Տեղ համայնքի արյունալի բախումը՝ ԵՄ դիտորդների առաջին ու տապալված փորձություն
Ապրիլի 11-ին Տեղ համայնքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած արյունալի իրադարձությունները դարձան ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդների առաջին լուրջ «փորձությունը»:
Շուրջ ամիսուկես մեկնարկած ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ընթացքում առաջին անգամն էր, երբ քաղաքական շրջանակները, փորձագիտական հանրությունը և առաջին հերթին հանրությունը հնարավորություն ունեցավ կանխատեսումներից այն կողմ՝ իրականում ականատեսը լինել, թե ինչ դերակատարություն են ունենալու կոնկրետ իրավիճակում ԵՄ դիտորդները, կամ այդ դերակատարության բացակայության դեպքում ինչպիսի արձագանք են տալու և կամ ինչ տվյալներ են փոխանցելու ԵՄ համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին համապատասխան հայտարարություններով և քայլերով հանդես գան, զսպեն և թույլ չտան ադրբեջանական սադրանքներ:
Սակայն իրականում մեկ դրվագով պարզ դարձավ, որ ԵՄ դիտորդներն իրենց պարեկության գրաֆիկը մեկ շաբաթ շուտ տրամադրում են ադրբեջանական կողմին, այսինքն՝ տեղեկացնում նախապես, թե հաջորդ շաբաթ՝ որ օրը, որ ժամին դիտորդները սահմանի որ հատվածում են դիտորդական աշխատանքներ իրականացնելու, ինչն ադրբեջանական կողմի համար անգնահատելի ծառայություն է և Հայաստանի նկատմամբ ուժային սցենարները գործի դնելու համար չափազանց հարմարավետ գործիք:
Իսկ մյուս դրվագով ականատեսը եղանք կոնկրետ իրավիճակի, ժամեր շարունակվող սադրանքի Տեղ համայնքում, որի ականատեսը դիտորդները չդարձան, քանի որ միջադեպի պահին չեն եղել դեպքի վայրում, թեև ապրիլի 11-ի առավոտյան դիտորդություն են իրականացրել Տեղ-Կոռնիձոր գյուղերի տարածքում: Ավելին, ավելի ուշ պարզ դարձավ, որ դիտորդները ՀՀ իշխանություններից են տեղեկացել այս իրավիճակի մասին, իսկ ԵՄ տարածած հաղորդագրությունում չկար որևէ հասցեական անդրադարձ Ադրբեջանին, որը կազմակերպեց այս սադրանքը, որի հետևանքով ՀՀ 4 զինծառայող զոհվեց:
Ի դեպ, 168.am-ը հարցերով դիմել էր ԵՄ-ին, Եվրոպական հանձնաժողովին, անմիջապես ստացել որոշ պատասխաններ համապատասխան բոլոր մամուլի բաժիններից, խոսքը թե ԵՄ խոսնակի, թե ԵՀ Արտաքին հարաբերությունների և անվտանգության ծառայության խոսնակի մասին է:
Սակայն մինչ այս պահը չենք ստացել ոչ պակաս կարևոր հարցի պատասխանը՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ ԵՄ առաքելությունը հրաժարվել է այցելել Տեղ համայնք նույնիսկ հայ զինվորական ուղեկցությամբ:
Կարելի է ենթադրել, որ ԵՄ դիտորդների արդյունավետությունը նույնը կլիներ, եթե նրանք իրենց առաքելությունն իրականացնեին Բրյուսելից, քանի որ, ինչպես նախկինում՝ հղում են անում ոչ թե իրենց արձանագրումներին, ոչ թե տալիս են գնահատականներ, այլ հղում են անում կա՛մ տեղի բնակիչներին, ինչպես առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր հայտնի հարցազրույցում, կա՛մ ՀՀ իշխանություններին:
ՀՀ իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի դեմ տարվող գործընթացների ֆոնին, իհարկե, ԵՄ դիտորդների այս դրվագը չափազանց հետաքրքրական նշանակություն ունի, քանի որ ՀՀ իշխանություններն իրենց դիրքորոշումը մեծամասամբ բացատրում են ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից դժգոհություններով, որ ՀԱՊԿ-ը չի անում հասցեական հայտարարություններ, չի տալիս գնահատականներ Ադրբեջանի գործողություններին, չի ճանաչում իբրև թե ՀՀ սահմանները:
Ինչ խոսք, ՀԱՊԿ-ը, որպես անվտանգային կառույց, ունի էական թերություններ, որոնք խոստովանում են՝ ինչպես ՀԱՊԿ անդամ այլ երկրները, այլև՝ Ռուսաստանը, ինչպես նաև ռուս փորձագետները:
Ռուսաստանի քաղաքականությունը ևս, առավել ևս ներկայումս, ուկրաինական գլոբալ հակամարտության ֆոնին ունի իր բազմաթիվ խնդիրները:
Սակայն այդ ուղղությունից Հայաստանին հասնող քաղաքական ազդակներում իրենց էական ներդրումն ունեն ՀՀ իշխանությունները, ինչը գաղտնիք չէ: Բայց ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները մերժում են ՀԱՊԿ դիտորդներին, սակայն որակապես այլ քաղաքական ազդակներ, հայտարարություններ և գործելակերպ չեն ստանում Եվրոպական միությունից:
Այս դեպքում կարծես ՀՀ իշխանությունների արձագանքը չափավոր ու զուսպ է, առանց մեղադրանքների:
Ապրիլի 12-ին ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵՄ առաքելությունը հնարավորություն ունեցել է, այդ թվում՝ տեխնիկապես արձանագրելու այդ սադրանքները, եթե այո, ապա արդյո՞ք գոյություն ունի այդ արձանագրումների հիման վրա որևէ մեխանիզմ՝ արագ արձագանքման ԵՄ-ի կողմից, ասել էր.
«Այսօր արդեն ԵՄ առաքելության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ։ Իրենք նշել են, որ տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են։ Պարոն Աղաջանյան, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն՝ ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում։ Ոչ, հրապարակային մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»։
Նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարարն ըմբռնումով է մոտենում, որ ԵՄ դիտորդները զեկուցման իրենց մեխանիզմն ունեն, ԵՄ-ն իր արձագանքման մեխանիզմն ունի, իսկ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեպքում ՀՀ իշխանությունները ցուցաբերում են անհասկանալի անհանդուրժողականություն:
Արձանագրենք նաև, որ Արարատ Միրզոյանը և իշխանության որևէ ներկայացուցիչ չի նշում, որ ԵՄ-ից ակնկալում են այս կամ այն քայլը, ինչը նման իրավիճակներում անում են ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեպքում: Եվ սա լիովին տապալում է ՀՀ իշխանությունների արևմտյան և արևմտամետ քարոզչությունը:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նախ անդրադարձավ հարցին, թե արդյոք նման տեղեկատվությամբ փոխանակվելը բնականո՞ն երևույթ է, ինչի՞ համար է արվում:
Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ նման դեպքերում որոշակի համագործակցության մեխանիզմ դիտորդ կամ խաղաղապահ կողմը փորձում է ապահովել կողմի հետ, որը կարող է խնդիրներ հարուցել իր համար:
Ըստ նրա, այս դեպքում Ադրբեջանը, որը հանդես է գալիս ուժի դիրքերից, դեմ էր ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում, դեմ էր նաև ԵՄ դիտորդներին: Ուստի, նրա խոսքով, առաջին հերթին սեփական անվտանգային նկատառումներից ելնելով՝ ամենայն հավանականությամբ մշակվել է մեխանիզմ՝ փոխանցելու պարեկության ժամանակացույցն Ադրբեջանին:
«Բնականաբար, Ադրբեջանը, որը դեռ կառչած է ուժով հարցեր լուծելուն, փնտրում է ձևեր ուժի գործադրման և հայկական կողմի համար խնդիրներ ստեղծելու համար, ինչպես արեց Լաչինի միջանցքով՝ օգտագործելով ռուս խաղաղապահների խոցելիությունը, և ներկայումս գտել է որոշակի ձև նաև Հայաստանի դեպքում:
Կարծում եմ՝ ԵՄ անհապաղ ու կոշտ գնահատականը որոշակի զսպող դերակատարություն կարող էր ունենալ: Բայց ես ի սկզբանե ասել եմ, որ ԵՄ դիտորդները Հայաստանում են ոչ թե հայ-ադրբեջանական խաղաղության, Հայաստանին աջակցելու և Ադրբեջանին քննադատելու, այլ ՌԴ ազդեցությունը ռեգիոնից լիովին դուրս բերելու համար: Մնացյալ դետալները ԵՄ-ին հետաքրքիր չեն, սա աշխարհաքաղաքական գործառույթ և նշանակություն ունեցող առաքելություն է և ոչ թե առաքելություն, որն ուղարկվել է հանուն Հայաստանի Հանրապետության: Սա ի սկզբանե պարզ էր, բայց ՀՀ իշխանություններն են այդպես որոշել, մերժելով ՀԱՊԿ-ին, դիմելով ԵՄ-ին: Վստահաբար, ՀԱՊԿ դիտորդներ այդտեղ չեն տեղակայվելու»,- ասաց նա:
Նրա կանխատեսմամբ, ցավոք, աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ նման միջադեպերը կարող են շարունակական լինել: