«Չպետք է «ուռա՜»-ով բերել ու սկսել աճեցնել, որովհետև դրա հետ կարող են բերել նաև պարազիտներ, հիվանդություններ». Բարդուխ Գաբրիելյան
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում հաստատել է Հայաստանում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը:
Նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024 թվականից՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով:
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ներդնել արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց, և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։
«Կար ժամանակ, որ Հայաստանում իրականացվում էր շուրջ 3000 տոննա խեցգետնի որս, որից 2000 տոննան արտահանվում էր: Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը՝ առավելապես Սևանա լճից, հանգեցրեց խեցգետնի պաշարների կտրուկ նվազմանը: Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ: Այս առումով արդյունավետ կարող է լինել արհետական եղանակով խեցգետնի բուծումը, ինչը կարող է զարկ տալ արդյունագործական խեցգետնաբուծությանը»,- նշել է Նարեկ Տերյանը:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե ունենում ենք արհեստականորեն աճեցված որևէ կենդանի, ապա դա օգուտ է տալիս՝ լինի խեցգետին, թե ձուկ:
«Հիմա հարց է, թե խոսքը ո՞ր խեցգետնի մասին է: Եթե Սևանինն է, ապա դա չեն կարող աճեցնել: Եկամտաբեր չի կարող լինել, որովհետև դանդաղ աճող է, 4-5 տարի պետք է, որ դառնա կոմերցիոն չափերի: Իսկ ավստրալիականը մեկ տարվա մեջ է հասնում մեծ չափերի: Բայց չպետք է «ուռա՜»-ով բերել ու սկսել աճեցնել, որովհետև դրա հետ կարող են բերել նաև պարազիտներ, հիվանդություններ: Դրանք անպայման սանիտարական կարանտին պետք է անցնեն:
Ընդհանրապես, ինչ կենդանի բերվում է, և ուզում են այստեղ աճեցնել, պետք է կարանտինային ինչ-որ ժամանակահատված անցնի, որ հասկանան՝ հիվանդություններ կա՞ն, թե՞ չկան, որպեսզի չտարածվի»,- նշեց Բարդուխ Գաբրիելյանը:
Հավելենք, որ նախագծով առաջարկվում է 2024-2026 թթ․ հանրապետությունում հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։
Նախատեսվում է տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի ՀՀ 2024, 2025 և 2026 թվականների պետական բյուջեից տարեկան հատկացնել 299,0 մլն դրամ։
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ կստանան 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։