ՀՀ ԱԳ նախարարության դիվանագիտական դպրոցը հայտարարում է ընդունելության մրցույթ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2023-24 թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դիվանագիտության դպրոցի տարածած հաղորդագրությունից, ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում և չեն տառապում ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որևէ հիվանդությունով:
Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Լեզուների իմացությունը ստուգվելու է քննության թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերում։ Իր տիրապետած երկրորդ օտար լեզվի մասին դիմորդը նախօրոք նշում է կատարում ընդունելության մրցույթին մասնակցելու դիմում-հայտում։
Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:
Դասընթացը կմեկնարկի 2023թ. սեպտեմբերին և կավարտվի 2024թ. հուլիսին: Ուսումն անվճար է:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ.
Դիմում (լրացվում և հանձնվում է առցանց, տպագրված և ստորագրված տարբերակը դիմորդը հանձնում է անձամբ),
Ինքնակենսագրություն (լրացվում է առցանց դիմումի մեջ, տպագրված և ստորագրված տարբերակը դիմորդը հանձնում է անձամբ),
Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (լրացվում է առցանց դիմումի մեջ, տպագրված և ստորագրված տարբերակը դիմորդը հանձնում է անձամբ),
Երկու լուսանկար (3.5×4.5սմ, անձնագրի ձևաչափին և դիմորդի տարիքին համապատասխան՝ ի լրումն դիմումին կցված նույն ձևաչափի էլեկտրոնային լուսանկարի),
Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը,
Զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը (արական սեռի դիմորդների համար),
Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:
Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ http://www.diplomaticacademy.am/hy/admission/ կամ http://diplomaticschool.am/hy/admission/ հասցեներով:
Դիմում-հայտի պարտադիր դաշտում չներառված տեղեկությունների մասին նշումներն արվում են Այլ տեղեկություններ բաժնում: Այս տեղեկությունները հաստատող փաստաթղթերը ներկայացվում են միայն Դիվանագիտական դպրոցի պահանջով:
Էլեկտրոնային եղանակով դիմումները գրանցած և պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները 2023թ. հունիսի 15-ին կհրավիրվեն գրավոր քննության առաջին փուլին, որը կազմված է ՀՀ Սահմանադրության, հայոց պատմության, համաշխարհային պատմության և աշխարհագրության մասին, ընդհանուր զարգացվածության և տրամաբանության հարցերի վերաբերյալ բազմակի պատասխաններից ընտրությամբ թեստից և ներառում է նաև մասնագիտական տեքստերի թարգմանություն հայերենից անգլերեն և հայերենից դիմորդի նշած երկրորդ օտար լեզու։ Գրավոր քննության առաջին փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության երկրորդ փուլին (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով շարադրություն): Երկրորդ փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Լավագույն դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:
Դիմորդներից ակնկալվում է աշխարհում ընթացող՝ միջազգային հարաբերությունների ոլորտին վերաբերող հիմնական իրադարձությունների մասին տեղեկացվածություն:
Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, հաճախումների, այցերի մասնակցության և պրակտիկայի գնահատականների հետ, հանրագումարային գնահատականի մաս կկազմեն: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:
Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին:
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. ապրիլի 17-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ 1) լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը http://admission.diplomaticacademy.am/ հղումով, ապա 2) ապրիլի 17-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ անձամբ հանձնել փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, ամեն աշխատանքային օր՝ ժ. 10.30-17.30: