«Եթե Սևանը մեզ պետք չէ, թող այնտեղ պոմիդոր և վարունգ աճեցնեն». Բարդուխ Գաբրիելյանը՝ Սևանից հավելյալ ջրառի հետևանքների մասին
Կառավարության որոշմամբ, Սևանից հավելյալ ջրառ կիրականացվի՝ նախորդ 170-ի փոխարեն՝ 240 մլ խմ։
Նախագիծը քննարկվեց ԱԺ-ում, որը թեպետ ընդդիմադիր պատգամավորների կողմից արժանացավ քննադատությունների, այդուհանդերձ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ընդունվեց։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը խոսելով հավելյալ ջրառի հնարավոր վտանգների ու ազդեցության մասին Սևանա լճի վրա, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե որքանո՞վ է այդ որոշումը հիմնավոր, ասաց, որ դրա վերաբերյալ արդեն հայտարարություն տարածել են, բերել բոլոր հիմնավոր պատճառները, որ նման բան անելն անթույլատրելի է։
«Ի տարբերություն այն հիմնավորումների, որտեղ դնում են ոռոգման ջրի հարցը, առանց այլընտրանքային ճանապարհներ փնտրելու, մենք ասել ենք, որ նման հիմնավորում բերելն ամենահեշտ ձևն է՝ Սևանից հավելյալ ջուր վերցնել ու ամեն ծակ ու ծուկը փակել։
Տարիներ շարունակ մենք պնդում էինք, որ պետք է ինչ-որ ձևեր ման գալ։ Ճիշտ է, մենք ասել ենք ու նաև հասկանում ենք, որ գնալով տեղումների քանակը նվազում է, քանի որ տեղի են ունենում գլոբալ եղանակային փոփոխություններ, և դրա դեմ անմիջական պայքար չենք կարող տանել, որովհետև դա մարդուց կախված չէ, սակայն մարդուց կախված է, որ այդ ազդեցությունը նվազեցնի, իսկ նվազեցնելն ինչպե՞ս պետք է անել՝ գտնել այլընտրանքային ջրի աղբյուր։ Այսինքն՝ կառուցել ջրամաբարներ, ջրատարներ և ամենակարևորը՝ այդ ջրային կորուստները վերացնել, որոնք, ջրային մասնագետների պնդմամբ, հասնում են 80 տոկոսի»,- նշեց Բարդուխ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ եթե այս կորուստները գոնե կես չափով վերացնեն, ապա դեֆիցիտը կփակվի, այսինքն՝ կարիք չի լինի Սևանից հավելյալ ջրառի։
Հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը չի առաջնորդվում մասնագետների նշած ճանապարհով, Բարդուխ Գաբրիելյանն արձագանքեց, որ չի կարող պատասխանել՝ հարցի հասցեատերը հենց կառավարությունն է։
«Պետք է քանի-քանի ջրատարներ վերանորոգվեն, բայց մինչև հիմա, ինչպես ասում են՝ սելը նույն տեղում կանգնած է։ Մենք ցույց ենք տալիս ճանապարհն ու ասում՝ պետք է այս ուղղությամբ գնալ, որպեսզի ջրառը քչացնենք, որովհետև այստեղ արդեն կոնֆլիկտ է առաջանում տնտեսության ու բնապահպանության մեջ։ Ստացվում է՝ տնտեսության հաշվին մեր բնապահպանությունն անտեսում ենք, բայց սա միայն բնապահպանական հարց չէ, Սևանը Հայաստանի գոյատևման հիմնական գործոնն է։ Եթե Սևանը չլինի, Հայաստան չի լինի, իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որ Սևանը դարձնենք ճահիճ, որը ոչ մի բանի պետք չի լինի, երբ մենք չենք կարող խոսել քաղցրահամ, առավել ևս՝ խմելու ջրի պոտենցիալի մասին»,- հավելեց Բարդուխ Գաբրիելյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ դիմել են նաև Ջրային կոմիտեին, որպեսզի վերջիններս իրենց տրամադրեն ճշգրտված ու հիմնավորված թվեր, սակայն մինչև այնտեղից տվյալները փոխանցել են, ջրառի վերաբերյալ որոշումն ընդունվել է։
«Ես չեմ հասկանում, թե ինչի՞ համար է օրենքով սահմանված մեր հանձնաժողովը, որն օրենքով պետք է փորձաքննություն անցկացնի և Կառավարությանը տա իր կարծիքը, որը պետք է հիմք ընդունի և՛ Կառավարությունը, և՛ ԱԺ-ն, բայց, ցավոք, Կառավարությունն առանց ոչ մի բանի՝ որոշում է կայացնում ու ուղարկում է ԱԺ, խորհրդարանն էլ դա հաշվի չի առնում, որովհետև մենք տալիս ենք բացասական կարծիք, բայց իրենք էլի իրենցն անում են։ Իրենք ավելի լա՞վ փորձագետներ ունեն, իրենց փորձագետները եկել էին, չկարողացան մեր հարցադրումներին պատասխանեն, ստացվում է՝ իրենք կամավոր որոշումներ են ընդունում, առանց հիմնավորման ու առանց մեր փորձագետների հետ քննարկման»,- ընդգծեց նա։
Վերջին 10 տարիներին Սևանից մշտապես ջուր են բաց թողնում, մանավանդ այն պարագայում, որ հիմա Սևանը շատ վատ վիճակում է գտնվում, քանի որ ջրի մակարդակի բարձրացումն ու նվազումը շատ վատ են ազդում։ Ավելին՝ խախտվում է օրենքով նախատեսված դրական բալանսը։ Այսինքն՝ պետք է ջրի մակարդակն ամեն տարի բարձրանա, սակայն վերջին երեք տարիներին կա նախադեպ, որ ջրի մակարդակը նվազում է։
«Ջրի մակարդակի ամեն նվազումը բերում է նրան, որ էկոհամակարգը խախտվում է, ջրի որակն է ընկնում, կենսաբազմազանությունն է տուժում։ Հիմա պետք է որոշենք, եթե Սևանը մեզ պետք չէ, ապա այնտեղ թող պոմիդոր և վարունգ աճեցնեն, բայց վաղը-մյուս օրը Սևանը չլինի, դա էլ չեն աճեցնի։ Փոխանակ այդ գումարները հրատապ ուղարկեն կորուստները վերացնելու, ջրամբարներ կառուցելու ու վերանորոգելու գործին, որևէ քայլ չեն անում։ Չգիտեմ, գուցե մի քանի կիլոմետր վերանորոգել են «պտիչկայի» համար, բայց դա օգուտ չի տվել, պետք է այդ հարցով լուրջ զբաղվել ու գումարներ տրամադրել։ Սա՝ մեկ, երկրորդը՝ մեր հաշվարկներով այլ թիվ է ստացվում, Ջրային կոմիտեի հաշվարկներով՝ այլ։ Երբ ասում ենք՝ վերհաշվարկ արեք, իրենք այդ վերահաշվարկն ուշացումով ներկայացրել են, չենք էլ հասցրել նայել, քանի որ ԱԺ-ն այդ նախագիծն ընդունել է»,- եզրափակեց Բարդուխ Գաբրիելյանը։