Միջադեպը որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ. ՀՀ ԿԳՄՍՆ- ն մտահոգիչ է համարում Ադրբեջանի մարզական գերատեսչությունների կայացրած որոշումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։ Այս մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ.

«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023 թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը»:

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ի երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են կայացրել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք՝ պատճառաբանելով, որ ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել:

Տեսանյութեր

Լրահոս