերազմի տնտեսական գինը թուրքական պետությանը, Էրդողանին վճարել է և շարունակում է վճարել նավթի ու գազի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարներով:

Թուրքիան, արցախյան պատերազմում կողմ լինելու համար միջազգային հանրության կողմից վատ արձագանքի հանդիպելով,  ստիպված եղավ դիմել, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման տակտիկային, որպեսզի կարողանա ապագայում ձևավորվելիք դիվանագիտական արձագանքներին պատրաստ լինել: Թուրքիան, այսպես կոչված, կարգավորման քայլերն անելիս մյուս կողմից Արցախի ժողովրդի դեմ իր հարձակումները շարունակում է ուրիշ մեթոդով: Ահա 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից սկսած էլ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից Էրդողանի, Պուտինի և Ալիևի ծրագիրն է: Ամիսներով հազարավոր արցախցի հայերի ողջ կապն աշխարհի հետ կտրելով՝ ցանկանում են նրանց կամքը կոտրել: Իսկ հիմնական նպատակն Արցախի բռնազավթումն է, ավելի ուշ նաև Հայաստանին ուղղված նոր հարձակման ծրագրերի իրականացումը:

Այս նոր հարձակման ծրագրում թիրախը միայն Արցախն ու Հայաստանը չեն, ողջ տարածաշրջանում նոր և ավելի համապարփակ պատերազմի պլաններն են օրակարգում: Ալիևի, Էրդողանի, Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախում Իրանին ուղղված պատերազմի պլաններն են օրակարգում: Հատկապես վերջին օրերին Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքների և Իրանի սահմանի ուղղությամբ ռազմական ակտիվությունն այս նպատակով է:  Իրանի վերջին զարգացումները, Իրանում ապրող 20-20 մլն ազերի բնակչությունը, Իսրայել-ԱՄՆ-Իրան դիվանագիտական հարաբերությունները և հատկապես վերջին շրջանում Իրանի ռեժիմի դեմ միջազգային հանրության մոտ ձևավորված արձագանքների նմանօրինակ զարգացումներն էլ ցույց են տալիս, որ Ալիևի ու Էրդողանի բռնապետական ռեժիմների ապագան կախված է մի այսպիսի պատերազմից:

Հույս ունեմ, որ այսպիսի արկածախնդրություն թույլ չի տրվի: Ամփոփելու եթե լինենք, ապա Արցախին և Հայաստանին ուղղված բոլոր հարձակումների պատասխանատուն գլխավորապես Ռուսաստանն ու Թուրքիան են։ Եթե նրանք չաջակցեն ու չհաստատեն, ապա Ադրբեջանը երբեք ոչ մի հարձակում չի իրականացնի։

Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի ի հայտ բերած էներգետիկ ճգնաժամն այսօր այս ուժերին միավորել է՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա։ Ադրբեջանի խողովակներով և Թուրքիայի տարածքով ռուսական նավթի ու գազի վաճառքը Եվրոպային ունի ռազմավարական կարևորություն։ Պուտինի, Էրդողանի ու Ալիևի կենսական երակները «միմյանց կապված են»։ Այդ երակներից մեկի վնասումը ողջ հավասարակշռությունը տակնուվրա կարող է անել։ Միևնույն ժամանակ ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինային, թուրքական արտադրության ԱԹՍ-ների և հարվածային ԱԹՍ-ների վաճառքն ուկրաինական բանակին ապացուցում են, թե որքան դժվար և հակասություններով լի են այդ հարաբերությունները։

Այս կարգավորման գործընթացի արդյունքում սպասվում է, որ երկու երկրների սահմանները կբացվեն։ Կառավարությունները որքան էլ պատրաստ լինեն, Ձեր կարծիքով հայ և թուրք ժողովուրդներն այս պահին պատրա՞ստ են կարգավորմանը։

–Այստեղ հիմնականն ու որոշիչը թուրքական պետական համակարգի պատրաստ լինելն է։ Իհարկե, կառավարությունները մի շարք քայլեր կարող են անել, սակայն դրանք էական չեն։ Պետական համակարգում արմատական փոփոխությունների կարիք կա։  Թուրքական պետությունն ունի «խորքային ուղեղ», կամ նրան կարող ենք ասել նաև «խորքային պետություն», և այդ «խորքային ուղեղի» պաշտոնական գաղափարախոսությունն ընդունող թուրք ժողովուրդը կարգավորումը միայն կընդունի այդ իդեոլոգիայի ցույց տված ձևով։ Եթե կարգավորում ասելով նկատի ունեք միայն սահմանի բացումը, առևտրի զարգացումը և փոխադարձ դիվանագիտական   հարաբերությունները, ապա երկու կողմում էլ, ըստ իս, մեծ արձագանքներ չեն լինի։

Մոտենում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ 20 տարի առաջ Թուրքիայում իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) կառավարման առաջին տարիներին, թեկուզ քիչ, բայց ականատես եղանք, որ Հայոց ցեղասպանության մասին չխոսելու տաբուն կոտրվեց։ Ձեր կարծիքով այս 20 տարում Թուրքիայում հանրային ընկալման մեջ այս թեմայի վերաբերյալ մոտեցման փոփոխություններ եղե՞լ են, և Հայոց ցեղասպանության մասին թուրք ժողովրդի մեծամասնությունն ի՞նչ է մտածում։

–ԱԶԿ նախագահ, երկրի նախագահ Էրդողանը մի անգամ հեռուստաեթերում բառացիորեն ասել է․ «Ինձ ավելի վատ բաներ ասողներ էլ են եղել։ Կներեք, բայց հայ են ասել»։ Ահա՛, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում հանրային ընկալման ամենաակնբախ սահմանումը։ Այս ելույթը եղել է 2014-ի օգոստոսի 6-ին։ Մինչ օրս ականատես եղե՞լ եք, որ Էրդողանն այդ հայտարարությունից հետո ներողություն խնդրի հայ ժողովրդից։ Հայոց ցեղասպանությունն ընդունելը թուրք ժողովրդի և պետության հավերժական հարցն է։ Այն, որ արցախյան պատերազմում Թուրքիան պատերազմող կողմ էր, դրա հիմնական թիրախներից մեկը թուրք ազգայնականների պանթյուրքիստական և թուրանական երազանքի իրականացման ճանապարհին հայկական տարածքներ բռնազավթելն էր։

Մայիսի 14-ին Թուրքիան մեծ ընտրության է գնում։ Թուրքիայում հավանական իշխանափոխությունն ինչպե՞ս կազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա։

–Ընտրությունների անցկացումը մի փոքր կախված է Թուրքիայի սոցիալ-քաղաքական և տնտեսական մթնոլորտից, վերևում նշածս տարածաշրջանային և միջազգային զարգացումներից։ Էրդողանի քաղաքական ապագան կախված է այս ընտրություններից։ 20 տարի բռնապետական ռեժիմի տակ ճգնած միլիոնավոր ընտրողներ պահանջում են, որ Էրդողանը հեռանա իշխանությունից և իր՝ մարդկության դեմ կատարած հանցանքների համար միջազգային դատարաններում դատապարտվի։ Այս իրողությունները տեսնելով՝ Էրդողանն ու նրա հանցակից Ալիևը կարող են ամեն տեսակ խելահեղություններ անել։

Թուրքիայում հավանական իշխանափոխությունը, բնականաբար, կարող է մի շարք զարգացումներ ստեղծել։ Նոր կառավարությունը կարող է կանգնեցնել Հայաստանին ուղղված հարձակվողական քաղաքականությունը և բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ քայլեր անել։ Չպետք է մոռանալ, որ նոր ստեղծվող կառավարությունը կոալիցիոն կառավարություն է լինելու։ Կարծում եմ, որ նոր կառավարությունում ամենամեծ ներդրումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման գործում լինելու է «Ժողովուրդների դեմոկրատական» և ձախ կուսակցություններից կողմից։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել  խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումն ունի սկզբունքային կարևորություն հետևյալ նպատակների համար.

1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։

2.Ներկայացնել մեր լսարանին Թուրքիայիում հակահայկական տրամադրությունների դինամիկան։

3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։

4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։

Տեսանյութեր

Լրահոս